Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ի հայցից այլ փաստաբանական ընկերություն կպաշտպանի՝ էլի 3 մլն 250 հազար դոլարով

Սեպտեմբեր 04,2025 14:49

Այսօր կայացած նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց փոխել Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու փաստաբանական ընկերությանը։

Այսօրվա որոշմամբ կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։

Հիշեցնենք, ավելի վաղ կառավարությունը որոշել էր 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը այս գործընթացում ներգրավելու նպատակով։

Կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ ասվում է․ «Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երեւան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»։

Իսկ «Folеy Hoag LLP» ընկերության ընտրությունն, ըստ որոշման հիմնավորումների, պայմանավորված է նրանով, որ ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։

««Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։ Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,-ասվում է կառավարության որոշման մեջ՝ հավելելով, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից։ Որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ․ օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930