Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է ոսկու ներմուծման ու վերաարտահանման տեմպերի դանդաղմամբ։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման տնտեսական թիմի ղեկավար, տնտեսագետ, ֆինանսիստ Աշոտ Ֆարսյանը (լուսանկարում)։
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները շարունակում են նվազել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր հայտարարել է, որ 2025 թվականի արդյունքներով՝ հայ-ռուսական երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կարող են կազմել մոտ 6 մլրդ դոլար՝ 2024 թվականի 12․4 մլրդ-ի համեմատ։
Աշոտ Ֆարսյանի խոսքով՝ եթե 2024 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 6 մլրդ դոլարի ոսկի, որից մոտ 5․6 մլրդ դոլարի ոսկին դուրս է եկել երկրից, ապա 2025 թվականին այդ ցուցանիշն իջել է մոտ 1 մլրդ-ի սահմաններում․ 1 մլրդ-ից մի քիչ պակաս ներմուծվել է, 1 մլրդ-ից մի քիչ ավելի Հայաստանից արտահանվել է։ «2024-2025 թվականների առեւտրաշրջանառության ծավալների հիմնական տարբերությունը բխել է այս հանգամանքից։ Բայց միայն ոսկին ինքն իրենով տնտեսության վրա մեծ դրական ազդեցություն այն ժամանակ էլ չուներ, հիմա էլ երեւի թե չի ունենա։ Այսինքն՝ ոչ այդ ոսկին վերաարտահանելն էր մեզ օգուտ, ոչ էլ ներմուծման ծավալների նվազումն է մեզ վնաս»,- ասաց նա։
Աշոտ Ֆարսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության հիմնական ծավալները հիմա պայմանավորված են վերաարտահանման գործոնով։ Այսինքն՝ Հայաստանը հիմա Ռուսաստանի համար դարձել է ելքի հնարավորություն դեպի արտաքին աշխարհ։
Կարդացեք նաև
«Մեր միջոցով Ռուսաստանը կարողանում է առեւտուր անել եւ օգտվել արտաքին աշխարհի հետ առեւտուր անելու հնարավորությունից։ Սակայն հիմնական խնդիրը, որը կարող է ծագել մեզ համար, դա ծառայությունների ոլորտում է, եթե այնտեղ մենք անկում ունենք, կարող ենք խնդիրներ ունենալ։ Եթե ապրանքների դեպքում մենք ապրանք ենք ներմուծում ու վաճառում Ռուսաստան, իհարկե, որոշակի հավելյալ եկամուտ մնում է մեզ մոտ, բայց ծառայությունների դեպքում դա այդպես չէ։ Ծառայությունների դեպքում այդ անկումը կարող է շատ ավելի մեծ լինել, խոսքը հիմնականում բանկային ծառայությունների մասին է։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, չկա ոչ մի տրամաբանություն, թե ինչու պետք է ռուս բիզնեսմենը Հայաստանի միջոցով հարաբերվի աշխարհի հետ եւ Հայաստանի միջոցով գործարքներ կնքի աշխարհի հետ։ Միանշանակ անկում կարող է լինել, թե ինչքան, այս պահին դժվար է ասել»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ