ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։
«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոստոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։
Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելուց հետո Ջալալ Հարությունյանի պաշտպանը դեռևս նոր բողոք չի ներկայացրել։ Աշոտ Ապրեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս Վճռաբեկ դատարանի որոշումը չի ստացել, այն ստանալուց 10-օրյա ժամկետում կներկայացնի բողոքը։ Այլ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ վճռաբեկ բողոքում դրվել է այն հանգամանքը, որ գործով ընդդատություն է խախտվել. ըստ պաշտպանի՝ գործի քննությունն ի սկզբանե ընդդատյա էր ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, այլ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։