Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու գործ, երկու Հատուկ կարծիք մեկ դատավորի կողմից

Սեպտեմբեր 05,2025 13:00

Սեպտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է 2024 թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Գործի քննության առիթը կառավարության՝ 2025 թ. հուլիսի 11-ին ՍԴ մուտքագրված դիմումն էր: Կառավարության ներկայացուցիչն էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, զեկուցողը` ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության միջեւ: 2025 թ. ապրիլի 17-ի դրությամբ համաձայնագիրն ստորագրած կողմերից Ռուսաստանը եւ Ղրղըզստանն ավարտել են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Նույն ամսաթվի դրությամբ Համաձայնագիրը դեռեւս ուժի մեջ չի մտել:

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները եւ եզրաչափերը, իսկ եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Համաձայնագրով Հայաստանը ստանձնում է, մասնավորապես, ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ավտոմոբիլային ճանապարհներով ոչ խտրական հիմքով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակելու կամ դադարեցնելու մասին որոշումներ ընդունելու դեպքում ձեռնարկել ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհի կազմակերպման միջոցով, ինչպես նաեւ տեղեկացնել ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին՝ տրանսպորտային միջոցների երթեւեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման ժամկետների եւ շրջանցիկ ճանապարհից օգտվելու հնարավորության մասին: Հայաստանը ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ կատարելիս ձգտելու է, որ տրանսպորտային միջոցների եզրաչափերը, զանգվածները եւ տրանսպորտային միջոցների սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող զանգվածները չգերազանցեն Համաձայնագրով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքները…

Այն համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը:

Նիստը նախագահողը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը ներկայացնելու է Հատուկ կարծիք:

Դատավորը նույն օրը երկրորդ Հատուկ կարծիքն է հայտնել նույն օրը գրավոր ընթացակարգով քննված մեկ այլ գործով էլ. «2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով: Ի դեպ, այդ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված՝ Հանձնաժողովի որոշումները եւ (կամ) Հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին գործերը քննելու կարգը եւ առանձնահատկությունները որոշվում են Միության դատարանի ստատուտով, կանոնակարգով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930