Օրերս ժողովուրդն իր բոլոր հատվածներով լսեց ու տեսավ, որ ոմանց համար «պաշտելի» Նիկոլը, իբրեւ համաշխարհայի՜ն մակարդակի գործիչ, նույնքան եւ ավելի ատում է նաեւ օտարերկրյա պետական գործիչներին, բացառությամբ թուրք եւ ազերի գործիչներին, եթե նրանք խոսում եւ քննադատում են իրեն: Անձեռնմխելի են, ինչպես ասվեց, բացառաբար թուրքերն ու ազերիները, որոնք կարող են Նիկոլին ծաղրել ու վարկաբեկել որքան ուզեն: Այս կողմից ծպտուն չկա:
Նախկինության խարան կրողը այս անգամ Մ. Նահանգների նախկին նախագահի ավագ խորհրդական Ռոբերտ Չարլզ Օ Բրայանն է, որն օրերս համարձակվել է,- ի՜նչ անպատկառություն,- քննադատել Անքննադատելիին, եւ անհեռանկար համարել Թրամփ-Ալիեւ-Նիկոլ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ստորագրված հուշագիրը, այսպես կոչված Թրամփյան միզանցք, (ներողություն՝ պիտի գրեի՝ միջանցք) բացելու ծրագիրը, ինչը, այդ «նախկինի» կարծիքով, Մ. Նահանգներին ներքաշելու է անիմաստ, նրան չհետաքրքրող կոնֆլիկտի մեջ, առանց խաղաղություն բերելու տարածաշրջան:
Պատկերացնո՞ւմ եք. նախկին մի պաշտոնյա, թեկուզ բարձրաստիճան, թեկուզ ամերիկացի, հանդգնի քննադատել, չընդունել մի «դարակազմիկ» (Նիկոլի սիրած բառն է) նախաձեռնություն, որը, թվում է Նիկոլին, Ամերիկայի մեծագույն նվաճումն է Նիլ Արմստրոնգի՝ Լուսինը նվաճելուց հետո:
Ու որպեսզի Օ’Բրայանին ուղղված իր պատասխանը հիմնավոր լինի, միաժամանակ նաեւ դուրեկան Դոնալդ Թրամփի համար, որին այնքան երախտապարտ է Նիկոլն իր առաջիկա վերընտրությունը այդպիսով ապահովելու համար, նա իր մեղադրական խոսքը տարածեց նաեւ նախկին նախագահ (նորի՛ց նախկին) Ջո Բայդենի ու նրա վարչակազմի վրա, որի իշխանության օրոք, պնդեց նա, Երեւան-Վաշինգտոն հարաբերությունները ամենացածր աստիճանի (ուրիշ տեսակի է այս տղայի բարոմետրը) վրա, մինչդեռ հիմա…
Կարդացեք նաև
Իմ գործընկեր լրագրողները, մեկուկես ժամ տեւած այդ «ճեպ»ազրույցի ընթացքում, նրանցից գեթ որեւէ մեկը չուզեց կամ չկարողացավ «կառավարությունը ե՛ս եմ» հայտարարողին հարց տալ, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Վաշինգտոնում իր նշանակած դեսպան Լիլիթ Մակունցը նախագահական վերջին ընտրություններում, երբ մեծ էին Թրամփի վերընտրվելու շանսերը, իրեն ճղում էր Դեմոկրատական կուսակցության երկրորդական ու երրորդական գործիչների հետ գործակցել կարողանալու համար, հակառակ հավասարակշռություն պահելու մեր վերլուծաբանների զգուշացումներին:
Իսկական նիկոլական գավառական մոտեցում: Քանի որ նախագահ Թրամփը իրեն, իբր, կարեւորություն է տվել, հրավիրել իր Oval Office, ձեռքը սեղմել, միասին ինչ-որ թուղթ է ստորագրել եւ, սփյուռքահայերի սիրած՝ «պատկեր մը քաշվել» իր հետ, թեկուզ Իլհամի հետ, ուրեմն պետք է առավել քծնել նրան՝ ի հեճուկս նրա ախոյանին, առավել եւս՝ որ նա նախկին է, Բայդեն լինի թե Օ Բրայան կամ ուրիշը:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում