Լրահոս
Օրվա լրահոսը

Թուխ Մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները

Սեպտեմբեր 05,2025 11:30

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է Լուսագյուղը, որը գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա՝ ծովի մակերևույթից մոտ 2000-2020 մետր բարձրության վրա։

Ներկայումս գեղեցիկ ձևավորված փողոցներով գյուղի մոտակայքում կան նաև հնադարյան պատմական հուշարձաններ։ Լուսագյուղը Շահ Աբասի ձեռնարկած բռնագաղթից հետո վերստին բնակեցվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Դիադինից գաղթած 29 հայ ընտանիքով՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին)։

Նույն Դիադինից եկած հայ ընտանիքներից մեկի ժառանգ է մեր պատմության նորօրյա հերոսապատումների մարտիրոս, Մարտական Խաչի 1-ին աստիճանի շքանշանակիր Հեթանոս Գագոն՝ Գագիկ Ստեփանյանը, որը հերոսաբար մարտիրոսվեց Օմարում 1994թ, մարտի 16-ին՝ 27 տարեկան հասակում։

Գյուղի հյուսիսարևելյան կողմում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի օժանդակ բլուրներից մեկի հարավային լանջին է գտնվում Թուխ Մանուկ կամ տեղացիների խոսքով՝ Վերի վանք եկեղեցին։ Անտառազուրկ սարալանջով բարձրացող ոլորապտույտ ճանապարհը տանում է սրբավայր, որը երևում է հեռվից ու կանչում։

Փոքր խմբով էինք, մի պահ բաժանվեցի ընկերներիցս ու միայնակ հասա սրբատուն։ Ուրախալի է, երբ զգում ես՝ կա խնամք սրբատան նկատմամբ։ Երկաթյա ցանցով ցանկապատված է եկեղեցու տարածքը։ Գեղարվեստական ձևավորումով դռնով մտա բակ, որտեղ հնադարյան խաչքարերի և հուշակոթողի հարևանությամբ հիմնականում մերօրյա վարպետների գործեր են տեղադրված։

Իսկ քիչ ավելի վեր բավականին մեծ չափերով խաչ է կանգուն։ Պարզ է՝ մինչ հիմնանորոգումը, եկեղեցին եղել է կիսաքանդ վիճակում․ այդ են վկայում վաղ շրջանի պատերի բեկորները, որ կան տարածքում։

Հայաստանի տարածքում շատ են Թուխ Մանուկ անվամբ եկեղեցի-մատուռները։ Այս սրբավայրերը կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ և համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Վերի վանքն էլ բարձունքին է․ ներքևում աղբյուր կա։

Ըստ հնագետ-ազգագրագետների՝ Թուխ Մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հետագայում քրիստոնյա հոգևորականները, ինչպես Վարդավառը, Տրնդեզը և այլ տոներ, որ մեր նախնիները կատարել են դեռևս նախաքրիստոնեական շրջանում, այնպես էլ Թուխ Մանուկների հավատքը քրիստոնեացրել են։ Թուխ Մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից Մանկանց, Քառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ։

Գրեթե բոլոր Թուխ Մանուկ սրբատներում կան տապանաքարեր կամ խաչքարեր, որոնց վրա ուխտավորները փոքր քարեր են փորձում կպցնել՝ որևէ երազանք պահելուց հետո։ Եթե քարը կպավ, երազանքը կկատարվի։

Լուսագյուղի խաչաձև հիմքով Թուխ Մանուկը կառուցված է 600-ականների սկզբին տարածքում հարուստ սև տուֆի սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Ունի 2 մուտք՝ գլխավորը՝ արևմուտքից և մյուսը՝ հարավից։ Բակում կա քարե ցուցանակ․ «Վերի վանքը վերանորոգվել է 1984-89 թվականներին՝ Մաթևոսյան Սմբատի հովանավորությամբ»։

Եկեղեցու մոտակայքում պահպանվել են վաղ շրջանի բնակատեղիի ավերակներ, պատաշարեր։

Լուսագյուղի արևելյան հատվածում՝ գյուղից մոտ 2 կմ հեռու՝ ոչ բարձր դիրքում պահպանվել է Հայոց վաղ շրջանի մեկ այլ սրբավայրի ավերակ։ Մխեի վանք կամ Կարմիր վանք կոչվող եկեղեցին արդեն ունի բազիլիկ հիմք։ Չնայած գրեթե ավերակ՝ ճարտարապետական հորինվածքից զգացվում է՝ կառուցվել է 4-րդ դարում։ Այդ է վկայում Սուրբ Խորանի հարավային կողմի ավանդատան շեմքի քարը, որի վրա նշված ժամանակաշրջանի քանդակ կա։

Խորանում կա վաղ շրջանի պարզունակ քանդակով խաչքար։ Նման քանդակներ տեսել եմ Ծիծեռնավանքում, Աշտարակի Ծիրանավորում, Եղվարդի բազիլիկում և այլ սրբատներում, որոնք 4-6-րդ դարերի կառույցներ են։ Հեռվից երևում է եկեղեցու Սուրբ Խորանի կամարը՝ դիմացը ավերակ պատեր։ Բոլոր պատերն էլ քանդված են, և միայն Սուրբ Խորանի կամարն է մնացել։ Որոշ հատված էլ պահպանվել է Խորանի հարավային պատից, որում նաև փոքր խորշ կա։ Սուրբ Խորանի դեմի կամարի հենասյունները նույնպես որոշակի պահպանվել են։

Մուտքը, որ պահպանվել է, եղել է արևմուտքից, բայց նույն կողմի պատի վերին հատվածը քանդված է։ 1983թ. այստեղ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից մասնակի պեղումներ են կատարվել, որի շնորհիվ բացվել են շինության հիմքերը: Եվ ըստ հետազոտողների և կառուցման ենթադրվող ժամանակաշրջանի՝ Կարմիր վանքը, որ հետագայում կոչվել է Մխեի վանք, պատկանել է Գնթունյաց իշխանական տանը: Ըստ չճշտված աղբյուրների՝ այն առաջին լուրջ վնասները կրել է մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ: Իսկ 1605 թվականի պարսից Շահ Աբաս առաջինի կազմակերպած բռնագաղթի պատճառով դատարկվել է նաև Լուսագյուղը, և սրբավայրը մնալով անտեր՝ պարզ է՝ ավերվել է: 1828-1829 թթ. Դիադինցիները, վերաբնակվելով Լուսագյուղում, սրբավայր են դարձրել նաև Կարմիր վանքը։ Երևի Մխե անունով մի հավատացյալ առաջինն է այցելել կամ տեսել-հայտնաբերել ավերակ սրբատունը, և նրա անունով էլ եկեղեցին կոչել են Մխեի վանք։

Դեռևս այն ժամանակ պահպանված խորանի մի հատվածում գյուղացիները առանձնացրել են մոմավառության տեղ, և այժմ էլ, չնայած ավեր վիճակին, այստեղ պատերի մոտ գտնվող քարերին մոմեր են վառում։ Եկեղեցին գտնվում է անտառապատ լանջերով ձորակում։ Հարավային և արևմտյան կողմերով գետակներ են հոսում։ Ժամանակին եկեղեցու մոտ եղել է ցուցանակ, հուսանք՝ շուտով նորը նույնպես կտեղադրվի։ Իսկ վերականգնում, չգիտեմ․․․

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930