Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները

Սեպտեմբեր 05,2025 13:05

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ ։ Դրանք հետապնդում են.

• Հայաստանի անվտանգության ուժեղացում,
• Ադրբեջանի զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից,
• Հայ գերիների ազատ արձակում,
• Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձ,
• Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն,
• Ադրբեջանին տրամադրվող ամորիկյան ռազմական օգնության դադարեցում,
• ԱՄՆ նախագահի՝ 907-րդ բանաձևի ամենամյա չեղարկման նախագահական իրավասության սահմանափակում,
• Զենքի մատակարարման սահմանափակումներ Թուրքիային։

Մեկնաբանելով ներկայացված նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ադրբեջանը կշարունակի հայ գերիների ապօրինի պահպանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան և Արցախի քրիստոնեական ժառանգության ավերումը այնքան ժամանակ, քանի դեռ նրան պատասխանատվության չեն ենթարկում։ Կոնգրեսը պետք է վճռական քայլ կատարի՝ դադարեցնելով ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը»։

Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային՝ արգելափակելով F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները։

Սենատում Ադամ Շիֆի ներկայացրած փոփոխությունը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի կողմից հայ գերիների կեղծ դատավարությունները, ապահովել բոլոր գերիների և պատանդների ազատումը և կիրառել «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցներ»՝ մարդու իրավունքների խախտումներում ներգրավված ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ։

Այս երկկուսակցական նախաձեռնությունները ձևավորում են ամուր օրենսդրական արձագանք՝ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքներին և ամրապնդում են Հարավային Կովկասում անվտանգային քաղաքականության նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
5 սեպտեմբեր 2025 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930