Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների ծանուցումներ ստանում, եւ մի ստվար զանգված դուրս է մնում այդ զորահավաքային կանչերից»․ ՔՊ-ական պատգամավոր

Սեպտեմբեր 05,2025 12:50

Կառավարությունը փոփոխություն է կատարում Քրեական օրենսգրքում եւ Ռազմական ոստիկանության մասին օրենքում, որի նպատակը վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության խստացումն է։

Հրաչյա Սարգսյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց փոփոխությունները։ Նա ասաց, որ վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսեւորման ձեւերը եւ խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը։ Ինչպես նաեւ ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը․ ոչ միայն հանցագործությունները կանխելիս ու խափանելիս, այլ նաեւ հայտնաբերելիս ու բացահայտելիս իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին քաղաքացիներին զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում։ Ռազմական ոստիկանությանը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է՝ հանրության շրջանում կա դժգոհություն, որ անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների ծանուցումներ ստանում։ Երկրորդ, անընդհատ ծանուցումներ են ստանում այն մարդիկ, ովքեր նոր են բանակից զորացրվել կամ 44-օրյա պատերազմի մասնակից են։ Եվ մի ստվար զանգված դուրս է մնում այդ զորահավաքային կանչերից։

Արմեն Խաչատրյան

Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Դուք 44-օրյա պատերազմը ասացիք, բայց 2020 թվականից արդեն անցել է 5 տարի։ Եվ արդեն հաջորդ տարվանից կներգրավվեն մարդիկ, որոնք մենք 2 կամ երեք տարի առաջ ներգրավել էինք վարժական հավաքների։ Միգուցե իրենց շրջապատում կան մարդիկ, ովքեր չեն գնացել, ըտենց ընկալում կա, որ նրանց չեն կանչում, բայց իրենց երկրորդ անգամ են կանչել։ Դա նաեւ կարող է կապված լինել նրա հետ, որ մարդկանց կանչել ենք եւ ներկայացել են, բուժհետազոտությունն անցել են, բայց իրենց առողջական վիճակը չի թույլատրում, որ իրենք վարժական հավաքներին ներգրավվեն։ Մենք նաեւ հակառակ պատկերն էլ ունենք, որ մարդիկ կային, որ ուզում էին մասնակցել, բայց զինկոմիսարիատում իրենց չէին ներգրավել վարժական հավաքներին քանի որ իրենք մեկ տարի առաջ եղել են։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր լինեն, բայց դրանք եզակի դեպքեր են»։

Փոխնախարարը նաեւ ասաց, որ անցում են կատարելու էլեկտրոնային ծանուցման եղանակին։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ներկայացրեց այն ահազանգերը, որոնք ստացել է վարժական հավաքների մասնակիցներից։

Գեղամ Մանուկյան

«Կան բազմաթիվ ահազանգեր, ես հիշում եմ, որ մի քանի ամիս առաջ ահազանգեցին, որ սկսել են համազգեստի փողը պահել էն վճարից, որը կա։ Կան փաստեր ու դեպքեր, հետո այդ հարցը լուծվեց, բայց դեռ կան բազմաթիվ պրոբլեմներ։ Բառացիորեն մեկ շաբաթ առաջ վարժական հավաքներից նոր վերադարձած քաղաքացիներից մեկը ցույց է տալիս այն զորանոցը, որտեղ իրենք տեղակայված են։ Ուղղակի զորանոց չկար»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930