Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզնից ցանկանում են խլել գենետիկ հիշողությունը. «Հաճըն» հայրենակցական միությունն ահազանգում է

Սեպտեմբեր 05,2025 13:25

Արդեն տևական ժամանակ է՝ չեն հանդարտվում կրքերը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցողի շուրջ. սրտացավ հասարակությունը պարզաբանում է պահանջում, ինչին ի պատասխան՝ պատկան մարմիններից լսում ենք միայն վերանորոգում բառը, որի ներքո անորոշության քողի տակ թաքնված է իսկական վանդալիզմ:

Չցանկանալով տրվել սադրանքներին՝ մենք՝ «Հաճըն» հայրենակցական միության անդամներս, որոշեցինք ինքներս մեր աչքով տեսնել, թե իրականում ինչ է կատարվում հուշահամալիրում:

Այն, ինչ տեսանք, ցավով կարող ենք ասել, որ ամբողջությամբ համապատասխանում է մեր հայրենակիցների արդար վրդովմունքին: Համադրելով մասնագետների խոսքերն ու սեփական աչքերով տեսածը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ այստեղ վերանորոգման անվան տակ իրականացվում է խիստ անբարեխիղճ աշխատանք, եթե ոչ՝ դիտավորություն, որին չէինք ցանկանա հավատալ:

Եվ, այնուամենայնիվ, ոչ միայն որպես հայ, այլև որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ, մեծագույն ցավ ենք ապրում՝ տեսնելով, թե մեր աչքի առջև ինչպես են մեկը մյուսի հետևից ոտնահարվում մեր ազգի արժեքները, և հիմա արդեն հերթը հասել է սրբություն սրբոց Ծիծեռնակաբերդին, որտեղ հայտնվելով՝ տպավորություն ենք ստանում, թե այստեղով թուրքն է անցել, և մեզ հետապնդում է այն միտքը, թե սա նույնպես գին է, որը վճարում ենք հեղհեղուկ ու անորոշ «խաղաղության» դիմաց:

Եվ եթե վերը նշվածն այդպես չէ, ապա ինչու՞ են մասնագետները պնդում, թե լայնամասշտաբ վերանորոգչական աշխատանքների կարիք չկար, կոսմետիկ խնդիրներն էլ լուծման երկար ժամանակ չեն պահանջում, ինչու՞, եթե, ենթադրենք, թե խնդիրներ կային, չկազմավորվեց մասնագիտական խումբ, որը հասարակությանը կներկայացներ համապատասխան անելիքները, ինչու՞ են համալիրի կառույցների բաղկացուցիչ մաս կազմող առանձին քարեր ջարդելով հանվել, ընդ որում՝ այնպես, որ, ըստ մասնագետների, այլևս հնարավոր չէ նույնությամբ վերականգնել, քանի որ ընդհանուր տեսքն արդեն իսկ ամբողջությամբ խաթարվել է, ինչու՞ են սյուները ջարդել, եթե դրանք միանգամայն բարվոք վիճակում էին:

Մեզ հետաքրքրում է նաև, թե ո՛վ է իրականացնում շինարարական աշխատանքները, ի՞նչ կազմակերպություն է, ինչու՞ աշխատանքներում ներգրավված չեն հայտնի ճարտարապետներ, մինչդեռ կարելի էր ընդհանուր խորհուրդ ձևավորել և լսել փորձառու մարդկանց տեսակետը, ինչու՞ են աշխատում օտարազգի շինարարներ և այլն:

Եվ վերջապես՝ այս պահին համալիրն այնպիսի աղետալի տեսք ունի, որ դժվար թե մինչև հաջորդ Ապրիլի 24-ն այնտեղ բարվոք վիճակ ապահովվի, ուստի մեծ է մեր մտավախությունն առ այն, որ նույնիսկ ամիսներ անց, հատկապես հաշվի առնելով շուտով սկսվող անձրևային սեզոնը, շինաշխատանքները հնարավոր չի լինի ավարտին հասցնել մինչև գարուն:

Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ինչպես մեր, այնպես էլ միլիոնավոր հայերի համար՝ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում, հսկայական խորհուրդ պարունակող իսկական սրբավայր է: Ցեղասպանության զոհ դարձած մեր անթաղ նախնիների համար սա շիրմատեղի խորհրդանշող մի վայր է, որտեղ բոլորս գալիս ենք՝ մեծագույն ցավը սրտում անթեղած՝ որպես սփոփանք ունենալով միայն ցավալի հուշերը:

Մենք՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի անմիջական ժառանգներ, հայրենակցական միության անդամներ, պարտավոր ենք եկող սերունդների հոգում միշտ վառ պահել մեր նախնիների, կորուսյալ Հայրենիքի ու մշակույթի պայծառ հիշատակը: Ո՞վ, եթե ոչ հայրենակցական միությունները, պետք է առաջինը բարձրաձայնեն տեղի ունեցող վայրագության մասին:

Վստահաբար, հայրենակցական բոլոր միություններն էլ մեզ հետ համամիտ կլինեն, որ այսօր ականատես ենք լինում այնպիսի տեսարանների, որոնք ոչ միայն պատիվ չեն բերում, այլև ստիպում են մտածել, թե մեզնից ինչ-ինչ ձևերով ցանկանում են խլել մեր ինքնությունը, մոռացության մատնել մեր հազարամյաների պատմությունն ու արժեքները, և արմատախիլ անել ամենակարևորը՝ հիշողությունը, որի շնորհիվ հայ ենք եղել, կանք ու կմնանք հավիտյան:

Ամփոփելով՝ ևս մեկ անգամ ընդգծենք, որ այն, ինչ տեղի է ունենում մեզ համար նվիրական այս վայրում, իսկական սրբապղծություն ու անարգանք է, ուստի պահանջում ենք անհապաղ դադարեցնել կեղծ վերանորոգումը, հնարավորինս շուտ համալիրը վերադարձնել նախկին տեսքին՝ ներգրավելով իրական մասնագետների, ինչպես նաև հարուցել քրեական գործ՝ գտնելու և պատժելու Հայոց ցեղասպանության հուշահամալիրն այս վիճակին հասցնող բոլոր մեղավորներին:

 

Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչության անդամ Հովհաննես Գրիգորյան և Հայաստանի «Հաճըն» ՀՄ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930