Ակնհայտ է, որ Արևմուտքի համար ԵԱՏՄ-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական գործոն է, ոչ թե միայն տնտեսական միավորում եւ Հայաստանի անդամակցությունը նույնպես ունի քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն»,- Երեւանում ընթացող «Հայաստան – ԵԱՏՄ․ միասին առաջ» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը (լուսանկարում)։
«Հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո ԵԱՏՄ-Արևմուտք հարաբերությունները ավելի են սրվել, իսկ Հայաստանը բացահայտ հայտարարում է իր եվրոպական ձգտումների մասին, մինչդեռ Ռուսաստանը շեշտում է, որ երկակի անդամակցություն՝ և ԵԱՏՄ-ին, և Եվրամիությանը, հնարավոր չէ։ Այսպիսով, Հայաստանը սեփական հայտարարություններով ստեղծում է խնդիրներ ինքն իր առջև, և չի բացառվում, որ ԵԱՏՄ երկրները հարց բարձրացնեն Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու համար։ Այսօր փաստացի Արևմուտքն ու Ռուսաստանը դեռ սառը պատերազմի մեջ են, իսկ Ուկրաինայում այդ պատերազմն արդեն տաք է․ Ռուսաստանը կռվում է հավաքական Արևմուտքի դեմ, որն էլ իր հերթին զինում ու աջակցում է Ուկրաինային։ Բոլոր նախադրյալները կան, որ այս պատերազմը կարող է վերաճել Ռուսաստանի և Արևմուտքի կամ Եվրամիության ուղիղ հակամարտությանը»,-ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ մինչեւ Ուկրաինայում ՌԴ-ի՝ հատուկ ռազմական գործողության սկիզբը, Ռուսաստանը իրարից առանձնացնում էր Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն՝ առաջինը դիտելով որպես տնտեսական միություն, երկրորդը՝ որպես ռազմաքաղաքական, նույնիսկ չէր առարկում Վրաստանի կամ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը, բայց ոչ ՆԱՏՕ-ին։ Մինչդեռ այժմ Ռուսաստանը Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն դիտում է, որպես մեկ միասնական և թշնամական կառույց․ «Եթե Հայաստանը հայտարարում է, որ իր ապագան տեսնում է Եվրամիությունում, դա Մոսկվայի ընկալմամբ նշանակում է շարժվել դեպի թշնամական ուղղություն։ Այս պարագայում նման հայտարարությունը ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավեր է Ռուսաստանին, այլև վտանգ է Հայաստանը դարձնելու Արևմուտքի համար նոր «Ուկրաինա» Ռուսաստանի դեմ պայքարում»։
Բանախոսի վերլուծություններով, փաստերը ցույց են տալիս, որ Արևմուտքի և Ռուսաստանի, հատկապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները մոտ տարիներին չեն կարող լինել բարեկամական, այլ հակառակը՝ գնում են դեպի պատերազմ։ Հենց այս իրավիճակում Հայաստանի՝ Եվրամիություն գնալու ցանկությունը փաստացի մարտահրավեր է Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                   