Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են». Հայրիկ Մուրադյան

Սեպտեմբեր 05,2025 16:50

Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ նման գիտական կոնֆերանս կազմակերպվում է առաջին անգամ, որի ընթացքում համակողմանիորեն ներկայացվում է արվեստագետի ավանդը, այս դեպքում՝ հայ ժողովրդական երաժշտության երախտավոր Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը ազգային երաժշտության մեջ:

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ընթացավ «Հայրիկ Մուրադյան – 120» խորագրով գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի (1905-1999) ծննդյան 120-ամյակին: Գիտական կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը կարևորեց նման ակադեմիական գիտական միջոցառման կազմակերպումը, որի նպատակն է առաջին անգամ համակողմանիորեն ներկայացնել Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ:

Յուրի Սուվարյան

Գիտական կոնֆերանսի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց. «Անցյալ դարի 60-ական թվականների երկրորդ կեսին Հայաստանում ազգային զարթոնքի նոր փուլ սկսվեց, որի ընթացքում երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը ազգանվեր վիթխարի գործունեություն ծավալեց։ Նա 1980 թվականին ստեղծեց «Ակունքը»՝ իր կատարումներով հանրահայտ ազգագրական երգի և պարի համույթը։ Նրա կատարմամբ երկու երգ տեղ են գտել 1971 թվականին Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովրդական ֆոլկլորը» շարքում, իսկ ընդհանուր առմամբ Հայրիկ Մուրադյանը ձայնագրել է շուրջ 200 երգ։ Նրա ձայնը հնչել է բազմաթիվ հայկական կինոնկարներում և թատերական ներկայացումներում»։

Նարինե Դելլալյան

Հաջորդիվ «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Դելլալյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտին, բանախոսներին՝ գիտական կոնֆերանսի կազմակերպման առիթով և մաղթեց հաջող ընթացք:

Ալինա Փահլևանյան

Իսկ առավոտյան նիստը (նախագահ՝ Աննա Ասատրյան) սկսվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանի «Հայրիկ Մուրադյանի ներդրումը հայ երաժշտության մեջ» բանախոսությամբ:

Տաթևիկ Շախկուլյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը քննության առավ Հայրիկ Մուրադյանի երգերը՝ կոմիտասյան երաժշտության տեսության համատեքստում:

Հասմիկ Հարությունյան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը հանդես եկավ «Տեքստ – համատեքստ համադրումը ժողովրդական երգի ժանրային բնորոշիչների համակարգում» զեկուցումով:

Հռիփսիմե Պիկիչյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանը բացահայտեց հայ ավանդական երգամտածողության նահապետի՝ Հայրիկ Մուրադյանի դերը «ազգագրական» կոչվող համույթների ձևավորման գործընթացում:

Աղասի Թադևոսյան

Առավոտյան նիստը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանի «Երևանի քաղաքային միջավայրի ձևավորումն ու ժողովրդական մշակույթի քաղաքայնացումը 1960-1980 ական թվականներին․ Հայրիկ Մուրադյանի դերակատարումը» բանախոսությամբ:

«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։

 Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։

Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գիտական կոնֆերանսին ներկա Aravot.am –ը տեղեկացավ, որ միջոցառումը ընդմիջումից հետո շարունակություն կունենա երեկոյան, որի ընթացքում նիստը կնախագահի Տաթևիկ Շախկուլյանը:

Ջեմմա Բառնասյան

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ջեմմա Բառնասյանը ««Ակունքի» ակունքը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում է» զեկուցմամբ ներկայացնելով բացառիկ դրվագներ լեգենդար անսամբլի ստեղծման ու գործունեության պատմության էջերից, պատմություն, որի կերտման ակունքներում կանգնած է եղել նաև բարբառագետը–գիտնականը:

Մարիաննա Տիգրանյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը հանդես կգա ««Ցորեն եմ ցանիլ» ծիսապաշտամունքային երգը Հայրիկ Մուրադյանի երգացանկում» զեկուցումով:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյանը կներկայացնի իր ուսումնասիրությունը նվիրված հայ ավանդական օրորների Հայրիկ Մուրադյանի մեկնաբանություններին:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող Մարգարիտ Սարգսյանը քննություն կառնի հանրահայտ «Ջանիման» պարերգը:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանի հետազոտությունը նվիրված է «Ծօվուն խավքյըմ կէր» երգի տարբերակների համեմատական վերլուծությանը:

Գիտական կոնֆերանսը կեզրափակի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանը «Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգերը» Երվանդ Երկանյանի կոմպոզիտորական արվեստում» բանախոսությամբ:

Գարեգին Մասուրյան

Տեղեկացանք նաև, որ գիտական կոնֆերանսի շրջանակներում կկայանա օրերս հրատարակված կարևոր մի աշխատության շնորհանդես: Խոսքը «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու»-ի մասին է, որը կազմել է և հրատարակել «Կարին» գիտական կենտրոնը (ղեկավար՝ Գարեգին Մասուրյան):

Աշխատության մեջ ներառված են Հայ­րիկ Մուրադյանի՝ տար­բեր տա­րի­նե­րին հրա­տա­րա­կած, ինչպես նաև ան­տիպ հոդ­ված­ներ, ո­րոնք նվիրված են XX դա­րասկզ­բի հայ ազ­գային­–ա­զա­տագ­րա­կան շարժ­ման պատ­մու­թյանը, նաև՝ հայրենասիրական երգերի թվով 15 ձայնագրություններ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ, որոնք պահպանվում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում և գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ։

 

Սամվել Դանիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930