Լրահոս
Օրվա լրահոսը

Այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին․ Վարդան Օսկանյան

Սեպտեմբեր 05,2025 17:01

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։

Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Իրականությունն այն է, որ այդ փաստաթղթերի թերությունները այնքան բազմաթիվ և հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարավոր դրական արդյունքները։

Ըստ այս լավատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկա սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերյալ հավաստիացումներ և տնտեսական առավելություններ՝ նոր ճանապարհների և երկաթուղային նախագծերի շնորհիվ։ Սակայն այս մեկնաբանությունը, թեև ցանկալի, շատ հեռու է հուսալիությունից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք հաճախ անտեսվում են աջակիցների կողմից և որոնք արժանի են առանձնակի ուշադրության։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ավելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժեք կունենային Արցախի և Լաչինի գոյության՝ թեկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձևափոխված պայմաններում, որի լայն հնարավորությունը ուներ Փաշինյանը իր իշխանության առաջին տարիներին։ Արցախի չգոյության պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը և գոհունակություն հայտնել՝ մեղմ ասած, շատ դժվար է։

Երկրորդ՝ ինչպես էլ որ այն ներկայացվի, այսպես կոչված «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրավունք՝ օգտվելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թե նախագիծը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպված է եղել զիջել վերահսկողությունը տարանցման նկատմամբ այն պետությանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյությանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերյալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Երրորդ՝ խաղաղության պայմանագիրը ինքնին որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագա սահմանազատմանը, որը դեռևս մնում է չլուծված և խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի սահմանադրության, սահմանների կամ արտաքին քաղաքականության նկատմամբ։

Վերջապես, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետևանքների շուրջ վերլուծությունների մեծ մասը հիմնված է հակասական ենթադրությունների վրա։ Ոմանք պնդում են, թե այս կարգավորումը շահավետ կլինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ այն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։

Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը և նրան շրջապատող տարածաշրջանը մշտապես փոփոխության մեջ են։ Ոչ ոք չի կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, հատկապես գերտերությունների մրցակցության պայմաններում։ Ասել, թե այս համաձայնագրերը երաշխավորում են կայունություն, նշանակում է անտեսել պատմությունը․ տարածաշրջանը բազմիցս ցույց է տվել, թե որքան արագ կարող են փլուզվել թվացյալ հաջողությունները։

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողությունների հետ առերեսվելու, նշանակում է շփոթել ձևականությունն ու արարողությունը բովանդակության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930