Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի 40-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու ստել․ «Հասե՛ք, մարդ եմ սպանել»

Սեպտեմբեր 05,2025 19:30

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 3-ին, ժամը 18․00-ի սահմաններում արտառոց մի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել գյումրեցի 40-ամյա Գ․Մ․-ն և հայտնել, որ Ախուրյանի գազալցակայաններից մեկի մոտ մարդ է սպանել, քանի որ իրեն գումար է պարտք եղել ու չի վերադարձրել։ Նա ոստիկանությանը հորդորել է՝ արագ մոտենալ դեպքի վայր։

Օպերատիվ խմբի հետ դեպքի վայր է մեկնել Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի պարտականությունները կատարող Սիմոնյանը։ Նրանք պարզել են, որ գյումրեցի տղամարդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը․ նա մարդ չի սպանել։

Ավելին, համայնքային ոստիկան Հովհաննիսյանը պարզել է, որ իրենց ահազանգած Գ․Մ․-ն, 2024 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր ամիսն աշխատել է Ախուրյան բնակավայրի տվյալ գազալցակայանում՝ որպես օպերատոր, որտեղ իր աշխատանքի դիմաց տնօրինությունը՝ հայր ու որդի Թ․Մ․-ն ու Ա․ Մ․-ն իրեն պարտք են մնացել 25 հազար դրամ, որը թեև չեն հրաժարվել վճարելուց, սակայն տարբեր պատճառաբանություններով այդպես էլ  չեն վճարել։

Գյումրեցի 40-ամյա տղամարդն էլ, այդ օրը գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, զանգահարել է ոստիկանություն, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդել։ Ըստ նրա, նման կերպ վարվելու պատճառը եղել է այն, որպեսզի ոստիկանությունն արագ արձագանքի։

Ոստիկանները պարզել են, որ Գ․Մ․-ն այդ օրն ընդհանրապես Ախուրյանում չի եղել, գազալցակայանի տնօրինությանը՝ ո՛չ հորը, ո՛չ որդուն չի հանդիպել, ոչ ոքի չի սպանել, անգամ նման մտադրություն չի ունեցել։

Ստուգվել է ոստիկանություն զանգահարած Գ․Մ․-ի  սթափության աստիճանը՝ 0,549 մգ/լ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930