Լույս է տեսել ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, գրող, մատենագետ, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի «Գագիկ երկրորդ. Անիի, Պիզուիի հայոց թագավոր, հայոց շահնշահ» պատմաքաղաքական վեպի նախնական տարբերակը՝ «Գագիկ երկրորդ»։ Վեպը հեղինակի 68-րդ գիրքն է:
Ներկայացված են Բագրատունյաց արքայատոհմի պատմության վերջին ցավալի իրադարձությունները՝ Գագիկ Երկրորդի գահազրկումը եւ գերեվարումը, հեռավոր Միջերկրականի հարեւանությամբ հայկականության արագընթաց ծլարձակումը, իշխանական տոհմերի համախմբումը, համառ ջանքերի գնով միասնականության եւ համերաշխության հաստատումը, թշնամի, օտար պետությունների եւ գործիչների դեմ հայտարարված ու չհայտարարված անհավասար, երկարատեւ հակամարտությունը եւ այլն։
Գլխավոր խմբագիր, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Էդիկ Գեւորգյանը նկատել է, որ վեպը լոկ գրական ստեղծագործություն չէ. աղբյուրագիտական շատ հարուստ հենքի վրա հեղինակին հաջողվել է կերտել կուռ աշխատանք, որն ընթերցվում է մեկ շնչով. «Վեպում կարմիր թելի պես, հստակորեն ուրվագծվում են Բագրատունյաց վերջին արքայի, նրան շրջապատող ազատանի եւ անազատ խավերի կերպարներն ու գործերը։ Տիգրան Պետրոսյանցի պատմաքաղաքական վերպի գլխավոր արժանիքը, թերեւս, սերունդներին իրական հայրենասիրության դասեր հաղորդելն ու փոխանցելն է, ինչն այսօր առավել եւս խիստ անհրաժեշտ է եւ օրախնդիր»։
Հայոց պատմության պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, որպես պատմաբան, նշում է՝ Տիգրան Պետրոսյանցը գեղարվեստական մեծ վարպետությամբ ներկայացնում է հայոց թագավորի խրոխտ կերպարը թե՛ գրականության կարճատեւ, բայց հերոսական եւ թե՛ գերության ու աքսորի ծանրագույն ժամանակաշրջանում։ Ըստ նրա, ընթերցողը ծանոթանալով երիտասարդ արքայի հերոսապատում կյանքի հուզումնառատ դրվագներին, տոգորվում է հայրենական շնչով, հուզմունքի եւ հպարտության պահեր ապրում։
Կարդացեք նաև
Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն էլ նշել էր՝ վեպի հեղինակը խորապես օգտվել է քաջ արքայի մասին պատմող միջնադարյան գրեթե բոլոր աղբյուրներից, վեպը գրված է հայ դասական պատմավեպի ավանդներով, վավերականը եւ գեղարվեստականը սերտորեն միահյուսված են, հստակորեն ընթերցողին ներկայացնում են պատմական իրականությունը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
05.09.2025թ.