Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը մեծ տակառով պայթուցիկ է տեղադրում Հայաստանի տակ»

Սեպտեմբեր 06,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

 

ԱՄՆ-ում նախագահ Թրամփի «քավորությամբ» տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, փաստաթղթեր ստորագրվեցին, որոնցից կարեւորվում է Մեղրիով ճանապարհի-տարածքի հատկացումը` 99 տարի վարձակալությամբ ՄՄՆ-ին։ Տարբեր տեսակետներ են հնչել. ՀՀ կառավարիչները պնդում են, որ այդպիսով Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվել է, ընդդիմախոսները՝ հակառակը, համարում են, որ եթե այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ՀՀ-ն կդառնա ԱՄՆ-ի ֆորպոստ։ Դո՞ւք ինչ մեկնաբանություններ ունեք կատարվածին։

-Նախ ուզում եմ շեշտել, որ «Ադրբեջանի Հանրապետություն» անվանումը ճիշտ չի արտացոլում այդ պետության էությունը. դա ընդամենը Բաքվի Հանրապետություն է։ Նույնիսկ հանրապետություն էլ չի, այլ խանություն՝ Բաքվի Խանություն. ահա այդ կազմավորման էությունը։ Այդ նոր ձեւավորված պետությունը, որը ժամանակին ստեղծեց բոլշեւիկյան Ռուսաստանը, մեկ նպատակ ուներ եւ շարունակում է մնալ նույն նպատակի մեջ՝ ուղղված էր Հայաստանի դեմ եւ մնում է նույն տիրույթում, որը ներկայումս որոշ ուժեր փորձում են դարձնել չարի առաջամարտիկներից մեկը, որպես թուրքալեզու կազմավորում։ Այդ կազմավորման հիմնական նպատակը Հայաստանի դեմ պայքարն է։

Վաշինգտոնում կազմակերպված այդ հակահայ երեւույթի հեղինակը հստակ է՝ Թուրքիան է, Էրդողանը, որը օգտվելով Թրամփի մարդկային սնափառության արատից, շատ ճարպկորեն կարողացավ նախապատրաստել եւ իրականացնել այդ հակահայկական գործընթացը՝ ներքաշելով ԱՄՆ նախագահին։

Էրդողանի գծած սխեմայով եւ անմիջական ղեկավարությամբ ԱՄՆ-ի քողի տակ ստորագրելով հակահայ այդ թղթիկները, Փաշինյանը, այս տգետ պատուհասը, օգտվելով մեր ժողովրդի մեծ մասի համակրանքից Միացյալ Նահանգների նկատմամբ, փորձում է ԱՄՆ նախագահ Թրամփին օգտագործելով, անցնել Հայաստանի մասնատման երկրորդ փուլին՝ Մեղրիի միջով միջանցք (Բերձորի միջանցքը վերափոխվեց Սյունիքի միջանցքի) հատկացնելով թուրքերին, Սյունիքը հանձնել թշնամուն եւ Հայաստանը վերածել թուրքական աշխարհի սպասարկուի, դրանով իսկ նպաստելով թուրանական առանցքի կայացմանը։

Այս քայլը ընդամենը դժվարացնելու է եւ լրացուցիչ խոչընդոտներ է հարուցելու մեր հաջորդ իշխանության գործունեությանը, առավել եւս ազգային՝ իրականացնելու Հայոց շահերից բխող միակ առանցքի՝ Արիական առանցքի ձեւավորումը։

Ես վստահեցնում եմ, որ այս թուրանական ծրագիրը՝ «Թրամփի ճանապարհ» կոչվածը չի հաջողվելու, ինչպիսի թղթիկներ էլ որ ստորագրի մեր տգետ պատուհասը։ Առաջիկայում՝ իշխանափոխությունից հետո, ականատես ենք լինելու, թե Միացյալ Նահանգները ինչպիսի ոգեւորությամբ է ձեռնամուխ լինելու Արիական առանցքի կայացման գործընթացին։

Նախորդ հարցազրույցներում էլ Դուք ազգայնական ուժերի միավորվելու մասին լավատեսորեն էիք  խոսում, սակայն միավորում այդպես էլ չի կայանում, գործընթացներն էլ դեռ ճիշտ հակառակ ուղով են գնում։

-Ցավոք, այո, դեռեւս առաջընթաց չկա։ Իրականում երկու ազգայնական քաղաքական ուժ եմ տեսնում այդ դաշտում՝ մեկը ԱԺԲ-ն՝ Ազգային ժողովրդավարական բեւեռն է, մյուսը՝ ԱԻՄ-ն է՝ Ազգային ինքնորոշում միավորումը։ Անշուշտ ազգայնականների շարքին է դասվում նաեւ «Սրբազան շարժումը»՝ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, որի հետ կարծում եմ՝ պարզաբանելու որոշակի խնդիրներ կան։ Կարող եմ եւ Հայ հեղափոխական դաշնակցությանը նույնպես դասել ազգայնականների շարքին, սակայն մի մեծ խոչընդոտ կա առ այս պահը. դա Դաշնակցության կատարած ոչ ճիշտ քայլերն են, եւ իրավիճակի ոչ ճիշտ գնահատումն ու մարտավարական քայլերի անարդյունավետությունը։ Կարծում եմ, եթե հաջողվի նաեւ «Սրբազան շարժման» եւ Դաշնակցության հետ հստակեցնել մի շարք խնդիրներ, ապա այս չորս կազմավորումների միավորումը հաջողության հասնելու լուրջ հայտ կհանդիսանա։

Ցանկացած նախաձեռնություն պետք է սկսել։ Սկսած գործը միշտ արդյունք է տալիս։ Այդ առումով կարծում եմ ԱԺԲ-ն եւ ԱԻՄ-ը կարող են գործի հիմքը դնել, ընդհանուր ճակատ կազմել։ Սկիզբը պետք է լինի համատեղ հռչակագիր կամ հայտարարություն ընդունելով, որտեղ պետք է նշվեն այն հիմնական արժեքները, որոնց շուրջ նրանք համախմբվում են. առաջին հերթին Նիկոլին հեռացնելը եւ երկրորդ՝ խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գալը։ Ասպարեզում առկա այլ խմբավորումներ եւ անհատներ, որոնց համար ընդունելի կլինեն այդ սկզբունքները, կարող են միանալ այդ միավորմանը։ Այս դեպքում Նիկոլի իշխանությունը շատ կարճ ժամանակ հետո կհեռացվի։ Պետք է բանակցել նաեւ «Սրբազան շարժման» եւ Դաշնակցության հետ, հստակեցնել բոլոր մտահոգող հարցերն ու կողմնորոշվել։ Ինքս պատրաստ եմ առաջարկություններ ներկայացնելու, որպեսզի այդ միավորումը օր առաջ կայանա։

– Դառնանք վաշինգտոնյան փաստաթղթերին. իշխանական պրոպագանդան ստորագրած փաստաթղթերը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատում, այլեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման երաշխիք։ Դա հնարավո՞ր է՝ նկատի ունենալով Իրան-ԱՄՆ հակասությունները։

– Հայաստանը, Արցախը եւ Բաքվի խանությունը 1994 թվականին կնքել էին զինադադարի համաձայնագիր, դրա երաշխավորն էր Ռուսաստանը, 1992 թվականից արցախյան խնդրի լուծման համար ԵԱՀԿ-ի համակարգում ստեղծվել էր Մինսկի խումբը, եռանախագահներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, որոնք շուրջ երեսուն տարի բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել խնդիրը լուծելու համար։ Այդ ընթացքում շարունակական էին կրակոցները սահմանագծում եւ մի քանի խոշոր հարձակումներ Բաքվի կողմից, մինչեւ Ռուսաստանի օգնությամբ զինվելուց, իսկ թուրքերի կողմից ուսուցանվելուց, պատրաստվելուց հետո Բաքուն 2020 թվականին հարձակվեց Արցախի վրա, որին աջակցում էին ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, բացի այդ, նաեւ Սիրիայից՝ Թուրքիայի միջոցով բերված մեծ քանակի վարձկանները։ Իսկ մեր իշխանությունը, այն դեպքում, երբ հայ զինվորը ռազմաճակատում իր կյանքն էր տալիս հանուն հայրենիքի, ժողովուրդը անմնացորդ լծվել էր օգնելու բանակին, կազմալուծում էր բանակը եւ Արցախը հանձնելու միջոցներ էր ստեղծում։ Հետեւանքը հայտնի է։ Հայաստանի վարչապետը Պուտինի թելադրանքով կնքեց Արցախը հանձնելու համաձայնագիր՝ հայտարարության տեսքով։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է համեմատական արդարություն հաստատվի։ Արդարության հիմքը Հայաստանի տարածքները վերադարձնելն է։ Մյուս կարեւորագույն գործոնը, դա Պարսկաստանն է։ Հայաստանի վարչապետը միանալով թուրանական ծրագրին, ոչ միայն հայկական շահերին է դեմ կանգնում, այլեւ, Պարսկաստանի շահերին, որի հետ մեր շահերը ոչ միայն համընկնում են, այլեւ Պարսկաստանը Արիական առանցքի կարեւորագույն օղակն է։ Պարսկաստանը լուրջ խաղացող է դարձել ոչ միայն տարածաշրջանային առումով, այլեւ միջազգային առումով։

Այդ թղթիկով Փաշինյանը փորձում է Հայաստանին զրկել պաշտպանելու իր պետականությունը եւ պատկերավոր ասած՝ մի մեծ տակառով պայթուցիկ է տեղադրում Հայաստանի տակ։ Փաշինյանը այնպիսի ավերածություն կատարեց մեր կյանքի բոլոր բնագավառներում, եւ այնպիսի քայլեր կատարեց Բաքվին հզորացնելու առումով, որ մեզ կանգնեցրել է մեծ պատերազմի առջեւ։  Նմանատիպ թուղթ ստորագրելով, նա հերթական անգամ փորձում է մեր ժողովրդին մոլորեցնել՝ խաղաղություն անվան տակ։ Այդպիսի թղթեր ստորագրել են նաեւ 19920-21 թվականներին, համեմատենք մեկ-մեկու, գրեթե նույնական են։ Սրանք, որպես նորօրյա բոլշեւիկներ, ինչպես հարյուր տարի առաջ հայ բոլշեւիկները, հավատարմորեն ծառայում են օտարին։

Մեր ժողովուրդը լավ էլ հասկացել է, սակայն դեռեւս չի կարողանում կողմնորոշվել եւ վստահել այն ուժին, որը ոչ միայն չի խաբի իրեն, այլեւ ամեն ինչ կանի հետ բերելու կորցրածը, ապահովելու իր անվտանգությունը, բարձրացնելու Հայաստանի կարգավիճակը, տնտեսական զարգացման հույս կներշնչի եւ կհաստատի Աստվածային արժեքներով ապրելու կարողություն։

Ապավինենք Աստծուն եւ գործենք։ Աստված չարից ազատվելու ճանապարհը ցույց կտա։

Աստված պահապան է մեզ, Հայոց պետությանն ու մեր հայրենիքին։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930