Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք․ «Փաստ»

Սեպտեմբեր 06,2025 10:40

Հայաստանի վարկավորման ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները վկայում են ոչ միայն ոլորտի ակտիվացման, այլև նրա առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես ֆինանսական համակարգի կայունության, այնպես էլ տնտեսության երկարաժամկետ զարգացման և հասարակության սոցիալական իրավիճակի վրա։ Վարկավորման արագ աճի, սպառողական տրամաբանության գերակայության, կորպորատիվ և մանրածախ վարկավորման ընդլայնմանը զուգահեռ, վարկային ռիսկերի կուտակման ու բնակչության վարկային բեռի ավելացման համադրությունը ձևավորում է բարդ, բազմաշերտ և որոշ դեպքերում՝ վտանգներով հագեցած իրավիճակ։

Վերջին տվյալները հստակ արձանագրում են, որ սպառողական վարկավորման ոլորտում արձանագրվել է 29 % աճ, ինչն ինքնին ռեկորդային է և վկայում է քաղաքացիների վարկային ակտիվության մասին, որը շատ դեպքերում թելադրված է սուղ անհրաժեշտությունից։ Մյուս կողմից՝ բավական մտահոգիչ է ժամկետանց վարկերի ծավալուն աճը, որն ընդամենը մեկ տարվա մեջ 6 %-ից հասել է 39 %-ի։ Այս փոփոխությունը չի կարող դիտվել զուտ որպես վիճակագրական տատանում. այն արտացոլում է տնտեսության ընդհանուր առողջության, վարկառուների վճարունակության, իսկ առավել լայն իմաստով՝ սոցիալական անվտանգության համակարգի խոցելիության խորքային խնդիրները։

Բարձր ռիսկային ու անհուսալի վարկերի կտրուկ ավելացումը նշանակում է, որ մի կողմից բանկային համակարգը, բնականաբար, փորձելով պահպանել շահութաբերությունը և շուկայական դինամիկան, ակտիվորեն ընդլայնում է վարկային պորտֆելը, մյուս կողմից՝ լուրջ ռիսկեր է կուտակում, որոնք ապագայում կարող են սպառնալ համակարգի կայունությանը։ Մյուս կողմից՝ պետք է նշել, որ թունավոր վարկերի դուրսգրման բացասական ազդեցությունը բանկերին հաջողվել է որոշ չափով չեզոքացնել՝ տնտեսության վարկավորման երկնիշ աճի շնորհիվ։ Տնտեսության վարկավորման տեմպերը 21 %-ից հասել են 28 %-ի, ինչը պայմանավորված է միաժամանակ մի քանի ոլորտներում ներդրումների ակտիվացմամբ։ Առավելապես աչքի են ընկնում արդյունաբերության (2 %-ից մինչև 29 %), ինչպես նաև այլ ոլորտներում գրանցված կտրուկ աճերը՝ շինարարություն (30 %-ից մինչև 34 %), հանրային սնունդ և ծառայություններ (14 %-ից մինչև 23 %), գումարած՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորման դինամիկայի բարելավումը (4 % անկումից մինչև 22 % աճ)։

Այս միտումները կարող են դիտվել որպես տնտեսության վերականգնման և զարգացող հատվածների վրա շեշտադրության արդյունք, սակայն հարկ է նկատել, որ նման աճի հիմքում հաճախ ընկած է ոչ թե ներքին կուտակված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այլ արտաքին ֆինանսավորման ներգրավումը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է բարդություններ ստեղծել՝ կապված արտաքին պարտքի սպասարկման և ֆինանսական կայունության հետ։

Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է վարկավորման աճի արգելակում՝ 17 %-ից մինչև 13 %, իսկ ագրոհատվածում՝ 28 %-ից մինչև 8 % աննախադեպ նվազում։ Այս ցուցանիշները վկայում են, որ որոշ ավանդական ճյուղեր, որոնց վրա հենվում է Հայաստանի տնտեսության զգալի մասը, զրկվել են վարկային բավարար աջակցությունից, ինչը կարող է ազդել ոչ միայն այդ ոլորտների աճի տեմպերի, այլև կայունության վրա։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարեկան աճը 9 %-ից հասել է 15 %-ի, ինչը լավ ցուցանիշ է, բայց դեռևս մնում է զգալիորեն ցածր՝ համեմատած երեք տարի առաջվա 31 %-ի հետ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարկային ակտիվացումը հիմնականում կենտրոնացված է խոշոր կորպորատիվ և սպառողական հատվածներում, իսկ ՓՄՁ-ները շարունակում են բախվել ֆինանսավորման հասանելիության սահմանափակումներին, ինչը կարող է երկարաժամկետում ազդել տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության վրա։

Վարկավորման կառուցվածքը շարունակում է փոխվել՝ արձանագրելով մանրածախ հատվածի կայուն աճ (44 % պորտֆելի) և կորպորատիվ վարկերի բարձր մասնաբաժին (52 %)։ Միջբանկային վարկերի/ավանդների դինամիկան՝ 6% աճից մինչև 27% անկում, ցույց է տալիս, որ համակարգն ավելի քիչ է ապավինում միմյանց փոխառություններին, ինչը կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ. մի կողմից՝ նվազում է համակարգային ռիսկի տարածման հավանականությունը, մյուս կողմից՝ բանկերի միջև կապիտալի հոսքերի սահմանափակումը կարող է որոշակի լարվածություն առաջացնել։

Հաջողվել է պահպանել վարկային պորտֆելի երկնիշ աճը՝ 20 %-ից մինչև 25 %, 2025 թվականի հուլիսին հասնելով 19,6 մլրդ դոլարի մակարդակի։ Եկամուտների աճի տեմպերն այս ֆոնին նույնպես պահպանել են բարձր ցուցանիշ՝ 23 %-ից մինչև 27 %, ինչը թույլ է տվել, որ 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային եկամուտները գերազանցեն 1 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը պահպանվի 522 մլն դոլարի մակարդակում։

Հայաստանի վարկային ոլորտի ներկա իրավիճակը, իր թվային հաջողություններով հանդերձ, պարունակում է բազմաթիվ ռիսկեր, որոնք, եթե չկառավարվեն արդյունավետ քաղաքական գործիքներով, կարող են վերաճել համակարգային խնդիրների։ Անհրաժեշտ է ոչ միայն շարունակել վարկավորման դիվերսիֆիկացիան ու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, այլև կենտրոնանալ վարկային ռիսկերի կառավարման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և սոցիալական ապահովության համակարգի զարգացման վրա։ Ըստ այդմ, հարկավոր է մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930