Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել։
Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն այնտեղ նույնպես նրանց հիասթափություն էր սպասվում. տոմսարկղի աշխատակիցը տեղեկացրեց, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։
Կարդացեք նաև
ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։
«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։
Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- մեր գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։
Մենք զանգահարեցինք մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվեց, որ ոչ։ Նույն հարցով դիմեցինք նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական էր։
ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից հաշված ժամեր անց դրանք հայտնվեցին սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում էր 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։
Օրինակ՝ Արևմտյան տրիբունայի Սեկցիա 1 Սեկտոր 4-ում բոլոր տեղերը նախապես ամրագրված են եղել ՀՖՖ-ի կողմից։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ նույն հատվածի տոմսերը վաճառվում էին viagogo.com կայքում։ Եթե ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի տոմսերի արժեքը 14-20 հազար դրամ էր, ապա վերը նշված կայքում՝ 624000 դրամ։ Առկա էր երկու տեղ՝ կողք կողքի։ Նույն պատկերն էր նաև Արևելյան տրիբունայի Սեկցիա 2 Սեկտոր 6-ում։ ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի մեկ տոմսի արժեքը 14000 դրամ էր, viagogo.com կայքում՝ 375000։
Ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։ Այս հարցն ուղղել ենք Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Սակայն Ֆեդերացիայից այս հարցին այդպես էլ չեն պատասխանել։
Ժենյա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ֆրունզ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում