«Իմ և շատերի համոզմամբ՝ Բագրատ սրբազանի և մյուսների ձերբակալությունները և հարուցված քրեական գործը շինծու, հանիրավի է։ Ինքս, որ շարունակաբար պայքարի աջակիցների և Բագրատ սրբազանի հետ շփվել եմ, զրուցել, հավաստում եմ, որ երբևէ մենք չենք քննարկել ու խոսել բռնի գործողությունների իրականացման մասին, էլ ուր մնաց ահաբեկչություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը։
Նա մինչ այդմ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշում էր․ «Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և ևս 17 կալանավորված մեր հայրենակիցների ապօրինի քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում ես նույնպես առկա եմ։ Սրանցից հատկապես մեկը, որ Սրբազանի և իմ միջև զրույցից հատված է՝ մեծ աղմուկ է հանել, քանի որ այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։ Նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում զրույցը ներկայացնել ծրագրվող տեռորի համատեքստում, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ»։
Հովհաննես Ավետիսյանի հավաստմամբ՝ ձայնագրություններ են տարածվել, որոնք մանիպուլացված էին ու շեշտեց․ «Այդ ձայնագրությունները կտրտված էին տարբեր տեղերից, և խոսույթը հարմարեցված էր այնպես, որ առաջին հայացքից անտեղյակ մարդը, որ լսում է, ահաբեկվում է։ Հաջորդիվ, երբ քննչական գործողություններն ավարտվեցին, Հովհաննես Խուդոյանին հասանելի դարձավ գաղտնալսման ամբողջական տարբերակը, և նա հրապարակեց դա։ Հայտնի դարձավ, որ զրուցում ենք ես ու Բագրատ սրբազանը, մենք քննարկում ենք ՀՀ-ն ուժեղացնելու տեսական մոտեցումներ, նրա մասին, թե ինչ եղանակներով ենք լուծելու ՀՀ-ի առաջ ծառացած մարտահրավերները՝ մասնավորապես անվտանգության մասով, երբ ՀՀ ժողովուրդը կվստահի այս պետության կառավարումը մեր պես ազգային ուժերի։ Այդ քննարկումների ժամանակ հնչում են մտքեր, որոնք որևէ կերպ հակաօրինական որակելն անհնար է։ Նույնիսկ այս ձայնագրությունից հետո հանրային լայն ընդգրկում ունեցող եթերներով իշխանության ծառայող որոշ անձինք շարունակաբար պնդում են, որ մարդիկ ահաբեկչություն են ուզում պլանավորել, իրենց բառերով ասած՝ դուրս գալ, ճակատից, գյուլլել։ Խոսույթում էլ նման ձևակերպումներ չկան տրված»։
Կարդացեք նաև
Հովհաննես Ավետիսյանը, հղում կատարելով ամերիկյան International center for non-violent conflict կազմակերպությանը, ցույց տվեց, որ դրա կայքում նշված է նաև Լիլիթ Մակունցի անունը ու ասաց․ «Այս կենտրոնում հատուկ դասընթացներ են կազմակերպվում, գիտելիքներ փոխանցվում մարդկանց այն մասին, թե ինչպես անել հեղափոխություն խաղաղ ճանապարհով։ Նկարում կտեսնեք Լիլիթ Մակունցին, որը մինչև վերջերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր, ՔՊ-ի ազդեցիկ դեմքերից է։ 2015-ին այդ ծրագրով ստացել է այդ գիտելիքը, որից հետո նա դարձել է այսպես ասած դասավանդող այդ ծրագրի, որն ըստ կազմակերպության կայքի՝ մշակել է ծրագիր, տարիներ շարունակ մարզել մարդկանց ոչ բռնի գործողություններով հեղափոխություն անելու, որովհետև նաև ՀՀ-ում 2018-ին այս գիտելիքի կիրառմամբ տեղի է ունեցել ոչ բռնի հեղափոխություն։ Ամբողջ ձայնագրությունը փաստում է, որ պլանավորվում էր խաղաղ անհնազանդություն, փողոցային պայքար, խաղաղ ճանապարհով հեղափոխության իրականացում, այն, ինչի մասին պարոն Փաշինյանը շարունակաբար ասում է։ Մենք էլ էդ էինք պլանավորում։ Բայց եթե ձայնագրությունները կտրում, սարքում եք այնպես, որ այս մարդիկ բռնություն էին պլանավորում, էդ հեղափոխությունը ո՞նց էինք անելու։ Հետո էլ ասում են՝ դուրս չեկան հեղափոխություն անելու, ուրեմն համաձայն էին մեզ հետ»։
Հովհաննես Ավետիսյանը, դիմելով իրավապահ մարմիններին, ասաց․ «Եթե խաղի կանոնները այնպիսին են, որ մեր պլանավորածը ահաբեկչություն է, ուրեմն սկսենք Լիլիթ Մակունցից, որը ամերիկյան ծրագրով սովորել է այն նույն գործողությունները, ինչի մասին ես եմ խոսում։ Իրավապահ մարմիններին առաջարկում եմ գործ հարուցել նաև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ բոլոր այն անդամների նկատմամբ, որոնք 2018-ին այդ գիտելիքի հիման վրա իրականացրել են հեղափոխություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ