Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն Բագրատ սրբազանի գործով ձայնագրությունը անգլերեն տարածել․ նոր մանրամասներ

Սեպտեմբեր 06,2025 15:25

«Քննչական կոմիտեն, իմանալով, որ միջազգային կառույցները խառնվում են մեր ներքին գործերին, աջակցություն ունեն իրենցից, նրանց հովանավորչությունն ու դրական վերաբերմունքն են հայցում այս քրեական գործը շարունակելու այս նույն տրամաբանության մեջ՝ այսինքն` ահաբեկչության։ Դրա համար էլ ձայնագրությունը անգլերեն է հրապարակվել»,-մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Քննչական կոմիտեն Բագրատ սրբազանի գործով ձայնագրությունը անգլերեն տարածել, այսպես պատասխանեց հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը։

Նա հայտնեց, որ նամակներ է հղել դիվանագիտական ներկայացուցչություններին ու մանրամասնեց․ «Ես էլ անգլերեն նամակ եմ ուղղում իրենց, ասում եմ՝ ես՝ որպես ձայնագրություններում երևացող մարդ, տեղյակ լինելով, որ պլանավորվում էր խաղաղ անհնազանդություն, ձեզ խաբում են։ Ահաբեկչություն չի պլանավորվել, բռնի գործողություններ չեն պլանավորվել, պլանավորվել են խաղաղ անհնազանդության գործողություններ»։

Նա նաև հավելեց․ լինելով մարդ, որը շատ լավ պատկերացնում է միջազգային համակարգը, շահերը, պետության վրա ազդեցությունները, ներկա իշխանությունների հենարանները, հասկանում է՝ դա ինչի համար է արվում․ «Հետևաբար, երբ ձայնագրություններն ամբողջական հրապարակվեցին, հետո նորից իշխանության ներկայացուցիչները շարունակում են կեղծել ու մանիպուլացնել իրականությունը, ես անհրաժեշտ համարեցի բաց նամակ ուղղել այն միջազգային կազմակերպություններին, կառույցներին, որոնց հասցեագրված էին անգլերեն լեզվով այդ ձայնագրությունները։ Նամակում մտահոգություն եմ հայտնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակի, շարունակաբար մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ, ժողովրդական հայտնի արժեքների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ և խնդրում եմ նրանց միջամտությունը։ ՀՀ-ում ինչ-որ պահի ՀՀ իշխանությունները փոխվելու են, և տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատելու են այլ ուժեր, և համապատասխան վերաբերմունքը կդրսևորվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930