ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը: Այս բացառիկ իրադարձությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ԻԻՀ Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախքան համերգի մեկնարկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու ՀՀ պատվիրակության մյուս անդամները շրջել են Պերսեպոլիսի տարածքում, ծանոթացել հուշարձան-համալիրի պատմությանը: Պերսեպոլիսի ընծաների նվիրաբերման հարկաբաժնում հայկական պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամության ու կապի ամենահին փաստաթուղթը, որն ավելի քան 2500 տարվա պատմություն ունի։
Բացառիկ համերգը մեկնարկել է երկու երկրների օրհներգերի կատարմամբ:
Հանդիսավոր միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մասնավորապես նշելով. «Պերսեպոլիսի խորապատկերում այսօր միավորվել են երկու հնագույն քաղաքակրթությունների պատմությունն ու մշակույթը։ Այս հոբելյանական համերգը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին, մեր երկրների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արտահայտությունն է»։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս տարի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի վերջին պաշտոնական այցը Հայաստան երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ հարգանքի շարունակական զարգացման վկայություն էր և կարևոր հանգրվան՝ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ համագործակցության նոր հեռանկարների ձևավորման ճանապարհին։
Կարդացեք նաև
«Այսօրվա հոբելյանական համերգը՝ հնչող բարձրարվեստ երաժշտությամբ, վեր է քաղաքական սահմաններից. այն խոսք է համամարդկային արժեքների, խաղաղության, համագործակցության և մշակույթների ներդաշնակ համակեցության մասին։ Հատկապես խորհրդանշական է, որ այսօրվա համերգը տեղի է ունենում Պերսեպոլիսի հրապարակում՝ մի վայրում, որը հիշարժան է բոլորիս համար, քանի որ հենց այստեղ՝ հնագույն աշխարհի կարևորագույն վավերագրություններից մեկում՝ Բեհիսթունյան արձանագրությունում, մեր ժողովրդի մասին կատարվել է առաջին գրավոր պատմական հիշատակումը:
Դեռևս հույն նշանավոր պատմիչ Քսենոֆոնի ժամանակներից Պերսեպոլիսն անվանվել է «Բոլոր ժողովուրդների դարպաս», որտեղ տարբեր ազգերի պատվիրակներ էին համախմբվում՝ խաղաղության և հարգանքի ուղերձով,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել,- Շիրազի այդ հոյակերտ ճարտարապետական համալիրը, որն իրավամբ համաշխարհային ժառանգության գոհարներից է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և մեր Էրեբունի պատմական մայրաքաղաք-ամրոցի հետ միասին հանդիսանում է հնագույն քաղաքակրթության կանգուն վկայություն։
Հայաստանի և Իրանի մշակութային կապերը գալիս են դարերի խորքից․ մշակութային երկխոսությունը նոր շունչ է ստանում Պերսեպոլիսում, որն անցել է դարերի փորձություններով և մարմնավորում է մարդկային մտքի ու երևակայության նվաճումները։ Հպարտ եմ և ակնածանքով լի, որ այս հինավուրց պատերի տակ հնչելու է հայ երաժշտությունը, և իր 100-ամյակը նշող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ելույթներով հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում, իր հոբելյանը նշում է նաև մեր հարևան և բարեկամ երկրում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում»։
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ տարիներ առաջ ևս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, պատիվ է ունեցել հանդես գալու Թեհրանի «Վահդաթ» դահլիճում․ «Այսօրվա համերգը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև պատգամն է ապագայի, քանի որ արվեստը ոսկե կամուրջ է ժողովուրդների, մշակույթների և սերունդների միջև։ Թող այսօրվա հիշարժան համերգի հնչյունները շարունակեն հյուսել մշակութային կամուրջներ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների միջև»։
Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, Ֆարս նահանգի ղեկավարությանը և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը՝ համերգի կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգի կազմակերպմանը գործուն աջակցություն է ցուցաբերել իրանական կողմը։
«Մենք կանգնած ենք պատմության անմահության և մշակույթի հզորության շեմին։ Պերսեպոլիսի հնագույն սյուները, ժողովուրդների հոյակերտ դարպասը, ժայռափոր հուշարձաններն ապշեցնում են իրենց հզորությամբ և կենդանի շնչով։ Սա առասպելների, քաղաքակրթության և աներևակայելի իրականության խաչմերուկ է, որտեղ միաձուլվում են անցյալն ու ներկան։ Մենք զգում ենք երկու աշխարհների՝ Հայաստանի և Իրանի պատմական ու մշակութային ամուր կապը, որի կամուրջն է նաև այս համերգը: Կամուրջ՝ երկու հինավուրց պետությունների, հազարամյակների պատմական փորձ կիսող երկու ժողովուրդների միջև»,- իր խոսքոմ նշել է դեսպանը։
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Համերգի մենակատարն էր հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ հնչել են Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Հնչել է նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոյի գագաթնակետը Արամ Խաչատրյանի մեծակտավ Սիմֆոնիա թիվ 2-ի կատարումն էր:
Նշենք, որ Պերսեպոլիսում կայացած համերգը նվիրված էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի համագործակցությամբ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն 25 տարի առաջ է եղել․ 2000 թվականի փետրվարի 5-26-ը Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ներկայացվել էր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ:
ՀՀ ԿԳՄՍՆ