Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամենամեծ խնդին այն է, որ իշխանությունը ճնշումների ու պատերազմի սպառնալիքի պատճառով հրաժարվում է ՀՀ որոշ տարածքներից»․ Աբբաս Էղբալմեհրան

Սեպտեմբեր 07,2025 12:10

«Առավոտի» զրուցակիցն է Իրանի Ահվազի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Աբբաս Էղբալմեհրանը։

Պարոն Էղբալմեհրան, Իրանը վերջին տարիներին լրջորեն ընդդիմացել է հայ-իրանական սահմանի հնարավոր փոփոխման ցանկացած սցենարի։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ի՞նչ ազդեցություն կունենան տարածաշրջանի համար, ռիսկեր տեսնո՞ւմ եք Հայաստանի ու Իրանի համար։

-Այդ միջանցքը ներկայացվում է որպես «Թրամփի ուղի», եւ Իրանի համար ամենամեծ սպառնալիքը անվտանգության հարցերն են, քանի որ ԱՄՆ-ն շրջափակել է Իրանը։ Մենք ԱՄՆ-ին չենք վստահում, քանի որ ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակ, երբ բանակցություններն իրենց գագաթնակետին էին հասել, Իրանը ԱՄՆ կողմից ռմբակոծվեց։ Վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Իրանի կատարած այցի ժամանակ իրանցի պաշտոնյաներն իրենց անհանգստությունները հայտնեցին նրան։ Ինչպես նաեւ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի կառավարության անհանգստությունները ներկայացվեցին Հայաստանի կառավարությանը։ Մենք անհանգստացած ենք այն հարցի շուրջ, որ այդ միջանցքը, որը Թրամփի անունով է կոչվում, թեեւ առերեւույթ բեռնափոխադրումների համար է նախատեսված, բայց հնարավոր է, որ ապագայում Իրանի համար սպառնալիքի ճանապարհ դառնա։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանն ուզում է այլ երկրների հետ հարաբերություններ հաստատել եւ լիակատար խաղաղության հասնել։ Մենք նույնպես դրան ենք ձգտում։

-Իսկ ստեղծված իրավիճակում խաղաղություն հաստատելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

-Մենք դրան ենք ձգտում, որ Հայաստանն իրական խաղաղության հասնի, բայց Հայաստանի համար սպառնալիքները մնացել են։ Շանհայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը զանազան մտքեր արտահայտեց ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ։ Այսինքն՝ ԱՄՆ-ում նախաստորագրված այդ համաձայնագիրը լավատեսական չի կարող լինել։ Մենք հետեւում ենք Հայաստանից եկող լուրերին, տարածաշրջանի սահմանների վրա Բաքուն անընդհատ կրակոցներ է արձակում։ Եվ ես չեմ հավատում այդ երերուն խաղաղությանը։ Մի մոռացեք, որ թշնամին Հայաստանի սահմաններից ներս է գտնվում։

-Հետեւաբար, ո՞րն է այս պայմանավորվածությունների իրական նպատակը։

-Առաջին իրական նպատակներից մեկն այն է, որ պատերազմը դադարի, Թրամփն ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ։ Թրամփն ուզում է, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելով, իր համար միջազգային հեղինակություն ձեռք բերել։ Բայց մեծ հավանականություն կա, որ Բաքվի զորքերն ավելի կուժեղանան այս գործընթացի արդյունքում։ Եվ ես մտածում եմ, որ մոտ ապագայում, եթե Հայաստանն ընդդիմանա այդ միջանցքի ստեղծմանը, Բաքուն եւս մեկ անգամ Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ կհարձակվի Հայաստանի վրա։

-Հայաստան-Իրան համագործակցության խորացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Ամենաառաջին քայլը պետք է լինի Հայաստանի ու Իրանի միջեւ ռազմական ոլորտում պայմանագրի կնքումը։ Հայաստանի ու Իրանի միջեւ պետք է միասնական զորախումբ ձեւավորվի, ինչպես, օրինակ ՆԱՏՕ-ի շրջանակներում է։ Տնտեսական հարաբերությունների ակտիվացումը եւս կարեւոր է, ես կարեւորում եմ նաեւ Իրանի համալսարաններում հայագիտության բաժինների բացումը, Հայաստանում պարսկերենի ուսուցման զարգացումը եւ հայ ու իրանցի մտավորականների միջեւ հարաբերությունների ընդլայնումը։

Ես վստահ եմ, որ Հայաստանից Իրան գնացող եւ Իրանից Հայաստան եկող պատվիրակությունները շատ հուշագրեր են ստորագրել տարբեր ոլորտներում, բայց դրանցից մի քանիսն են գործարկվում։ Եվ մենք դրանից անհանգստացած ենք։ Եթե որոշված է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններն ավելի լավանալու են, ապա այդ հուշագրերը պետք է գործարկվեն, ոչ թե մնան թղթի վրա։ Եվ երկրորդ բանը, որն ուզում եմ ասել՝ Իրանի քաղաքացիները պետք է ավելի հաճախ այցելեն Հայաստան, զարգացնեն Հայաստանի զբոսաշրջությունը։ Իրանցի ժողովուրդը պետք է հայ ժողովրդին ավելի լավ ճանաչի։

44-օրյա պատերազմից հետո Իրանն այն երկրներից էր, որը ողջունեց Արցախի օկուպացիան ու Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնումը»։ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն այսօր հանգեցրեց այն իրավիճակին, երբ փաստացի Իրանին էլ է վտանգ սպառնում։ Ինչպե՞ս եք գնահատում Իրանի իշխանությունների քաղաքականությունն այս հարցում։

-Այո, հայ ժողովրդի կարեւոր հարցերից մեկը, որն ուղղում է Իրանին, հենց սա է։ Ես երկու մասի կբաժանեմ այս հարցը։ Մի կողմում Իրանի ժողովուրդն է, մյուս կողմում՝ Իրանի այն ժամանակված իշխանությունը։ Իրանի ժողովուրդը կողմ է Հայաստանի հետ հարաբերություններին եւ դեմ է Բաքվի հետ հարաբերություններին։ Ես ուզում եմ Իրանի կառավարության տեսակետի վերաբերյալ մի միտք ձեզ ասել, ես Իրանի կառավարության խոսնակը չեմ, բայց որպես հետազոտող՝ ուզում եմ ասել, որ գուցե կրոնի պատճառով այդ տեսակետը գոյություն ուներ։ Բայց պատմությունը դրանից առանձին է՝ Իրանն ու Հայաստանը պատմության ընթացքում իրար հետ են եղել։ Մենք պետք է Հայաստանի հետ ընկերանանք, Հայաստանը միշտ մեր մեջքին է կանգնած եղել, բայց Բաքուն Իրանի նկատմամբ շատ հանցանքներ ու դավաճանություններ է գործել։ Եվ մենք ուզում ենք այսօր ձեզ ասել՝ Հայաստանի ու Իրանի միջեւ բարեկամությունը լավագույն առիթը կդառնա երկու երկրների միասնականության։ Իրանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող մեր ընկերներին մենք ասում ենք, որ Հայաստանն Իրանի ամենավստահելի հարեւանն է։

-Արցախի հարցի ու արցախցիների իրավունքների մասին ի՞նչ կասեք, երբ ցեղասպանական գործողություններով մարդկանց բռնի տեղահանում են իրենց հողից, ինչպե՞ս պետք է պաշտպանվեն այդ մարդկանց իրավունքները։ Եվ արցախցիների վերադարձի հարցի ի՞նչ լուծում եք տեսնում։

-Երբ Արցախի ճգնաժամը տեղի ունեցավ, մենք հենց առաջին օրվանից Իրանում մեր ընկերներով աջակցեցինք Հայաստանին։ Մենք Արցախի ժողովրդի համար ուղերձ գրեցինք։ Մենք ասում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա իր հայրենիք, եւ Արցախյան շարժումը պետք է կենդանի մնա։ Եվ մենք համաձայն ենք այն մտքի հետ, որ Արցախը հայ ժողովրդի համար է։ Այժմ հայ ժողովրդին մտահոգում է այն հարցը, թե երբ պետք է Արցախի ժողովուրդը վերադառնա Արցախ։ Առաջին՝ Արցախյան շարժումը չպետք է մարի, երկրորդ՝ հայկական սփյուռքը պետք է ակտիվանա, երրորդ՝ Միջազգային դատարանը պետք է Արցախի օգտին որոշում կայացնի, չորրորդ՝ Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Արցախի ժողովրդին։

Հայ ժողովուրդը պետք է փրկի Արցախը։ Օրերս Արցախի անկախության օրվա առիթով հանրահավաք եղավ Ազատության հրապարակում,  ինչո՞ւ էին այդքան քիչ մարդիկ եկել։ Այժմ էլ Արցախում հայկական պատմական հուշարձանները գոյություն ունեն։ Բաքուն դիտավորյալ ոչնչացնում է հայկական հուշարձանները։ Այժմ դուք պետք է նոր գործընկերների միջոցով ճնշում գործադրեք Բաքվի վրա եւ միջազգային այս իրավիճակից օգտվեք։

-Հայ ժողովուրդն այդ ներուժն ունի՞, այսինքն՝ ժողովո՞ւրդը պետք է իրավիճակը փոխի, որովհետեւ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են Արցախից։

-Հայաստանի ամենամեծ խնդիրը հենց դա է, որ իշխանությունը ճնշումների ու պատերազմի սպառնալիքի պատճառով հրաժարվում է Հայաստանի որոշ տարածքներից։ Բանակը թուլացել է, եւ Հայաստանը շատ նահատակներ է տվել։ Գուցե այն ժամանակվա համար լավագույն որոշումը խաղաղությունն էր։

Բայց չմոռանանք, որ Ադրբեջանն էլ ուներ մեծ թվով զոհեր, եւ ադրբեջանական բանակն էլ էր թուլացել։

-Սա պատերազմ էր, որն այս երկու երկրների մեջ գցել էին երրորդ երկրները։ Հայաստանի կառավարությունը պետք է բանակին ավելի շատ աջակցի։ Եվ այնպես, ինչպես առաջին պատերազմում հայկական բանակն առաջ գնաց ու Արցախն ազատագրեց, հնարավոր էր, որ այս պատերազմում եւս Հայաստանը հաղթեր։ Բայց իշխանությունը չաջակցեց բանակին։ Չպետք է մոռանանք, որ հայկական բանակը շատ քաջ զինվորներ ունի։ Այո, Բաքուն էլ է մեծ թվով զոհեր տվել, բայց Ադրբեջանը մեծ աջակցություն ուներ, մի քանի պետությունների հետ միասին էր պատերազմում Հայաստանի դեմ, իսկ Հայաստանը միայնակ էր այս պատերազմում։ Բաքվի բանակում նաեւ վարձկաններ կային, այսինքն՝ նրանց դրսից օգնել են։

Բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ Արցախի ժողովուրդը կվերադառնա։ Այսօր հայ ժողովուրդը ոտքի է ելել, արթնացել է։ Ուզում եմ Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան» գրքից հատված ասել՝ «հայ ժողովուրդ, ոտքի կանգնիր, խաբվելն արդեն ավարտվել է, այսօր պետք է երկրորդ անգամ կենդանանաս»։ Հուսով ենք, որ Հայաստանն իր իրական սահմաններին կվերադառնա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930