Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումներ Էջմիածնի Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակներում

Սեպտեմբեր 07,2025 12:51

«Յայնմ ժամանակի գային հասանէին յերկիրն Հայոց, յԱյրարատ գաւառ, ի Վաղարշապատ քաղաք, զոր և Նորաքաղաքն կոչեն, ի նիստս թագաւորացն Հայոց»։

 Ագաթանգեղոս․ «Պատմութիւն Հայոց»․ Երևան 1983թ․ Էջ՝ 90։

Խոսքը Գայանյան կույսերի մասին է, ովքեր, հալածվելով Դիոկղետիանոս կայսեր կողմից, հեռացել էին Հռոմից, հասել Վաղարշապատ և բնակություն էին հաստատել քաղաքի հյուսիսարևելյան կողմում գտնվող այգիներ հնձաններում։ Հայոց երբեմնի մայրաքաղաք, այսօրվա հոգևոր կենտրոնում Վաղարշապատում՝ Մայր տաճարի հարևանությամբ կանգուն է Սուրբ Գայանե վանական համալիրը, Երևանի կողմից քաղաքի մուտքն սկսվում է Սուրբ Հռիփսիմե վանքով, որից քիչ հեռու է Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակը։ 2025թ․ հուլիսի կեսերից եկեղեցու տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվում են հնագիտական պեղումներ, որը ղեկավարում է նույն ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնագետ Մերի Սաֆարյանը։

Նա տեղեկացրեց՝ հուշարձանի պեղումներն իրականացվում են բարեկարգման, ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակներում (վերականգնող ճարտարապետ` Ամիրան Բադիշյան)` պետություն-բարերար հերթական համագործակցության շնորհիվ։ Արշավախումբը մեծ չէ, իրենց օգնում են կամավորականները։ Սիրով կամավոր խմբին է միացել նաև Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Գնունի-Թադևոսյանը։

Տեղի բնակիչներից նույնպես կամավորականներ են միացել արշավախմբին․ հիմնականում աշակերտներ՝ պայմանավորված ամառային արձակուրդների հետ։ Եկեղեցին թվագրվում է 5-7-րդ դարերով և կապված է Հռիփսիմյան կույսերից Մարիանեի հետ։ Այստեղ վաղ միջնադարում եղել են Վաղարշապատի հնձանները։ Այդ են վկայում եկեղեցու հյուսիսային պատի տակ պեղումներից հայտնաբերված կարասները, որոնք մառաններից են մնացել։

 

Դեռևս 1979 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (Գ. Կարախանյան, Հ. Մելքոնյան) հետախուզական պեղումների արդյունքում պեղել, իսկ վերջում կոնսերվացրել էր վերոհիշյալ կարասները։ Նույն պեղումներից եկեղեցու ներսում հայտնաբերվել են հնձանի մնացորդներ։ Մ․ Սաֆարյանը նշեց՝ այժմ իրականացվող պեղումներից հետաքրքիր բացահայտումներ ունեն։ Նոր աշխատանքների արդյունքում, բացի նախկին գտածոները վերաբացելուց, բացահայտել են նոր թաղումներ՝ սարկոֆագների և սալարկների տեսքով։

Սակայն, ինչպես նշեց Մ․ Սաֆարյանը, դրանց մեծ մասը խաթարված վիճակում են։ Իսկ ամբողջ տարածքը եղել է աղբախառն հողի տակ, և այդ ամբողջը մաքրել են, նոր սկսել հիմնական աշխատանքները։ Գտել են նաև հիմնականում վաղ միջնադարին բնորոշ քիչ քանակով խեցեղեն, շինարարական կղմինդրներ։ Պեղումների արշավախմբի ղեկավարը հավելեց նաև․ «Պաշտոնապես եկեղեցին կոչվում է «Շողակաթի բազիլիկ»։

Սակայն ժողովրդական ավանդույթով այն կապում են Հռիփսիմյաց կույսերից Մարիանեի անվան հետ։ Ըստ Ագաթանգեղոսի տեղեկության՝ այստեղ, երբ հալածել են կույսերին, հիվանդության պատճառով հնձանում մնացել էր միայն Մարիանեն, ով այստեղ էլ զոհվել է, և դարձյալ ժողովրդական ավանդույթի համաձայն, այստեղ է թաղվել»։ Այս մասին Ագաթանգեղոսի մոտ գրված է․  «Նրանցից մեկին հնձանի ներսում սպանեցին, ուր նրանց կացարանն էր․ նա այսպես էր ասում կյանքից հրաժարվելու ժամին․ «Գոհանամ քեզանից, Տեր բարերար, որ ինձ էլ չզրկեցիր, քանզի ես հիվանդ էի և չկարողացա քայլել ու իմ ընկերների հետ ժամանել։ Սակայն, դու, Տեր մարդասեր, իմ հոգին ևս ընդունիր ու խառնիր քո սուրբ վկաների գնդին․․․ մեր մայր Գայանե գլխավորին և քեզ սիրող ու մեր որդյակ Հռիփսիմեի մոտ»,-այսպես խոսելով՝ նա վախճանվեց» (էջ՝ 117)։

Եկեղեցու հարավային պատին կից կան մեկ այլ կառույցի հիմքեր՝ արևելյան կողմում կամարաձև փակվածքով։ Մ․ Սաֆարյանն ասաց՝ ըստ նախկինում պեղումներն իրականացնող հնագետների՝ այս շինությունը կառուցվել է 7-րդ դարում։ Սակայն իրենց կարծիքով, ընդհակառակը, այն եկեղեցուց ավելի վաղ է կառուցվել։ Իսկ ե՞րբ է ավերվել եկեղեցին, ի՞նչ պատճառներով հարցին Մ․ Սաֆարյանը պատասխանեց՝ ընդհանրապես եկեղեցու կառուցման ու խոնարհման հետ կապված տեղեկություն չկա։ Եղել է կարծիք, որ եկեղեցին երկրաշարժից է ավերվել, սակայն վերջին պեղումների արդյունքում բացվել են կառույցի հիմքերը, որ ամուր են և բացառվում է երկրաշարժի տարբերակը։ Կա մարդկային գործոնի ազդեցությունը։

Զրուցեցի պեղումներին օգնող կամավորականներ Նարեի ու Վազգենի հետ, որոնք Էջմիածնից են, փոխադրվել են 6-րդ դասարան։ Ասացին՝ սիրով են մասնակցում աշխատանքներին, հետաքրքրում է իրենց։ Անժելա Գնունի-Թադևոսյանը կարևորեց պեղումները, իսկ կամավորական երեխաների մասին ասաց՝ իրենց հրաշք օգնականներն են, լավ են աշխատում։

Եկեղեցու հարավային պատի տակ բացվել է 7-րդ դարում հայտնի Առավեղյան նախարարական տոհմի իշխան Խեչան Առավեղյանի տապանաքարը՝ երկաթագիր արձանագրությամբ։ Տապանաքարին գրված է նաև իշխանի տիտղոսը՝ «Պատրիկ»։ 640 թվականին հիշվում է Խաչյան Առավեղյանը, ով այլ երկու իշխանների հետ արաբների առաջին արշավանքի լուրը հասցրեցին Դվին։ Ըստ Մովսես Խորենացու՝ Առավեղյանների նախարարությունը հիմնել է Հայոց Արտաշես Ա թագավորը։ Առավեղյանները, իբրև Սաթենիկ թագուհու մերձավոր ազգականներ, Մեծ Հայք գալով, դասվեցին հայ նախարարների շարքը։ Սեբեոս պատմիչը Առավեղյաններին հիշատակում է Այրարատ նահանգում՝ չնշելով գավառը։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930