ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, շարունակելով վերջին շրջանում ստեղծված ավանդույթը, այսօր ամփոփել է 2025 թվականի 36-րդ շաբաթվա՝ սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածի կարեւոր իրադարձությունները:
«Սեպտեմբերի 1-ով սկսվեց նոր ուսումնական տարին եւ այն նշանավորվեց նրանով, որ ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանում չէին գտնվում ոչ վարչապետը, ոչ ԿԳՄՍ նախարարը, որոնք մեկնել էին Չինաստան եւ Ճապոնիա: Անհասկանալի էր կրթության նախարարի ներգրավվածությունը այդ պատվիրակության կազմում, որը մասնավորապես բովանդակային ոչինչ չուներ անելու այդ այցելությունների ընթացքում:
Նոր ուսումնական տարվա ընթացքում ես չեմ հանդիպել որեւէ դեպքի, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելեն հանրակրթական դպրոցներ եւ շնորհավորեն դպրոցականներին: Միայն մի դեպք է եղել. նախագահ Վահագն Խաչատուրյանն է մի տեղ գնացել: Մյուս պաշտոնյաները դպրոց չեն այցելել, աշակերտներին չեն շնորհավորել: Դա իրենց չի հետաքրքրում: Միայն հերթապահ խոսքերով ուղերձներ են ներկայացվել, որը, հուսով եմ, բարեբախտաբար, ոչ ոք չի կարդում: Նաեւ ասեմ, որ պետական հանրակրթական դպրոցներում դասերը սկսվել են ժամը 8:15-ին, ինչը լրացուցիչ խցանումներ, դժվարություններ է առաջացրել քաղաքում: Երևանը, մասնավորապես, չի կառավարվում հավուր պատշաճի, որպեսզի հնարավոր լինի համայնքային կյանքը ըստ տարբեր իրադարձությունների կազմակերպել»,- ասաց նա:
Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցելություններին Չինաստան եւ Ճապոնիա: «Այցերն, ընդհանուր առմամբ անբովանդակ են եղել, ձախողված, որովհետեւ Չինաստան հիմնական այցելությունը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելն էր, որին անդամակցելու հայտ է ներկայացրել Հայաստանը այս տարվա հուլիսին եւ այդ գագաթնաժողովում այդ հայտը մերժվել է: Դա դիվանագիտական ձախողում է: Դիվանագիտական ձախողում է նաեւ այն, որ չնայած Հայաստանը չճանաչող , Հայաստանի հետ մինչեւ հիմա հարաբերություններ չունեցող Պակիստանի հետ ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կոմյունիկե, սակայն հենց այդ նույն Պակիստանն է բոյկոտել եւ դեմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին:
Կարդացեք նաև
Այսինքն, ընդհանուր առմամբ ձախողումների շարք: Ի դեպ, այդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաեւ Ճապոնիայի դեմ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակի շքերթին եւ այդ շքերթի օրը երեկոյան մեկնել է Ճապոնիա: Ասեմ նաեւ, որ այս տարի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Վլադիվոստոկում Ռուսաստանի կողմից կազմակերպվող տնտեսական համաժողովին, որին նախորդ տարիներին շատ պարտաճանաչ կերպով մասնակցել է»,-ասաց դիվանագետը նշելով, որ այս թեմայով ունի մանրամասն վերլուծություն, որը Youtube-ում կհեռարձակվի երկուշաբթի երեկոյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ