Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն էր, որ իմ մասին է, թեեւ ոչ մի տող չի համընկնում իմ կենսագրության հետ. Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ որպես դերասան

Սեպտեմբեր 08,2025 10:21

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 84-րդ թատերաշրջանը մեկնարկել է պրեմիերայով. թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը այս անգամ հանդես է գալիս նաեւ որպես դերասան՝ Քրիստ Մանարյանի «5 կանգառ» ներկայացման մեջ: Սա դրամա է, որը պատմում է սիրո, բաժանման, լռության եւ չասված խոսքերի մասին:

Քանի որ Հակոբ Ղազանչյանը շատ տարիներ առաջ եւս նման փորձառություն ունեցել է, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու է որոշել վերհիշել «ջահել օրերը» եւ հանդես գալ որպես դերասան: «Շատ հետաքրքիր պատմություն է, Քրիստն անընդհատ գալիս-գնում էր «Երեւան- 2024 մյուզիքլի փորձերին, որի երաժշտության եւ տեքստերի հեղինակն է: Մի օր ինձ ասաց՝ մի հատ պիես եմ մտածել ու քեզ եմ պատկերացնում: Մտածեցի` հումոր է անում: Ասացի՝ արագ վերջացրու, բեր, քանի որ մտածում էի, որ մեկը կխաղա, պարտադիր չի, որ ես խաղամ: Բերեց՝ կարդացի…ու այդպիսի բան ինձ հետ վաղուց չէր եղել, որ ես կարդալիս շատ էի հուզվել: Ասացի՝ Քրիստ, վե՛րջ, վերադարձանք բեմ»:

Քանի որ ներկայացման մեջ Հակոբ Ղազանչյանի խաղընկերն է կինը՝ Լարիսա Ղեւոնդյանը, հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է, որ ռեժիսորը եւ բեմադրում ու խաղում է, այն էլ՝ սեփական կնոջ հետ: «Շատ դժվար է…Ես եւ Կապանի թատրոնում եւ Գյումրիում խաղացել եմ, երբ ղեկավարում էի այդ թատրոնները; Երբ եկանք Երեւան, որոշեցի, որ դա շատ բարդ գործ է, շատ քիչ ռեժիսորներ գիտեմ, որոնց դա հաջողվել է, ասենք Խորեն Աբրահամյանին, Օլեգ Եֆրեմովին…Բայց Խորեն Աբրահամյանի պարագայում դա մոնոներկայացում էր, բոլորն անտուրաժ էին, իրեն օգնում էին, այսինքն՝ իր հզոր դերասան լինելը նպաստում էր դրան:

Ես հասկացա, որ դա բարդ բան է, որովհետեւ Գյումրիում երկու դեր էի խաղացել, բայց երկու պատրաստի ներկայացումների մեջ ուղղակի մտել էի: Արդեն ամեն ինչ բեմադրված է եղել: «5 կանգառի» դեպքում երկու դերակատարով ավելի հեշտ էր: Ես այս պիեսը համարում եմ Քրիստ Մանարյանի լուրջ թռիչքը, իմ կարծիքով շատ զիլ գործ ստացվել»,-ասաց Ղազանչյանը:

Նա նշեց, որ դեռ չգիտի՝ էլի կխաղա՞, թե միայն կբեմադրի ներկայացումներ. «Այնպես չի, որ ուշքս գնում է, ուղղակի այս դերը շատ հավանեցի: Տպավորություն էր, որ իմ մասին է գրված, ոնց որ քո կենսագրությունը լինի, չնայած ոչ մի տող չի համընկնում իմ կենսագրության հետ…Չեմ կարծում, թե էլի կփորձեմ նման բան անել, բայց եթե նման առիթ լինի, գուցե մտածեմ»:

Ներկայացման ձեւաչափին էլ անդրադարձ եղավ. հանդիսատեսը եւ դերասանները բեմի վրա էին, հանդիսատեսն ասես մաս էր կազմում բեմադրության: Եվ դերասանների, եւ հանդիսատեսի հուզմունքը միախառնվելով՝ մի այլ միջավայր էր ստեղծում դահլիճում, որտեղ հանդիսատեսն ափսոսանքով տեսնում էր, թե ինչպես երկու իրար սիրող մարդիկ միմյանցից ընդամենը 5 կանգառ հեռավորության վրա են ապրում, բայց այդպես էլ չեն հանդիպում:

«Պրեմիերան մտածված էր փոքր դահլիճի համար, բայց հետո, երբ էկրանի գաղափարն եկավ, որոշեցինք փոքր էլի ֆորմատով անել, բայց բեմի վրա տեղափոխել»,-ասաց մեր զրուցակիցը:

Քրիստ Մանարյանն էլ պատմեց, որ ինքն է առաջարկել ներկայացում անել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ ժամանակին աշխատել է նաեւ իր հայրը՝ մեծանուն դերասան Երվանդ Մանարյանը. «Ես Հակոբ Ղազանչյանին շատ եմ հավանում եւ որպես մարդ, եւ որպես մասնագետ…Պիեսն էլ գրեցի ու իրեն պատկերացրի: Իհարկե, հետագայում այն բավական փոփոխությունների ենթարկվեց, Հակոբ Ղազանչյանը պիեսը ավելի մեղմ ու մարդկային է դարձրել; Նման պատմություններ գուցե շատերի հետ են պատահել»,-ասաց Մանարյանը: Նշեց, որ իրեն՝ իր պիեսի Ղազանչյանական մեկնաբանությունը դուր է եկել:

Հավելենք, որ բեմադրությանը ինքնատիպ «գույն» էին տալիս պարերը՝ Անգելինա Անթարյանի, Արտակ Հովհաննիսյանի եւ Նարեկ Զոհրաբյանի ներկայացմամբ, դրանք էլ ավելի էին ընդգծում դրաման, կորսված ու վերագտնված սիրո ապրումները: Էկրանին երեւացող կադրերը, որոնք նկարել էր Մարիամ Մուրադյանը, տեսանելի էին դարձնում սպասումների, հուշերի ծանր բեռը, եւ կրկին երջանիկ լինելու սրտի թրթռոցը: Ներկայացման մեջ հնչում էր Քրիստ Մանարյանի երգը, որը Հակոբ Ղազանչյանից բացի՝ կատարում էր Թերեզա Մաթեւոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930