«Ասում եք՝ այս նախագծով պետական գույքը փորձում եք ավելի լավ կառավարել եւ ավելի շատ եկամուտներ ապահովել պետական բյուջե»,- խորհրդարանում կառավարության ներկայացուցիչներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ «Պետական գույքի կառավարման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով կառավարությունն առաջարկում է գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինել վարձակալությամբ տրվող համակարգով։ Ըստ կառավարության, այս համակարգը հնարավորություն կտա պետական գույքը առավել արդյունավետ կառավարել։
Հիշեցնենք, կառավարությունում նախագիծը դրական եզրակացություն է ստացել։
Պատգամավորն օրինակ է բերում՝ երբ ԲՈՒՀ-ի կամ մանկատան շենքը, օրինակ, վարձո՞վ են տալու ԲՈՒՀ-ին, հետո էլ պետբյուջեից նույնքան վարձավճա՞ր են տալու ԲՈՒՀ-ին, որ վարձը վճարի․ ո՞րն է սրա իմաստը կամ հանրության ստացած արդյունքը։ Նրա դիտարկմամբ, այս վարժության ընթացքում ավելորդ վարչարարություն է իրականացվելու եւ ռիսկեր են առաջանալու․ «Կարո՞ղ է՝ փողը գնա եւ հետ չվերադառնա եւ աչքը սարքելու փոխարեն ունենք էլ հանենք»։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատասխանեց ընդդիմադիր գործընկերներին՝ ասելով, որ կարեւոր հարցեր են տալիս, բայց բոլոր հարցերը քննարկել են, էլի կարող եք քննարկել․ «Տնտեսական հարցերի հանձնաժողովում դուք երեք պատգամավոր ունեք, ուրախ կլինեինք, որ մասնակցեին նիստին»։
Կարդացեք նաև
Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց՝ Բաբկեն Թունյանը չի որոշում, թե ընդդիմադիրները ո՞ր հարթակում հարցերը քննարկեն, իսկ նման հարթակները մի քանիսն են՝ ԱԺ կանոնակարգով սահմանված։
Բաբկեն Թունյանի դիտարկմամբ էլ՝ ընդդիմադիրների դիտողությունները, անգամ թեժ քաղաքական շրջանում, հաճախ հաշվի են առնվել եւ նախագիծն ավելի դրական են դարձրել։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ռեֆորմը նոր չէ, վաղուց է նախատեսված, սակայն տարբեր փուլերում, երբ փորձել են կիրարկել՝ բազմաթիվ ռիսկեր, այդ թվում նաեւ կոռուպցիոն, առաջացել են ու պետությունը ստիպված է եղել հետաձգել այն: Իր համոզմամբ, այսպիսով արհեստականորեն մեծանում են պետբյուջեի մուտքերը եւ ծախսերը, որը հավելյալ արժեք չի ստեղծում, ռիսկը շատ ավելի մեծ է, քան ակնկալվող օգուտը, եթե օգուտի մեջ քարոզչության դրվագը չենք ներառում։ Նա կարծում է, որ սա բերելու է շատ ֆունկցիաների ոչ արդյունավետ կառավարմանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը (լուսանկարում) վստահ է՝ թե ֆինանսական, թե կառավարման տեսանկյունից ռեֆորմը մեծ օգուտներ է բերելու։
Ընդդիմադիրները կարծում են, որ կազմակերպությունների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու այսպիսով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ