ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի Գառնի պատմամշակութային հնավայր-թանգարան՝ ծանոթանալու բաղնիքի խճանկարի վերականգման աշխատանքներին։
Ֆլորենցիայի «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի մասնագետները սեպտեմբերի 1-ից զբաղվում են խճանկարի առավել վտանգված հատվածների վերականգնմամբ։ Տեղում ներկայացվել է իրականացված աշխատանքը․ մաքրվել է խճանկարի մի մասը, որոշ հատվածներ ամրակայվել են, իրականացվել են նաև պահպանական այլ միջոցներ։
Իտալացի մասնագետները նմուշառումներ են կատարել նաև նախորդ՝ մոտ 30 տարի առաջ իրականացված վերականգնման նյութերից՝ պարզելու համար այդ հատվածներում կապակցող նյութերի ճիշտ ընտրությունը։
Մասնակի նորոգումից հետո խճանկարը կկոնսերվացվի, իսկ աշխատանքները կշարունակվեն հոկտեմբեր ամսին՝ որոշակի ուսումնասիրություններից հետո։
Կարդացեք նաև
Աշխատանքներին մասնակցում են նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետները, որոնք նոր փորձ են ձեռք բերում խճանկարի հետագա ընթացիկ ճիշտ պահպանությունն իրականացնելու նպատակով։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ