Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թառի և ֆանկի միաձուլումով Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը թողարկել է «Մոկաց շուկեն» երգը նոր տեսահոլովակով

Սեպտեմբեր 08,2025 16:25

Հայտնի թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն իր MVF Band խմբի հետ ներկայացնում է սիրված «Մոկաց շուկեն» երգի նոր ձայնագրությունն ու տեսահոլովակը։

Տարիներ շարունակ տարբեր համաշխարհային բեմերում խմբի կենդանի կատարմամբ մեծ սիրո արժանացած երգն այժմ հասանելի է բարձրորակ ձայնագրությամբ՝ ընդգծելով խմբի որակն ու յուրահատուկ ձեռագիրը։ Թողարկումը նվիրված է բանահավաք,
ազգագրագետ և հայ երգի գիտակ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին, ով վերակենդանացրել է այս և բազմաթիվ այլ ազգային երգեր՝ ժառանգելով այսօրվա երգարվեստին:

Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը ամենահեղինակավորներից է հայկական ժամանակակից ջազի ասպարեզում՝ 1000-ից ավելի համերգներով ավելի քան 30 երկրում՝ ելույթներով Քեննեդի Կենտրոնում (Վաշինգթոն), Royce Hall-ում և Ford Theatre-ում (Լոս
Անջելես) ու միջազգային բազմաթիվ փառատոններում, ներառյալ MIDEM-ը (Կանն) և Smithsonian Folk-Life Festival-ը (Վաշինգթոն)։

Երաժշտական ու ստեղծագործական մոտեցմամբ խմբի ծավալած գործունեությունը կարելի է համեմատել համաշխարհային
այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Snarky Puppy-ն, Fearless Flyers-ը, Vulfpeck-ը, և այլք:

«Մոկաց շուկեն» երգի այս մշակումն առաջիններից էր և շարունակում է առանձնանալ թե՛ ստեղծարար մոտեցմամբ, թե՛ ժամանակակից հնչողությամբ ու թե՛ ժանրային համադրությամբ: Երգի այս համարձակ մեկնաբանությունը արմատավորված է
ժողովրդական երգի բնօրինակ ոգում, բայց նաև ճեղքում է ավանդական կլիշեները՝ փորձարկելով այն ֆանկի ու ջազի համադրությամբ: Հայկական թառի և սաքսոֆոնի անկրկնելի հնչյունային զուգադրման առանցքի շուրջ հյուսված նոստալգիկ ֆանկի ռիթմը ստեղծում է ռետրո-ֆուտուրիստիկ տպավորություն՝ մեկտեղելով ավանդույթն ու նորարարությունը: Երգի տեսահոլովակը ևս փոխանցում է նույն ոգին ու գեղագիտական մոտեցումը՝ նոստալգիկ պատկերները համադրելով ժամանակակից ձևավորման հետ։

Տեսահոլովակի բեմադրումն Անդո Բերբերյանինն է, իսկ արտադրությունը՝ Օբերտոն երաժշտական ընկերությանը:

«Տասնամյակից ավելի ծավալած գործունեոււթյանս ընթացքում համոզվել եմ, որ հայկական ժողովրդական երգը կարող է հետաքրքիր ու գրավիչ լինել համաշխարհային լսարանների համար ևս, եթե դրա մշակումներում ու կատարումներում երաժշտական ավանդույթին ու ժառանգությանը մոտ մնալով հանդերձ չսահմանափակվեն ստեղծարար միտքն ու նորարարությունը: Հայկական երաժշտությունն իր բնույթով համամարդկային է և ճկուն ու այն կարելի է համադրել ամենատարբեր մշակույթների ու երաժշտական ոճերի հետ: Միայն այսպես է հնարավոր ստեղծել մրցունակ ժամանակակից հայկական երաժշտություն և նոր հայկական հնչողություն, որը կարելի է հանրահռչակել միջազգային և բարձրակարգ երաժշտական շրջանակներում»,- մեկնաբանեց Միքայել Ոսկանյանը:

«Մոկաց Շուկեն» երգի այս տարբերակը հանդիսատեսը կարող է վայելել նաև կենդանի կատարմամբ` խմբի առաջիկա համերգներին:

Միքայել Ոսկանյան և ընկերներ խմբի մասին
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը Հայաստանում առաջատարներից է ալտերնատիվ ջազ և էթնո-ֆյուժն ժանրերում: Խմբի հիմնադիրն ու առաջնորդը հայտնի թառահար, կոմպոզիտոր և վոկալիստ Միքայել Ոսկանյանն է, ով նոր շունչ է հաղորդում
ժամանակակից հայկական երաժշտությանը:

Միքայել Ոսկանյանի գլխավորությամբ խումբը նոր մոտեցում է բերել՝ հայկական երաժշտության մեղեդային խորությունն ու ելևէջների նրբերանգները մեկտեղելով ջազի հարմոնիկ բարդության և իմպրովիզացիոն ազատության հետ՝ ստեղծելով միաժամանակ
և համարձակ և հարազատ հնչողություն:

Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը ելույթ է ունեցել ավելի քան 30 երկրներում։ Ավելին, միջազգային «Made in New York Jazz» մրցույթում 250 մասնակիցների շարքում երկրորդ տեղն է գրավել, ինչպես նաև հետագայում ընտրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ միանալու Center Stage մշակութային մեկամսյա փոխանակման ծրագրին: Հայաստանում Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը ճանաչվել է որպես «Լավագույն ջազ/ֆոլկ նախագիծ» ազգային «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության և «Լավագույն ֆոլկ ալբոմ» (Folk Fusion, 2014) Van Music Awards-ի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930