Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ես վաղն առավոտյան երրորդ անգամ Ռուբեն Ռուբինյանի մասով հաղորդում կներկայացնեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին»

Սեպտեմբեր 08,2025 16:20

Քաղաքացիների ընդունելության շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը այսօր երրորդ անգամ հրաժարվեց հանդիպել քաղաքացի Էդգար Ղազարյանին: Վերջինս գրանցվել էր ԱԺ փոխնախագահի հետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն (իմպիչմենտ) հայտնելու գործընթացը քննարկելու նպատակով: Էդգար Ղազարյանը նշանակված ժամին ԱԺ ընդունարանում էր, սակայն աշխատակցուհին նրան տեղեկացրեց, որ Ռուբեն Ռուբինյանը նպատակահարմար չի համարում հանդիպել անձամբ Էդգար Ղազարյանի հետ:

Հերթական մերժումը ստանալուց հետո Էդգար Ղազարյանը լրագրողներին ասաց. «Ռուբեն Ռուբինյանը երրորդ անգամ կրկնում է նույն ենթադրյալ հանցագործությունը՝ ցուցաբերելով խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ՝ պայմանավորված քաղաքական հայացքների տարբերությամբ: Ինքը նման իրավունք չունի: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է, սա խտրական վերաբերմունք է: Եվ նա դրա համար շուտ-ուշ կրելու է ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական պատասխանատվություն:

Ես վաղն առավոտյան երրորդ անգամ Ռուբինյանի մասով հաղորդում կներկայացնեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Ի դեպ, ասեմ, դատախազը ամեն անգամ մակագրում է այլ դատախազություններ, քննչականներ, բայց սա գլխավոր դատախազի ուղիղ իրավասության ոլորտի վերաբերող հարց է, որովհետեւ մեր երկրի սահմանադրությամբ միայն գլխավոր դատախազը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան հանրային քրեական վարույթում որպես մեղադրյալ ներգրավելու համար: Այնպես որ, սա գլխավոր դատախազի ուղիղ պատասխանատվության հարցն է եւ ինքը պարտավոր է դա անել անձամբ: Ես վաղը հանցագործության մասին այդ հաղորդումը կներկայացնեմ: Իսկ հետո կներկայանամ քաղաքացիների ուրբաթ օրվա ընդունելությանը, որը նախատեսված է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի քավորի եղբոր հետ»:

Հարցին, թե մինչեւ այժմ նմանատիպ հանցագործությունների մասին քանի՞ հաղորդում է ներկայացրել դատախազություն, Էդգար Ղազարյանը հստակ թիվ չհիշեց՝ նշելով. «Եթե չեմ սխալվում, արդեն 17, որոնցից կրկնվում են Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի պարագայում, որովհետեւ մյուս դեպքերում տարբեր պատգամավորներ են: Այնտեղ գրաֆիկ կա, թե որ պատգամավորը պետք է մասնակցի: Այսինքն, միայն հանձնաժողովերի նախագահները չեն: Ընդ որում, ունենք Արսեն Թորոսյան, որն այլեւս պատգամավոր չէ: Բայց ինքը եղել է պատգամավոր եւ խտրական վերաբերմունքը դրսեւորել է ոչ միայն ինձ չընդունելով, այլեւ իրեն հասցեագրած իմ գրությունը հրապարակայնորեն պատռելով, այդ մասին տեսանյութ պատրաստելով եւ հրապարակելով, ինչի իրավունքը նույնպես չուներ: Մենք օրենք ունենք քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների մասին: Եվ պետական պաշտոնյաները պարտավոր են քննության առարկա դարձնել քաղաքացիներից ստացված դիմումները, առաջարկությունները եւ օրենքով սահմանված ժամկետում պատասխանել:

Ինքը կարդալով, որ ստացել է նամակ քաղաքացի Էդգար Ղազարյանից, դա հրապարակայնորեն պատռում է: Եվ ինչքա՜ն է զավեշտալի, որ այդ որակի, այդ էթիկան դրսեւորած պատգամավորը հիմա զբաղեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ հավերժ կրելով իր վրա Հայաստանի Հանրապետության «մահվան նախարարի» ոչ պատվաբեր կոչումը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՞ց ինչ արձագանք կա: «Առանձնապես ոչնչով չեն զբաղվում: Երկու հարցում են իրականացրել ԱԺ եւ դատախազություն, պատասխաններ են ստացել, վարույթ են նախաձեռնել, բայց վերջնական որոշում չեն կայացրել: Ես իրենց դիմել եւ հարցրել եմ, թե ո՞ւր է իրենց որոշումը, ի՞նչ որոշում ունեն այդ առնչությամբ: Մի հետաքրքիր բան ասեմ. բոլոր գրությունները ստորագրում եւ որոշումները կայացնում են տարբեր մարդիկ, որոնք հանդես են գալիս որպես ՄԻՊ-ի պարտականությունների կատարող, բայց դա Անահիտ Մանասյանը չէ: Ես պահանջել եմ եւ իմ ձեռքի տակ ՄԻՊ-ի թղթերի մեջ դեռ թուղթ չկա, որ ստորագրած լինի Անահիտ Մանասյանը: Նա չկա, անհանգիստ եմ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930