«Հանդիպումը տեղի է ունենալու մոտ օրերս՝ ՀՀ-ում։ Երբ ժամանակը գա, հանդիպման տեղը կհայտնենք»,-անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ ՀՀ այցին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա տեղեկացրեց՝ հանդիպման օրակարգը ներառելու է ՀՀ- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը ու նշեց․ «Մի քանի թեմա է եղել քննարկման։ Գիտեք՝ վերջին մեր հանդիպումից հետո Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ են եղել քննարկումներ։ Թեմա կա Անիի պատմական կամրջի վերաբերյալ, և ընդհանուր գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է»։
Հարցին՝ հայ-ադրբեջանական գործընթացում արձանագրված համաձայնությունները հնարավո՞ր է ազդակ դառնան, որ ի վերջո այս հանդիպումների ժամանակ հայ-թուրքական հարաբերություններում գործնական քայլեր տեսնենք, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Վաշինգտոնյան համաձայնությունները և հռչակագիրը շատ կարևոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի և′ տարածաշրջանային գործընթացների վրա, և տարածաշրջանից դուրս»։
Հարցին՝ օրակարգում հայ-թուրքական սահմանը բացելու հարցը կա՞՝ հաշվի առնելով, որ արդեն ձախողում է գրանցվել երրորդ երկրների ներկայացուցիչների համար ճանապարհը բացելու սցենարի իրագործման հարցում, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացը սահմանների բացման և ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է։ Ճիշտ եք, որ երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել մինչ այս պահը ոչ մեր մեղքով, բայց հույս ունենք, որ այն կիրագործվի։ Չեմ տեսնում պատճառ, թե ինչու պետք է Թուրքիան հապաղի, մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ Արցախը ձեր իշխանության օրոք կորցրինք և Թուրքիայի հետ չկարողացանք վերջնական հարաբերություններ հաստատել, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Էդ Ձեր ելույթները կգնաք, Ձեր խմբագրի առաջ կունենաք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ