Հաղորդուղիների նկատմամբ իրական գերիշխանության ապահովում և պանթուրքիստական իրական վտանգի խորը գիտակցման հենքի վրա համապատասխան ռազմավարության մշակում ու կիրառում
Ինչպես սպասվում էր, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի «վկայությամբ» Փաշինյանի և Ալիեւի միջեւ կնքված համաձայնությունը և արտգործնախարարների միջեւ «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը հերթական անգամ սուր բանավեճերի, առարկայական և ոչ առարկայական գնահատականների, փոխադարձ քննադատությունների ու մեղադրանքների դուռ բացեցին: Եվ դա օրինաչափ է: Չէր կարող այդպես չլինել, հատկապես հաղորդակցուղիների վճռորոշ թեմայի պարագայում:
«Թրամփի ուղու» մանրամասները դեռեւս հրապարակված չեն: Իշխանությունները պնդում են, որ դրանք դեռեւս ճշտված չեն, բայց բոլոր պարագաներում Հայաստանի գերիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորված են լինելու: Բայց այն, ինչ արդեն իսկ հայտնի է («անխոչընդոտության» դրույթը և դրա միակողմանիությունը, նաեւ այլ կետեր) բավարար են բավականաչափ վստահությամբ եզրակացնելու, որ Ադրբեջանն ստացել է, եթե ոչ արդեն ամբողջական, այնուամենայնիվ արդեն իսկ «կես միջանցք»: Սրանով հանդերձ, կարծես աներկբա է, որ այս համաձայնությամբ Հայաստանն ստանում է որոշակի ժամանակ:
«Ուղու» իսկական բովանդակության հարցն անկասկած չափազանց կարեւոր է և ճակատագրական: Բայց ավելի կարեւոր հարցն է՝ իսկ հետո՞:
Կարդացեք նաև
Իշխանություններն ու նրանց աջակիցները բերկրանքի մեջ են, կամ ձեւացնում են այդպես լինել. խաղաղությունն արդեն նվաճված է և Հայաստանը ապահովել է ԱՄՆ-ի թիկունքը: Եւ արդեն իսկ հայտարարվել է պաշտպանական բյուջեի համամասնությունը փաստացի նվազեցնելու որոշման մասին: Սրանք լավագույն դեպքում հանցավոր մոլորություններ են: «Պաշտոնական» ընդդիմությունն իր սովորական կարգախոսային մեղադրանքներից այն կողմ բովանդակային քիչ բան է ասում ու անում, իսկ ավելի հարգարժան ընդդիմախոսների մեծամասնությունը եւս բավարարվում է վերլուծական քննադատությամբ ու կարծես անհրաժեշտ լրջությամբ չի դիտարկում իսկ հետո-ի՞նչ անելու խնդիրը:
Ինչպես անցնող 35 տարիներին, նույնպես և այսօր ի՞նչ անել հարցի պատասխանի մեկնակետը պետք է լիներ և պետք է լինի Հայաստանի իրականությունը բնութագրող ամենաէական փաստի խորը գիտակցումը և դրանից բխող հետեւությունների հանգումը: Ամենաէական այդ փաստը պանթյուրքիստական ծրագրի առկայությունն է: Այդ ծրագիրն առկա է և այն բացարձակապես պայմանավորված չէ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումներով: Բոլոր հարցերի շուրջ լուրջ քննարկումների ծավալումն ու լուծումների փնտրտուքը անհրաժեշտաբար պետք է տեղի ունենա այդ ամենաէական փաստի պարտադրած պայմանների գիտակցման շրջանակներում:
Սկսած դեռ 1990-91 թթ.-ից, ամենալուրջ օրակարգերի և թեմաների շուրջ Հայաստանում ծավալված քննարկումներն ու կայացված որոշումները համարյա միշտ իրենց հիմքում չեն ունեցել այդ փաստի արձանագրումը, ու այդ պատճառով ի սկզբանե, կարելի է ասել, եղել են իրականությունից կտրված: Այս մասին արժե անդրադառնալ առանձին հոդվածով:
Բայց նույնիսկ այդ ճակատագրական բացթողումներից հետո, առնվազն այսօր պետք է դուրս գալ ջայլամի քաղաքականությունից և ի՞նչ անել հարցի պատասխանը փորձել գտնել նշված փաստի գիտակցման վրա: Իսկ այդ գիտակցումից բխող գլխավոր հետեւությունն այն է, որ պանթուրքիզմը տեւական ծրագիր է, այն կանգ չի առել անցյալում, և Հայաստանը, գոյատեւելու համար, չունի այլ ընտրություն, քան դիմադրողունակություն ձեռք բերել դրա նկատմամբ:
Համոզումը, թե Հայաստանը չունի ռազմավարական դաշնակիցներ և չի կարող ապավինել մեծ տերությունների անվտանգային երաշխիքներին, մեծ հաշվով ճիշտ է: Այս պնդման շարունակությունը, ըստ որի՝ հետեւաբար Հայաստանը պետք է գտնի Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ ապրելու միջոց ու հնարավորություն՝ առանց հույսը դնելու արտաքին՝ դաշնակցային մասշտաբի երաշխավորների վրա,, եւս ճիշտ է: Բայց մեծագույն մոլորություն է կարծելը, թե Հայաստանն այդ հնարավորությունը չունի՝ երկու «ցլերի» առանքում «կարմիր շորերով հայտնվելու պատճառով, և բավական է, որ այդ «շորերն» իր վրայից քցի, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը բարյացակամ գտնվեն իր նկատմամբ: Վերջինների հետ «խաղաղության» և հարաբերությունների «բնականոնացման» ոչ մի համաձայնություն չի վերացնելու Հայաստանի գլխավերեւում ծառացած պանթուրքիզմի սպառնալիքը, այնքան ժամանակ, որ նա դիմադրողունակություն ձեռք չի բերել դրա նկատմամբ:
Ոմանք կարող են հակադարձել, ասելով թե օդում կախված այս վտանգի հիշեցումը նորություն չէ և շատերն են գիտակից դրան: Ճիշտ է, հատկապես 2020թ.-ից հետո հայ հանրության մի զգալի հատված անհաղորդ չէ այս ճշմարտությանը: Բայց Հայաստանում ռազմավարական որոշումները և մեծավ մասամբ վերլուծությունները հիմնված չեն եղել և շարունակում են չլինել այս ճշմարտության խորը գիտակցման վրա, ու այդ պատճառով անհրաժեշտ է կրկին հանգամանալից բացատրել ու վերլուծել այն: Բայց այս հոդվածը կարճ պահելու և այստեղ հիմնական ասելիքի առանցքը չպղտորելու համար դրան կանդրադարձվի առանցին: Մինչ այդ սակայն անհրաժեշտ է կատարել երկու կարեւոր հաստատում, որոնցից առաջինը կրկնություն է լինելու:
1. Պանթյուրքիստական քաղաքականությունը անցյալում պայմանավորված չի եղել և այսօր եւ պայմանավորված չէ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հայկական իրական կամ ենթադրյալ պահանջատիրությամբ կամ «արկածախնդիր» քաղաքականությամբ, այլ իր ներքին տրամաբանությամբ շարժվող երեւույթ է:
2. Անկախ պանթյուրքիզմի, մեր տարածաշրջանում առկա են աշխարհաքաղաքական այլ շահեր, և իր իրականացման գործընթացում պանթուրքիզմն իհարկե չի կարող հաշվի չնստել այդ փաստի հետ. բայց դա ոչինչ չի փոխում խնդրի էությունից: Թուրքերը (լայն իմաստով) ձգտում են իրենց ռազմավարությունն իրականացնել մերթ օգտվելով այդ շահերի առկայությունից ու նրանց միջեւ հակասություններից, մերթ պայքարելով դրանց դեմ: Պանթուրքիզմի ծրագիրը շարունակում է գոյություն ունենալ այդ շահերի պայմաններում և այդ շահերից անկախ:
Ի՞նչ է նշանակում պանթուրքիզմի նկատմամբ դիմադրողունակության ձեռք բերում: Նշանակում է (և էր)՝ այդ փաստի գիտակցման հենքի վրա հիմնված համալիր ռազմավարության մշակում և կիրառում՝ պետական գործունեության անխտիր բոլոր, ներքին, պաշտպանական ու անվտանգային, արտաքին, տնտեսական, սոցիալական, գիտակրթական, սփյուռքի հետ հարաբերությունների և նրան այդ ռազմավարությունում ներգրավելու ու այլ ոլորտներում: Բոլոր այս ոլորտներում ռազմավարության մշակումն ու կիրառումն իհարկե ցանկացած պետության գործառույթն է: Իսկ այստեղ շեշտադրումը այդ ռազմավարության անհրաժեշտաբար «պանթուրքիզմի գոյության փաստի վրա հիմնված» լինելու հրամայականն է:
Ռազմավարական այդ ծրագիրը հաջողության շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ մինչեւ 2020թ.: Ամբողջ 30 տարի ժամանակ կորցնելուց, ծանր պարտությունից ու Արցախի կորստից հետո՝ Ադրբեջանի շարունակվող պահանջների ու սպառնալիքների ներկա պայմաններում, հնարավոր դիմադրողականության ձեռք բերման առաջին նախապայմանը Մեղրիի ու ընդհանրապես Սյունիքի հաղորդուղիներում Հայաստանի իսկական գերիշխանության ապահովումն է: Միայն այդ պարագայում դիմադրողականության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ համալիր ռազմավարական ծրագիրը հաջողության հնարավորություն կարող է ունենալ:
Չափազանց կարեւոր է գիտակցելը, որ մեր պարտությունից ու Արցախի կորստից հետո, ուժերի հարաբերակցության ներկա պայմաններում, Ադրբեջանն ու Թուրքիան պանթյուրքիստական ծրագրի Հայաստանի մասով իրենց նպատակներն իրականացնելու համար պատերազմական գործողությունների դիմելու խիստ կարիք արդեն չունեն: Եթե նրանց հաջողվի Հայաստանը զրկել հաղորդուղիների նկատմամբ իրական գերիշխանությունից, իրենց մյուս նպատակների իրականացումը, շարունակվող սպառնալիքների ու ճնշումների միջոցով, կդառնա պարզապես ժամանակի խնդիր: Ու Հայաստանը փաստացի կվերանա: Այդ գերիշխանությունից զրկելուց հետո նրանց համար շատ ավելի հեշտ կլինի պարտադրել «արեւմտյան ադրբեջանցիների», ապառազմականացման, 150 միլիառ դոլարի «վնասուց հատուցման» և այլ պահանջների պարտադրումը: Հայաստանը հաղորդուղիների նկատմամբ իր գերիշխանության կորուստը թույլ չտալու և ապա դիմադրողունակության մյուս պայմանները ձեռք բերելու այլընտրանք պարզապես չունի:
Վաղուց ժամանակն է, որ ազնիվ մղումներով քաղաքական ուժերն ու խմբավորումները, քաղաքական-հասարակական գործիչները, վերլուծաբանները, քաղաքացիներն ու հայրենակիցները չբավարարվեն քննադատությամբ ու իրավիճակի վերլուծությամբ, և հստակ ծրագրերի վրա հիմնված քաղաքական գործունեություն ու պայքար տանեն հանուն ի՞նչ անելու խնդրի լուծման:
Մեր հնարավորությունների սահմանները չափազանց նեղացել են: Բայց մենք այլընտրանք չունենք: Կամ կկատարենք այդ փորձը, և գուցե կփրկվենք, կամ կվերանանք:
ԱՄՓՈՓՈՒՄ
-Ինչպես անցնող 35 տարիներին, նույնպես և այսօր «ի՞նչ անել» հարցի պատասխանի մեկնակետը պետք է լիներ և պետք է լինի Հայաստանի իրականությունը բնութագրող ամենաէական փաստի՝ պանթյուրքիստական ծրագրի առկայության խորը գիտակցումը և դրանից բխող հետեւությունների հանգումը:
-Պանթյուրքիստական քաղաքականությունը անցյալում պայմանավորված չի եղել և այսօր եւ պայմանավորված չէ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հայկական իրական կամ ենթադրյալ պահանջատիրությամբ կամ «արկածախնդիր» քաղաքականությամբ, այլ իր ներքին տրամաբանությամբ շարժվող երեւույթ է:
-Մեծագույն մոլորություն է կարծելը, թե Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ ապրելու միջոց ու հնարավորություն չի գտնում այդ երկու «ցլերի» առանքում «կարմիր շորերով հայտնվելու պատճառով, և բավական է, որ այդ «շորերն» իր վրայից քցի, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը բարյացակամ գտնվեն իր նկատմամբ:
-Հայաստանը, գոյատեւելու համար, չունի այլ ընտրություն, քան դիմադրողունակություն ձեռք բերել պանթյուրքիստական ծրագրի նկատմամբ:
-«Խաղաղության» և հարաբերությունների «բնականոնացման» ոչ մի համաձայնություն չի վերացնի Հայաստանի գլխավերեւում ծառացած պանթուրքիզմի սպառնալիքը, այնքան ժամանակ, որ նա դիմադրողունակություն ձեռք չի բերել դրա նկատմամբ:
-Ձեռք բերել պանթուրքիզմի նկատմամբ դիմադրողունակություն, նշանակում է ԱՅԴ ՓԱՍՏԻ ԽՈՐԸ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ մշակել ու կիրառել համալիր ռազմավարական ծրագիր, պետական գործունեության անխտիր բոլոր, ներքին, պաշտպանական ու անվտանգային, արտաքին, տնտեսական, սոցիալական, գիտակրթական, սփյուռքի հետ հարաբերությունների և նրան այդ ռազմավարությունում ներգրավելու ու այլ ոլորտներում:
-Ադրբեջանի (ու Թուրքիայի) շարունակվող պահանջների ու սպառնալիքների ներկա պայմաններում, հնարավոր դիմադրողականության ձեռք բերման առաջին պայմանը Մեղրիի ու ընդհանրապես Սյունիքի հաղորդուղիներում Հայաստանի իսկական գերիշխանության ապահովումն է:
-Մեր պարտությունից ու Արցախի կորստից հետո, ուժերի հարաբերակցության ներկա պայմաններում, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց նպատակներն իրականացնելու համար պատերազմական գործողությունների դիմելու խիստ կարիք արդեն չունեն: Եթե նրանց հաջողվի Հայաստանը զրկել հաղորդուղիների նկատմամբ իրական գերիշխանությունից, իրենց մյուս նպատակների իրականացումը, շարունակվող սպառնալիքների ու ճնշումների միջոցով, կդառնա պարզապես ժամանակի խնդիր: Ու Հայաստանը փաստացի կվերանա:
– Օգոստոսի 8-ի համաձայնագրում Ադրբեջանի համար «անխոչընդոտ անցում երաշխավորող դրույթը բավարար է բավականաչափ վստահությամբ եզրակացնելու, որ Ադրբեջանն ստացել է առնվազն «կես միջանցք»: Բայց «Թրամփի ուղիի» պայմանագիրը դեռեւս չի կնքվել, և Հայաստանն ԱՄԵՆ ԻՆՉ պետք է անի, որպեսզի, գերիշխանության բացի ֆորմալ արձանագրումից, պայմանագրի դրույթներում իր գերիշխանությունը աներկբայորեն ամրագրվի:
-Հայաստանը հաղորդուղիների նկատմամբ իր գերիշխանության կորուստը թույլ չտալու և ռազմավարական համալիր ծրագրող դիմադրողունակության մյուս պայմանները ձեռք բերելու այլընտրանք պարզապես չունի: Մեր հնարավորությունների սահմանները չափազանց նեղացել են: Կամ կկատարենք այդ վերջին փորձը, և գուցե կփրկվենք, կամ կվերանանք:
Հաջորդիվ՝ հաղորդուղիների նկատմամբ գերիշխանությունից չզրկվելու անհրաժեշտ միջոցառումները:
Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆ