Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից Սարգիս Ֆարմանյանին նյութապես շահագրգռելու եղանակով սպանությունը պատվիրելով, այնուհետեւ Ս. Ֆարմանյանին, սպանությունը կատարող Նարե Ներսիսյանին եւ դրան օժանդակող Գնել Ստեփանյանին ցուցումներ տալով, կազմակերպել է 2018 թ. մարտի 7-ի գիշերը` լույս մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ներկրելու եղանակով Էդգար Մ.Գյուլազյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելը, իսկ 2019 թ. ընթացքում ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը դեպի արտերկիր, 2020թ. հունվարի 22-ին` ժամը 23:21-ի սահմաններում, նույն եղանակով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որտեղ բռնվել է սահմանապահ ուղեկալի ծառայողների կողմից: Ռուբեն Սարգսյանը կալանքի տակ է 2020 թ. հունվարի 22-ից:
Գործը ներկայումս գտնվում է վկաների հարցաքննության փուլում եւ նոր զարգացումներ են սպասվում:
Ըստ Ռ. Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Թամարա Բաղդասարյանի (լուսանկարում)` «Նրա պաշտպանությունը ստանձնելուց եւ գործի նյութերին ծանոթանալուց հետո բավականին կարեւոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք բացառում են սպանության դեպքի առկայությունն առհասարակ՝ իսկ դրա կազմակերպումն էլ հատկապես:
Արդեն իսկ դատարանում հարցաքննվել է դատապարտյալ Նարե Ներսիսյանը, ով հանդիսանում է ենթադրյալ սպանություն կատարած անձ, որը դատարանին հայտնել է, որ դեպքի օրվա իրադարձությունների հետ Ռուբեն Սարգսյանը որեւէ կերպ չի առնչվում եւ անգամ «տեղեկություններ էլ չունի այդ մասին»:
Կարդացեք նաև
2020թ. սետեմբերի 8-ին քրեական գործը՝ թիվ ԵԴ/0953/01/20 համարի ներքո, մուտքագրվել եւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխմամբ մակագրվել է դատավոր Ա. Թադեւոսյանին:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Ա. Թադեւոսյանը սեպտեմբերի 18-ի թիվ ԵԴ/0953/01/20 որոշմամբ Ռուբեն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվում է անփոփոխ:
2021 թ. փետրվարի 16-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադեւոսյանը գործով որոշում է կայացնում «2020 թ. փետրվարի 5-ի որոշմամբ Ռուբեն Սարգսյանի մերձավոր ազգականների տեսակցությունը զանգվածային լրատվության միջոցների եւ այլ անձանց տեսակցությունն արգելելու մասին» որոշումից վերացնել Ռ. Սարգսյանի մերձավոր ազգականների տեսակցության արգելքը:
2021 թ. մայիսի 5-ին քրեական գործը վերամակագրվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Մաթեւոսյանին:
Վերջինիս 2021թ. նոյեմբերի 4-ի թիվ ԵԴ/0953/01/20 որոշմամբ Ռուբեն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը խափանման միջոց գրավով փոփոխելու մասին պաշտպան Ա.Զաքարյանի միջնորդությունը մերժվում է:
ՀՀ նախագահի 2023 թ. ապրիլի 3-ի թիվ ՆՀ-118-Ա հրամանագրով դատավոր Ա.Մաթեւոսյանը նշանակվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ «ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենք»-ի 46-րդ հոդվածի համաձայն՝ թիվ ԵԴ/0953/01/20 քրեական գործը 2023 թ. ապրիլի 6-ին հանձնվում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահին՝ վերաբաշխման հարցը լուծելու համար:
2023 թ. ապրիլի 6-ին համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխմամբ, քրեական գործը վերամակագրվում է դատավոր Ռ.Սմբատյանին:
Դատավոր Ռ.Սմբատյանի 2023 թ. ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործը ընդունվում է վարույթ:
2023 թ. ապրիլի 26-ին դատավոր Ռ.Սմբատյանի կողմից որոշում է կայացվում քրեական գործի քննությունը վերսկսելու եւ դատական քննություն նշանակելու մասին:
Նշեմ, որ դատավոր Ա. Թադեւոսյանի կողմից հրավիրվել են թվով 5 դատական նիստեր, որից չի կայացել 14.07.2021թ., 11.11.2020թ., 06.04.2021թ. նիստերը, այսինքն, այս դատավորի կողմից 7 ամսվա ընթացքում հրավիրված 5 դատական նիստերից 3-ը չեն կայացել։ Այնուհետեւ գործը մակագրվել եւ վարույթ է ընդունվել դատավոր Ա. Մաթեւոսյանի կողմից: Վերջինիս կողմից հրավիրվել են թվով 17 դատական նիստեր, որոնցից չեն կայացել 14.07.2021թ, 23.03.2022թ., 13.03.2023թ. նիստերը, 06.04.2023թ., երբ դատավորը տեղափոխվել է այլ դատարան: Դատավոր Ա. Մաթեւոսյանի նախագահությամբ հիմնականում նիստերը կայացել են, սակայն դրանք նշանակվել են երբեմն 2 ամիսը , հիմնականում ամիսը 1 անգամ: Այնուհետեւ գործը մակագրվել եւ վարույթ է ընդունվել դատավոր Ռ. Սմբատյանի կողմից: Հրավիրվել են թվով 23 դատական նիստեր, որոնցից չեն կայացել 18.12.2023թ., 05.02.2024թ., 22.02.2024թ. (չի կայացել պաշտպանի փոխարինման հիմքով).03.2024թ. (դատավորների ընդհանուր ժողով), եւ 13.05.2024թ., 29.08.2024թ. նիստերը, երբ չի ներկայացել մեղադրյալը նաեւ… 05.10.2024թ.-ին, 13.11.2024թ.-ին, 13.12.2024թ.-ին, 17.06.2025թ…
Դատավոր Ռ. Սմբատյանի կողմից հրավիրված թվով 29 դատական նիստերից կայացել է 17-ը, ամբաստանյալի պաշտպանների հետ կապված շուրջ 5 տարվա ընթացքում, ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի տվյալների, չի կայացել 2 դատական նիստ՝ մի դեպքում պաշտպանի փոխարինման, մյուս դեպքում գործադուլին մասնակցելու պատճառով, առնվազն 6 դատական նիստ չի կայացել պետության կողմից իր պարտականությունները չկատարելու՝ այն է մեղադրյալին դատական նիստին չներկայացնելու, մնացած դեպքերում այլ պատճառաբանություններով:
Պաշտպան Թամարա Բաղդասարյանի տեղեկացմամբ` «Այս ողջ ընթացքում Ռուբեն Սարգսյանի խափանման միջոցին անդրադարձ է կատարվել դատավորների կողմից վարույթ ընդունելիս եւ Ռ. Սմբատյանի կողմից 1 անգամ 30.11.2023 թվին, եւ հաջորդը իմ միջնորդության հիման վրա 14.03.2025թ. եւ 02.07.2025թ. եւ բոլոր դեպքերում կալանքը երկարացվել է, անգամ մերժվել է տնային կալանքի հետ համակցված 50 միլիոն դրամ գրավի կիրառումը»:
«Առավոտ»-ի հարցին, ո՞րն է հիմնավորումն ի վերջո, Թ. Բաղդսարյանն ասում է. «Դատարանների հիմնավորումները հետեւյալն են՝ սույն գործով դեռեւս չեն հետազոտվել բոլոր ապացույցները:
Ներկայացվեցին հրավիրված նիստերը եւ ուշադրություն դարձրեք, որեւէ անգամ դատական նիստ չկայանալու եւ ապացույցները հետազոտելու խոչընդոտ Ռուբեն Սարգսյանի կողմից չի եղել: Հետեւաբար, այստեղ տեղին է վկայակոչել ՀՀ Սահմանադրական դատարանի 30.07.2025թ. որոշումը, որն ամբողջությամբ վերաբերելի է սույն գործին եւ հենց այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Ռուբեն Սարգսյանի կալանքի ձեւով խափանման միջոցը երկարացման ենթակա չէր, քանի որ տարիներ շարունակ որեւէ ջանասիրություն չի դրսեւորվել վարույթով եւ ներկայումս այդ բեռը դրվում է մեղադրյալի վրա:
Քննությունից խուսափելու կամ թաքնվելու ռիսկի գնահատումը դատարանի կողմից եւս իրավաչափ չէ, քանի որ ըստ դրանց՝ Ռուբեն Սարգսյանը այլ գործով բերված լինելով քննչական մարմին, պահվելու ժամկետը լրանալուց հետո հեռացել է բաժնից եւ հայտնաբերվել հետախուզման որոշմամբ: Առկա չեն վարույթն իրականացնող մարմնի կողմից գործուն միջոցների կիրառմամբ՝ ծանուցումներ, բերման ենթարկելու որոշումներ, վարույթին ամբաստանյալի մասնակցությունն ապահովելուն ուղղված գործողություններ: Փոխարենը դատարանը գտել է, որ ամբաստանյալն ինքը պետք է նախաձեռներ եւ ներկայանար վարույթն իրականացնող մարմնին, քանի որ իր համար ենթադրելի էր ինչ-ինչ հնարավոր խնդիրները: Սա կարծում եմ, իրավական տիրույթի քննարկում չէ եւ հենց միայն այն հանգամանքը, որ բերման ենթարկվելուց եւ ազատ արձակվելուց հետո միայն որոշակի ժամանակ անց է մեկնել ՀՀ-ից եւ, ի դեպ, ինքնուրույն վերադարձել ՀՀ, այն պայմաններում, որ իբրեւ տեղյակ էր իր նկատմամբ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ քրեական գործից, վկայում են նախորդիվ արված դատողությունների անհիմն լինելը: Ռուբեն Սարգսյանը այլ երկրում գտնվելու ժամանակահատվածում կապ է հաստատել տեղի իրավապահ մարմինների հետ եւ հայտնել, որ գտնվում է փաստացի ազատությունից զրկվածի կարգավիճակում, որի առնչությամբ որեւէ գործուն քայլեր չեն ձեռնարկվել: Այս մասով հատկանշական է նաեւ այն դիրքորոշումը, որ Ռուբեն Սարգսյանը ազատ արձակվելուց հետո պետք է շարունակեր մնալ ոստիկանությունում եւ անհայտ ժամանակով սպասեր, թե երբ եւ ով իր հետ կորոշի որեւէ գործողություն կատարել: Հետեւաբար, ոստիկանության բաժնից հեռանալը չի կարող դիտարկվել որպես քննությունից խուսափելու հավանականության գնահատում: Ի դեպ, Ռուբեն Սարգսյանի ինքնուրույն ՀՀ վերադառնալը, այն էլ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվելու պայմաններում, վկայում է հենց վերջինիս կողմից վարույթից չթաքնվելու մասին»:
Ռ. Սարգսյանն արդեն 5 տարի գտնվում է նախնական կալանքի տակ: Ունի ցմահ հաշմանդամություն, առողջական բազմաթիվ խնդիրներ եւ ամենակարեւորը՝ մեղսագրվող հանցագործությունը շարժառիթ կամ նպատակ չունի: Ըստ պաշտպանի` մեղադրանքում նշված նպատակը որեւէ աղերս չունի իրականության հետ եւ դա շատ հեշտ է հիմնավորել, քանի որ այն հիմնավորվում է փաստերով՝ դատական ակտերի եւ դատական նիստերի ձայնագրությունների տեսքով: Բանն այն է, որ մահացողը մեկ այլ քրեական գործով հանդիսացել է տուժող, իսկ Ռուբեն Սարգսյանը` մեղադրյալ: Իբրեւ սպանությունը կազմակերպվել է, որպեսզի վերջինս Ռուբենի դեմ ցուցմունքներ չտա: Սա այն դեպքում, երբ առաջին ատյանում գործի քննությունն ավարտված է եղել արդեն իսկ եւ ողջ ընթացքում տուժող Էդգար Գյուլազյանը հայտնել է, որ Ռուբեն Սարգսյանն որեւէ կապ չունի իր առեւանգման հետ: Ավելին, վերջինս ինքն է վերաքննիչ բողոք ներկայացրել, համարելով, որ առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել մեղավորության հարցով, ինչպես նաեւ պատժի նշանակման: «Ստացվում է, որ Ռուբեն Սարգսյանը անհայտ պատճառով կազմակերպել է Էդգար Գյուլազյանի սպանությունը, ում ողջ կյանքում օժանդակել է բոլոր հարցերում, քանի որ վերջինս հանդիսացել է իր աշխատողը»,-հավելեց պաշտպան Բաղդասարյանը:
Նա նաեւ նշեց, որ այս գործով այլ կարեւոր հանգամանքներ առկա են, որոնց մասին հետագայում դատարանում համապատասխան միջնորդությունների ներկայացումից հետո կհրապարակի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.09.2025թ.