Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մանկավարժությունը «հաղթեց» օպերային երգչին

Սեպտեմբեր 10,2025 12:30

Նունե Մուրադյանը՝ մասնագիտական ձեռնարկի, իր երազանքի ու երիտասարդների հետ աշխատանքի մասին

 

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Նունե Մուրադյանը  հրատարակել է «Երգիչ կատարող» ուսումնական ձեռնարկը: «Առավոտի» հետ զրույցում նա ասում է, որ իր հեղինակած ձեռնարկը կիրառվում է երգեցողություն մասնագիտությամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: «Քանի որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար չկային նման ձեռնարկներ, նպատակն այն էր, որ դասախոսների համար ստեղծվի նման մի ձեռնարկ, որը կբխի կրթական չափորշիչների պահանջներից: Ձեռնարկում զետեղված են այն կարեւորագույն ենթաբաժինները, որոնց առնչվում է երգիչը՝ ձայնի տեսակներ, ձայնի խնդիրներ, ձայնի ապարատ, շնչառություն, խոսքի եւ երաժշտության արտահայտչականություն եւ այլն: Մենք գործ ունենք 15 տարեկանից բարձր երիտասարդների հետ, դա ձայնի ձեւավորման այն տարիքն է, որտեղ շատ կարեւոր է դասախոսի դերը: Ինչպես բժիշկը, այդպես էլ երգիչ մասնագետներս պատավոր ենք ուշադիր լինել, բացատրել՝ ինչ ասել է՝ ձայնի խնամք, մեծացնել ձայնածավալը»,-պարզաբանում է մեր զրուցակիցը:

Նա դասավանդում է ուսանող ժամանակվանից, երրորդ կուրսից հրավեր է ստացել արվեստի քոլեջում դասավանդելու, այնուհետեւ շարունակել է կոնսերվատորիայում: Նունե Մուրադյանը նաեւ երգել է, բայց երբ սկսել է մանկավարժությամբ զբաղվել, գործ ունեցել ուսանողների, կոնսերվատորիայում կատարելագործված երիտասարդների հետ, որոնք պատրաստի երգիչներ են դառնում, էլ ավելի է կապվել մանկավարժական աշխատանքի հետ: Ասում է՝ մանկավարժությունը «հաղթել» է օպերային երգչին. «Հիմա քիչ եմ երգում ու շատ եմ դասավանդում: Ուրախությամբ ասեմ, որ բոլոր այն ուսանողները, որոնք շարունակում են կրթությունը, ստանում են որակավորում, իրենց տեղը գտնում են եւ մարզում, եւ հանրապետությունում՝ արվեստի, երաժշտական դպրոցներում, երգում են օպերային թատրոնում, երգչախմբերում, հանդես գալիս տարբեր բեմահարթակներում»:

Ինչ վերաբերում է արդեն 35 տարվա պատմություն ունեցող Արմավիրի արվեստի պետական քոլեջին, Նունե Մուրադյանը նշում է, որ այն մարզում միակ մշակութային կրթօջախն է, սկզբում քոլեջում եղել են միայն երաժշտական բաժիններն ու գեղանկարչությունը, հետո ավելացել են մնացած բաժինները, որոնց կարիքն ուներ մարզը: «Փորքիկ թատրոններ ենք ունեցել, բեմահարթակները, մշակույթի տները չէին գործում, որովհետեւ երիտասարդ ուժը միայն մայրաքաղաք էր գնում՝ Կինոյի ու թատրոնի ինստիտուտում եւ քոլեջում սովորելու: Հիմա մեր քոլեջում կան բոլոր պահանջված մասնագիտությունները: Մեր շրջանավարտները եւ թատրոններում են խաղում, եւ համույթներում են ներգրավված, շատ պահանջված են նաեւ գեղանկարչություն, դիզայն մասնագիտությունները: Ներկայումս Արմավիրի արվեստի պետական քոլեջում 9 մասնագիտություն է գործում՝ գործիքային կատարողական արվեստը՝ իր 4 մասնագիտությամբ՝ դաշնամուր, լարային, ժողովրդական գործիքներ եւ փողային գործիքներ, երգեցողությունը, երգչախմբավարությունը, երաժշտական տեսությունը,  գեղանկարը, դիզայնը, պարարվեստը, դերասանական արվեստը եւ էստրադային արվեստը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Տիկին Մուրադյանն ընդգծում է, որ սիրով է աշխատում եւ իր մասնագիտությամբ, եւ պատասխանատվությամբ է կատարում տնօրենի պարտականությունները, աշխատանքում կարեւորում է պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվության զգացումը, ազնվությունն ու փոխվստահությունը: Մեր զրուցակիցն իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է՝ 5 տարեկանից երազել է երգել, 16 տարեկանում է ընդունվել կոնսերվատորիա, սովորել լավագույն պրոֆեսորների մոտ, շփվել անվանի երաժիշտների հետ, մասնակցել փառատոների, համերգների:

Իսկ չի՞ ափսոսում, որ մանկավարժ Նունե Մուրադյանը հաղթել է օպերային երգիչ Նունե Մուրադյանին. այս հարցին ի պատասխան էլ ասում է. «Կարծում եմ դեռ կերգեմ, թեեւ այժմ էլ երգում եմ ոչ շատ, բայց տարբեր փոքրիկ ծրագրերով ներկայանում եմ: Երգարվեստը, երաժշտական արվեստը անծայրածիր է, մինչեւ կյանքի վերջ անելիքներ ունենք ու սովորելու շատ բաներ»:

Նրանից տեղեկացանք, որ հնարավոր է նոր ձեռնարկ ծնվի, բայց այս անգամ մեթոդաբանությանն ուշադրություն կդարձնի, որովհետեւ, մասնագետի ձեւակերպմամբ՝ տարբեր դպրոցներ ունեն ճիշտ, մաքուր երգեցողությանը հասնելու տարբեր մեթոդաբանություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09. 09. 2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930