Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյան. Ես որեւէ մեկին չեմ ճանաչում, որ քաղաքական գործերով կալանավորված լինի կամ բանտերում լինի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2025 10:35

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ

– Շատ է խոսվում Երեւանում օդի աղտոտվածության մասին, մենք՝ բոլորս, զգում ենք դա։ Դրան էլ զուգահեռ, ահռելի քանակով բազմաբնակարան շենքեր են կառուցվում, թույլտվություններ են տրվում։ Այդ ամենը խաթարում է էկոլոգիական վիճակը, Երեւանն այլեւս չի դիմանում այս ծանրաբեռնվածությանը։

– Ժամանակակից քաղաքներում ժամանակակից շինարարության եւ բնապահպանության նորմերը մեկը մյուսին հակադիր չեն, մենք պետք է թույլ տանք եւ խթանենք շինարարությունը, իսկ մյուս կողմից լինենք շատ հետեւողական, որ նրանք օդի կեղտոտվածության բոլոր չափանիշները պահեն։ Դրանց զուգահեռ էլ մեծ քանակությամբ կանաչապատ գոտիներ են ավելացվում քաղաքում։ Ինչպես գիտեք, մեր ծրագրում՝ մինչեւ 250 հեկտար, եւ մենք տարեկան մի քանի տասնյակ հեկտար ավելացնում ենք, ծառատունկ ենք իրականացնում։ Այս ամբողջը կոմպենսացիաների մեջ է, մի կողմից՝ ավելացնել կանաչ տարածքները, մյուս կողմից` հետեւողական լինել շինարարական աշխատանքներին, որպեսզի պահպանվեն նորմերը, եւ, մյուս կողմից, այո, պետք է թույլտվություններ տալ։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից: Կուլիսներում խոսում են նաեւ, որ իշխող ուժն արդեն ոչ պաշտոնապես քարոզարշավը սկսել է։

– Ինչո՞վ է պայմանավորված այդ կարծիքը, որ մենք քարոզարշավ ենք իրականացնում։ Եթե նկատի ունեն, որ մենք իրականացնում ենք բազմաթիվ բարեփոխումներ եւ ծրագրեր, դա կառավարության պարտականությունն է, այսինքն՝ նախընտրական ծրագրի խոստումներն ենք իրականացնում եւ, բնականաբար, պետք է իրականացնենք դա։

– Դե, իշխանությունը չեզոքացնում է ընդդիմությանը, քաղաքական քրեական գործեր, կալանավայրերն ընդդիմադիրներով են լցվել…

– Ես որեւէ մեկին չեմ ճանաչում, որ քաղաքական գործերով կալանավորված լինի կամ բանտերում լինի, ընդդիմությունն ինքն է իրեն չեզոքացրել հանրության դաշտից, որովհետեւ, ըստ էության, չկա ընդդիմություն, եւ դա պայմանավորված է իրենց գործելաոճով, հանրությունն է իրենց չեզոքացրել։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, որոնք այս պահին բանտերում են, դա ես չէի համարի ընդդիմություն, որովհետեւ տեռորիստական ակտի նախապատրաստումը, որն այն հոդվածներն են, որոնցով իրենք կալանավորված են, դրանք բնավ ընդդիմության եւ քաղաքական պրոցես չեն։ Դա մաքուր քրեաիրավական պրոցես է։

– Միքայել սրբազանին, Ռուբիկ Հակոբյանին կալանավորել են մեկ նախադասություն ասելու համար, մինչդեռ Ձեր կուսակից Ռազմիկ Մկրտչյանը մարդ է ծեծել, բայց հիմա ազատության մեջ է։

– Ուրեմն, մարդ ծեծելը եւ պետական հեղաշրջման, անկարգություններ անելու կոչերը տարբեր քրեական բացատրություններ ունեն, եւ, ըստ այդմ, այդ համեմատությունները տեղին չեն։ Նման կոչ անողները պետք է առնչվեն Քրեական օրենսգրքի, դատարանի եւ կալանավորման հետ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930