Լրահոս
Օրվա լրահոսը

Անտոն Եվստրատով. «Ալիեւը կատարեց իր ընտրությունը՝ լինել Ռուսաստանի թշնամին: Պետք է խոստովանենք, որ սա մեզ ձեռնտու է». «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2025 11:18

«Հրապարակի» զրուցակիցը ռուս պատմաբան, քաղաքագետ Անտոն Եվստրատովն է:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը մշտապես խեղաթյուրում է պատմությունը, աղավաղում պատմական փաստերը՝ հատկապես Արցախին եւ Հայաստանին առնչվող, լուրջ մեղադրանքներ է հասցեագրել Ռուսաստանին՝ իբրեւ ԽՍՀՄ իրավահաջորդի: Ասում է, որ 1920 թ. ռուսական բանակը գրավել է Ադրբեջանը, ապա խլել Զանգեզուրն ու նվիրել Հայաստանին: Ո՞րն է Ձեր արձագանքը` իբրեւ պատմաբանի:

– Որպես պատմաբան, ինձ չի զարմացնում այն փաստը, որ ֆաշիստական Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ստում է պատմական թեմայի շուրջ: Ես կցանկանայի նշել, որ, լինելով ֆաշիստ իր համոզմունքներով եւ գործողություններով, փառաբանելով Ռասուլզադեի եւ Ֆաթալիբեյլիի նման նացիստական տականքներին իր երկրի տարածքում եւ ոչնչացնելով Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններն Արցախում, Իլհամ Հեյդարովիչը չէր կարող չգնալ ավելի հեռու:

Եվ պատմական տեսանկյունից այստեղ ամեն ինչ պարզ է. ադրբեջանական բռնապետը պարզապես ստում է, քանի որ 1920 թվականին Ադրբեջանի խորհրդայնացումը սկսվեց Բաքվում աշխատավորների ապստամբությամբ, Ռազմահեղափոխական կոմիտեի կողմից երկրում իշխանության զավթմամբ եւ ազգայնական մուսավաթական կառավարության տապալմամբ: Միայն այդ ժամանակ Ռազմահեղափոխական կոմիտեն օգնություն խնդրեց այսօրվա Դաղստանի տարածքում տեղակայված 11-րդ Կարմիր բանակից: Եվ ապրիլի 28-ին ստեղծվեց Ադրբեջանի ԽՍՀ-ն՝ անկախ պետություն, ի դեպ, որը մնաց այդպիսին մինչեւ Անդրկովկասյան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս կազմելը: Սա օկուպացիա չէ, սա քաղաքացիական պատերազմի արդյունք է, որն Ադրբեջանում 1917 թվականից ի վեր ընթանում էր։

Եվ ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե ինչ արեց խորհրդային կառավարությունն Ադրբեջանի համար՝ ստեղծելով ժամանակակից տնտեսություն, ենթակառուցվածքներ, կրթություն, գիտություն եւ շատ ավելին։ Ավելի հետաքրքիր է մեկ այլ բան. չէ՞ որ Իլհամ Հեյդարովիչի հայրը՝ ինքը, զբաղեցրել է ամենաբարձր պաշտոնները խորհրդային կուսակցական եւ խորհրդային պետական անվտանգության մարմինների համակարգերում։ Պարզվում է, որ որդու կարծիքով՝ նա օկուպանտների համագործակիցն ու հանցակի՞ցն է։ Եվ նա նույնիսկ չի զղջացել։ Այսպիսով, լիովին խելագարված Բաքվի ֆաշիստը, պատմությունը խեղաթյուրելու եւ խորհրդային ժառանգությունը արատավորելու համար, բառացիորեն ոտնակոխ է անում հոր գերեզմանը։

– Աբսուրդն այն է, որ ԽՍՀՄ-ից բողոքում է մեկը, որը Խորհրդային Միության տարիներին կրթություն է ստացել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում, իսկ հայրը եղել է ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարներից մեկը: Ավելի՛ն, Ալիեւների ամբողջ գերդաստանի կենսագործունեությունն ուղիղ կապ ունի ԽՍՀՄ-ի, ապա՝ Ռուսաստանի հետ:

– Ամեն ինչ ճիշտ է։ Ահա թե ինչու եմ ասում, որ Ալիեւը պարզապես ստախոս եւ պատմության կեղծարար չէ։ Մենք դա վաղուց գիտենք (հիշեք գոնե, թե ինչ են արել եւ անում նրա մերձավորներն Արցախում՝ սկսած Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացումից, մինչեւ «ալբանական եկեղեցու» բացարձակապես կեղծ մոդելի ստեղծումը)։ Նա, բառի լրիվ իմաստով, սրիկա է, որը չի հիշում ԽՍՀՄ-ից եւ խորհրդային համակարգից իր եւ ընտանիքի ստացած բոլոր բարիքները, նույնիսկ իր նախնիների արժանիքները հենց այս համակարգում եւ, հետեւաբար, չի հարգում հենց այդ նախնիներին։ Դրանում կա մի առավելություն՝ Իլհամ Հեյդարովիչը լիովին եւ ամբողջությամբ բացահայտվել է, եւ հիմա, կարծում եմ, ոչ ոք չի կարողանա ասել, որ նա պարկեշտ մարդ է կամ գոնե պարզապես ֆաշիստ չէ։ Բացառությամբ ամենից շատ վարձատրվողների…

– Մոսկվայի եւ Բաքվի միջեւ վատթարացող հարաբերությունների ֆոնին ի՞նչ նոր մեղադրանքներ սպասել Ադրբեջանի իշխանություններից, առաջին հերթին՝ Ալիեւից:

– Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կշարունակի փորձել պաշտպանել Ռուսաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի հանցագործներին՝ նրանց ձերբակալման եւ արդար պատժի ցանկացած դեպք օգտագործելով որպես պատրվակ՝ սրման աստիճանը բարձրացնելու համար: Ալիեւը կատարեց իր ընտրությունը՝ լինել Ռուսաստանի թշնամին: Պետք է խոստովանենք, որ սա մեզ ձեռնտու է՝ նա առաջին անգամ չէ փորձարկում իմ երկրի ուժը..

Արա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930