Վրաստանի իշխանությունների կողմից հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրությունները դիտարկելու հրավերը, որը ստացվել է ընտրություններից մեկ ամսից էլ պակաս առաջ, չի թողնում բավարար ժամանակ վստահելի եւ արդյունավետ դիտարկման համար, նշվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երեկ տարածած հայտարարության մեջ։
«Թափանցիկ եւ վստահելի ընտրությունների դիտարկումը պահանջում է մանրակրկիտ պատրաստություն եւ ընտրական գործընթացի բոլոր հիմնական փուլերին հասանելիություն՝ համաձայն մեր համապարփակ մեթոդաբանության», – ընդգծել է ԺՀՄԻԳ տնօրեն Մարիա Թելալյանը (լուսանկարում)։ Նա նաեւ հավելել է. «Ցավոք, Վրաստանի իշխանությունների՝ հրավերը այսքան ուշ ուղարկելու որոշումը խոչընդոտում է իմաստալից դիտարկմանը, եւ ԺՀՄԻԳ-ը չի կարող ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնել։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք հուսալ, որ Վրաստանի պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը կշարունակվի՝ ուղղված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը»։
Իր կապերի ընթացքում Վրաստանի իշխանությունների հետ ԺՀՄԻԳ-ը մշտապես ընդգծել է հրավերը ժամանակին ուղարկելու կարեւորությունը՝ ընտրությունների լիարժեք եւ վստահելի դիտարկում ապահովելու համար։ Անցյալում Վրաստանը ԺՀՄԻԳ-ին ժամանակին հրավիրել է դիտարկելու տեղական ընտրությունները՝ 2006-ին, 2010-ին, 2014-ին, 2017-ին եւ 2021-ին, ինչը հնարավորություն է տվել արդյունավետ նախապատրաստման՝ համաձայն ԺՀՄԻԳ-ի մեթոդաբանության։
Որպես ԵԱՀԿ մասնակից պետություն՝ Վրաստանը պարտավորվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Թեեւ ԺՀՄԻԳ-ը չի մեկնաբանում այն ընտրությունները, որոնք ինքը չի դիտարկում, գրասենյակը շարունակելու է հետեւել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին իր մանդատի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական կառավարման, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության ապահովման։