Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկ Մուրադյանին նվիրված համերգն ավարտվեց դահլիճում, բայց շուրջպարը շարունակվեց օպերայի բակում

Սեպտեմբեր 10,2025 13:12

Հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք եւ ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգը՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրում, գեղեցիկ ու ճաշակավոր ներբող էր՝ նվիրված ոչ միայն Հայրիկին, այլեւ ազգային արժեքներին, հայրենիքին ու ընդհանրապես հայրենատեր հայ մարդուն: Միջոցառումը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն՝ ի դեմս պորտուգալաբնակ ջութակահար Նարինե Դելլալյանի, իսկ բեմականացման հեղինակը Վահան Բադալյանն էր:

Նարինե Դելալյանը «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի հիմնադիրն ու նախագահն է: Նա երկար տարիներ Հայաստանում եւ սփյուռքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, համերգներ, միջոցառումներ։ Նրա ջանքերով հրատարակել է Հայրիկ Մուրադյանի կատարումներից բաղկացած երկու ձայնասկավառակ, որից առաջինը «Հայաստանի երաժշտական մասունքներ» ձայնասկավառակը 2001-ին Լոս-Անջելեսում AMFA-ի կողմից արժանացել է «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» մրցանակին, իսկ երկրորդ՝ «Մոկաց սարեր» ձայնասկավառակը Հայաստանում 2017թ. «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ ազգագրական ժանրում արժանացել է «Լավագույն ալբոմ» մրցանակին։ Հրատարակվել է նաեւ Հայրիկ Մուրադյանի Հուշերը եւ վերահրատարակվել Հայրիկ Մուրադյանից մեզ հասած 150 երգերից բաղկացած «Հայրենի երգեր» ժողովածուն։

Դառնալով, օպերային թատրոնում կայացած հրաշալի երեկոյին, նշենք, որ այն տարբերվում էր ձեւաչափով եւ որակով. չկային հոբելյարին նվիրված երկարաշունչ ճառեր, համերգի ընթացքում ելույթ ունեցան ոչ միայն ազգագրական ճանաչված խմբեր, այլ դասական, ջազային եւ ռոք ժանրի սիրված երաժիշտներ, որոնք իրենց յուրահատուկ մեկնաբանություններով ու հետաքրքիր մշակումներով հնչեցրին Հայրիկ Մուրադյանից ժառանգած ստեղծագործությունները, նրանից ոգեշնչմամբ ծնված երաժշտությունը։

Նրանց ելույթները գալիս էին փաստելու Հայրիկ Մուրադյանի այն խոսքերը, որ երգը մեր պատմությունն է ու հիշողությունը, եւ մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին, ու դրանք միայն զառամյալ մարդկանց համար չեն, այլ ամբողջ հայության:

Երեկոյին մասնակցեցին, Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը, «Կարին» հայ ավանդական երգի-պարի համույթը, «Գյուրջիև» անսամբլը, հայրիկի ընտանիքի անդամներ Լեւոն եւ Աննա Մուրադյանները, Գեւորգ Դաբաղյանը, Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանը, Նորայր Քարտաշյանը եւ «Մենուա» նվագախումբը, Հայկ Մելիքյանը, «Կաթիլ» բենդը, Ժաննա Դավթյանը, Վահագն Հայրապետյանը, Armenian Colors Quartet-ը եւ Հայաստանի փոքրիկ երգիչները։

Շուրջ մեկ ժամ տեւած երեկոն դահլիճում անցավ մեկ ակնթարթի պես, ու դրանից հետո էլ շարունակվեց օպերայի բակում: Բազմաթիվ մարդիկ՝ ներառյալ անծանոթ անցորդներ շուրջպար բռնեցին Հայրիկի երգերի ներքո: Տեսարանը ակնահաճո էր նաեւ զբոսաշրջիկների համար, որոնցից շատերը նկարում էին ազգային շուրջպարը իրենց բջջային հեռախոսներով, ոմանք փորձում էին միանալ շուրջպարին: Հայրիկը կա՛, ապրում է բոլորիս սրտում ու մտքում, որովհետեւ Հայրիկ Մուրադյանին մոռանալը համարժեք կլինի ազգությունդ ուրանալուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930