«Աշխատանքային օրը կարելի է սկսել 25 կմ հեծանվավազքով, ինչը և հաջողությամբ արեցինք»։ Ահա այսպիսի ֆեյսբուքյան աչքալուսանքով է կիսվել վարչապետը իր հետևորդների հետ, ընդ որում՝ մինչ այդ էլ խոսել էր իր շատ զբաղված լինելու պատճառով քաղաքացիների կողմից իրեն ուղղված նամակներին չպատասխանելու մասին և վերջում ավելացրել, որ․ «Հայցում եմ Ձեր ներողամտությունը»։
Ինչևէ, դա այնքան էլ կարևոր չէ, սակայն կարևոր է նշել, որ ամեն դեպքում հեծանիվ քշելու փոխարեն պաշտոնյայի համար, այն էլ երկրի ղեկավարի պարագայում, ավելի ճիշտ կլիներ համընդհանուր օգտակարություն ունեցող որևէ գործով սկսել աշխատանքային օրը։
Հետաքրքիր է այդ 25 կմ հեծանվավազքը ինչքա՞ն ժամանակ է խլել վարչապետից և այդքան ժամանակում քանի՞ քաղաքացու նամակի կարող էր նա պատասխանել ։ Թեկուզ եթե մեկ նամակի, ապա, կարծում եմ, ավելի լավ էր այդ նամակին պատասխանել, քան հեծանիվ քշել ու միևնույն ժամանակ արդարանալ, որ ժամանակ չկա նամակներին պատասխանելու համար։
Կարդացեք նաև
Իսկ այն, որ ուրիշին էլ չի ուզում պատվիրակել իրեն ուղղած նամակներին պատասխանելու աշխատանքը, որովհետև, ինչպես իր այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ էր նշել «որովհետև այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ» դա վկայում է միայն երկու բանի մասին, կամ վարչապետը իր կողքը վստահելի մարդ չունի, որպեսզի նման գործ պատվիրակի կամ արդեն ինքն իրեն այնքան լավ է զգում, որ իր համար խորթացել են ժողովրդի կենցաղային հոգսերը, որով «կառավարությանը» անընդհատ անհանգստացնում են։
Իհարկե, կարելի է ասել, որ հեծանիվը ո՛չ աշխատանքային ժամերին է քշում, սակայն նույն ո՛չ աշխատանքային ժամերին կարելի է նաև մարդկանց նամակներին պատասխանել։
Բնականաբար ես չգիտեմ թե ո՞վ և ի՞նչ բովանդակության նամակներ է ուղարկում վարչապետին, սակայն ենթադրում եմ, որ դրանք հիմնականում ճարահատյալ կամ վերջին հույսով լցված խնդրանքներ պետք է լինեն։ Չէ՞ որ եթե գործը հասել է նրան, որ քաղաքացին վարչապետին է դիմում որևէ հարցով, ապա դա նշանակում է, որ տարբեր պետական աստիճանակարգություններով անցնելուց հետո հարցի լուծումը չի ստացվել և ստիպված քաղաքացին դիմում է անձամբ վարչապետի օգնությանը և որևէ պատճառ չպատասխանելու համար տվյալ քաղաքացու նամակին՝ հարգելի չէ, թեև որոշ դեպքերում կարող են ըմբռնումով մոտենալ և ներողամիտ լինել։
Իրականում, ըստ իս, վարչապետի այսօրվա գրառումների տողատակում հետևյալ միտքն է թաքնված․ «Ինձ ձեր կենցաղային հոգսերով շատ մի՛ ծանրաբեռնեք, հիմա ես հեծանիվ քշելով և այլ կարևոր գործերով եմ զբաղված»։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ