Հայաստանի շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին (ՎԶԵԲ)՝ իրենց խորը մտահոգությունը հայտնելով Ամուլսարի հանքի նախագծի վերաբերյալ։
ՀԿ-ները հիշեցնում են, որ ՎԶԵԲ-ը որդեգրել է բնապահպանական և սոցիալական պատասխանատու քաղաքականություն, որը պահանջում է, որ բանկի ներդրումները չվնասեն մարդկանց, բնությանը և համայնքներին։ Սակայն փաստացի իրավիճակը Հայաստանում հակասում է այդ հանձնառություններին․ Ամուլսարի հանքի ֆինանսավորումը իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որի բաժնետերերից մեկն է ՎԶԵԲ-ը։
ՀԿ-ների պնդմամբ՝ այս հանգամանքը ՎԶԵԲ ին դարձնում է անմիջականորեն պատասխանատու հանքի ֆինանսավորման բնապահպանական ու սոցիալական հետևանքների համար։ Նրանք ընդգծում են, որ նախագիծը․
- չունի պատշաճ բնապահպանական և սոցիալական գնահատում,
- վտանգում է կենսաբազմազանությունը և համայնքների անվտանգությունը,
- հակասում է Հայաստանի կառավարության նկատմամբ դատարանի արձանագրած խախտումներին և Բեռնի կոնվենցիայի պահանջներին։
Կազմակերպությունները կոչ են անում ՎԶԵԲ-ին․
Կարդացեք նաև
- իրականացնել անկախ և հրապարակային ռիսկերի գնահատում՝ ներառյալ բնապահպանական, սոցիալական, ֆինանսական և հեղինակային հետևանքները,
- ապահովել, որ իր ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանի բանկերում չուղղվի Ամուլսարի հանքի շահագործմանը,
- իսկ եթե «Ամերիաբանկ»-ը շարունակի մասնակցությունը նախագծին, դադարեցնել գործընկերությունը այդ բանկի հետ։
ՀԿ-ները շեշտում են, որ Ամուլսարի հանքի շուրջ զարգացումները վտանգում են ոչ միայն շրջակա միջավայրը և համայնքների բարեկեցությունը, այլ նաև լրջորեն վնասում են ՎԶԵԲ-ի հեղինակությանը որպես պատասխանատու ներդրողի։
Հիշեցնենք, որ COP17-ին ընդառաջ, ՀԿ-ները բաց նամակ էին հղել նաև ՀՀ նախագահին, կառավարությանը և ԱԺ-ին՝ արտահայտելով մտահոգություն Հայաստանի հակասական բնապահպանական քաղաքականության վերաբերյալ։
Բաց նամակին միացել են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Կանաչ Հայաստան» ՀԿ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, «Համայնքային համախմբման ևեւ աջակցության կենտրոն» ՀԿ, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, Հայկական բնապահպանական ճակատ, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ։