Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շեշտել է, որ նախագծի ընդունումը շրջադարձային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար. նախագիծն անցել է քննարկումների լայն փուլ, առաջին ընթերցումից հետո ստացված ավելի քան 120 առաջարկները քննարկվել և հիմնականում ներառվել են նախագծում: Կարևոր կարգավորումներ են նախատեսվում ներառականության, բուհերի և գիտական կազմակերպությունների արդյունավետ գործունեության և զարգացման հետ կապված:
Նախարարն անդրադարձել է նաև օրենքի նախագծով Գիտությունների ազգային ակադեմիայի համար սահմանված կարգավորումներին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների հարցերին ու դիտարկումներին:
«Սկզբունքային և համակարգային փոփոխություններ են առաջարկվում, որոնց ընդունմամբ կապահովվեն բարձրագույն կրթության և գիտության զարգացման նոր պայմաններ։ Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպվել են հանրային լսումներ, նախագիծը շատ մանրամասն և դետալային քննարկվել և լրամշակվել է՝ հիմք ընդունելով ստացված առաջարկները»,- նախագծի զեկուցման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխություններին:
Կարդացեք նաև
Ըստ նախարարի՝ հստակեցվել են ներառականությանն ուղղված դրույթները, ճշգրտվել են գիտահետազոտական գործունեության կարգավորումները՝ համագործակցելով ոլորտային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Գիտուժ» նախաձեռնության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ են ընդունվել՝ հստակեցնելով և լրամշակելով համապատասխան հասկացությունները, որպեսզի դրանք լինեն ավելի ամբողջական և ընդգրկեն նաև փորձարարական մշակումների և տեխնոլոգիական լուծումների բաղադրիչը:
«Հստակեցվել են օտարալեզու կրթություն կազմակերպելու կարգավորումները, որոնք թույլ կտան, որպեսզի բուհերն ակտիվորեն աշխատեն միջազգայնացման ուղղությամբ՝ ընդգրկելով արտերկրի ուսանողների: Այս առումով բավականին լուրջ հետաքրքրություն կա՝ հաշվի առնելով նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի` արդեն մեկնարկած ընթացքը։ Միաժամանակ, բազմաթիվ իրավական բնույթի խմբագրական դիտարկումներ են եղել, որոնք ամբողջությամբ ընդունվել են: Օրենքի նախագիծը շատ լավ քննարկված է, դաշտն ամբողջությամբ պատրաստ է այս փոփոխություններին»,-ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ նախագծի ընդունումից հետո աշխատանքի նոր փուլ է սկսվելու:
Ըստ նրա՝ օրենսդրական փաթեթը ենթադրում է նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման մեծածավալ աշխատանք, որով նոր կարգավորումները կգործեն ամբողջությամբ՝ ապահովելով մրցունակ բարձրագույն կրթության և գիտության համակարգ՝ միտված հանրային և պետական շահերի սպասարկմանը։
Անդրադառնալով բուհերի զարգացման համար նախանշվող կարգավորումներին՝ նախարարը նշել է, որ օրինագծով պահանջներ է սահմանվել ինչպես պետական և մասնավոր, այնպես էլ միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության համար:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ակադեմիական քաղաքում բացի հանրային բուհերից՝ նախատեսում է նաև միջազգային և մասնավոր բուհերի տեղակայվածություն, որոնք կունենան տարբեր ուղղություններ:
Նոր օրենքի նախագծով՝ Գիտությունների ազգային ակադեմիան խորհրդատվական և փորձագիտական կարևոր նշանակություն կունենա: Նախարարի խոսքով՝ նման գործառույթ ԳԱԱ-ն այսօր էլ ունի, սակայն միաժամանակ ծանրաբեռնված է կառավարչական և վարչատնտեսական մի շարք գործառույթներով:
«Գործառույթների ազատմամբ ԳԱԱ-ն, ըստ էության, հնարավորություն է ստանում ամբողջությամբ իրացնելու խորհրդատվական փորձագիտական կարևորագույն ներուժը՝ հատկապես բարդ ու ռազմավարական խնդիրների կարգավորման համար: Գիտական ինստիտուտներն ունենալու են զարգացման նոր և լայն հեռանկարներ. այսօր յուրաքանչյուր գիտաշխատողի բաժին է ընկնում երկու վարչական աշխատող, որն անարդյունավետ մոտեցում է։ Կարծում եմ՝ ինստիտուտների կառավարչական ու վարչատնտեսական փոփոխություններն արդյունավետության էական բարձրացում են ապահովելու ոլորտում»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ օրենքի ընդունումից հետո կարող են լինել ինչպես բուհերի կազմում գործող, այնպես էլ առանձին գիտական ինստիտուտներ:
Առաջարկվող օրենքն այդ իմաստով շատ հստակ սահմանում է նպատակները. պետք է հիմնավորված լինի՝ առանձին գործող գիտական ինստիտուտները ի՞նչ խնդիր են լուծելու: Ըստ նպատակի՝ նախագծվ նման հնարավորություն նախատեսվում է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործընթացին, ապա, ըստ նախարարի, բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների միավորման հայեցակարգ է մշակվում, և յուրաքանչյուր բուհի և գիտական ինստիտուտի մասով կլինի առանձին որոշում:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ նախագծում ընդգրկված առաջարկների 90 տոկոսից ավելին ներկայացվել է շահառուների կողմից:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ