Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ խրատ կտաք, ոչ էլ ցուցում, եղա՞վ, խոսքդ շարունակի. Բագրատ սրբազանը՝ դատախազին

Սեպտեմբեր 10,2025 18:20

Բագրատ սրբազանի եւ մյուսների կողմից ահաբեկչության նախապատրաստման գործով մեղադրող կողմն այսօր միջնորդեց Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել վարչական վերահսկողություն, քանի որ, ըստ մեղադրողի՝  նոր հանցանք կատարելու ռիսկ կա:

Հրայր սարկավագ Հակոբյանն ասաց՝ չէր սպասում, որ նման միջնորդություն կլինի, քանի որ այս ընթացքում ինքը պատշաճ վարք է դրսեւորել ու չի խոչընդոտել դատաքննությանը: Պաշտպաններից Արամ Վարդեւանյանը զարմացավ՝ հարցնելով՝ մեղադրողները  տեսե՞լ են Հրայր սարկավագի կողմից ոչ պատշաճ վարքագծի ռիսկ, թե՞ միայն հղում են տալիս ենթադրական ռիսկերի: Վարդեւանյանը նաեւ ասաց, որ եթե վարչական վերահսկողությունը դատարանը վերացնի, ինքը կհրաժարվի նիստը նախագահողին բացարկ հայտնելու իր միջնորդությունից:

Դատարանը որոշեց՝ Հրայր սարկավագի կողմից  դրսեւորվել է  պատշաճ վարքագիծ, նա ճիշտ ժամին ներկայացել է  նիստերին, թեեւ  չի բացառվում, որ մեղադրյալը իր վրա դրված պարտավորությունները ոչ պատշաճ կատարի, բայց  նոր հանցանք կատարելու հավանականության մասով  հիմքեր չկան: Հետեւաբար, սարկավագի նկատմամբ  բացակայելու արգելք խափանման միջոց իզորու է ապահովել մեղադրյալի վարքագիծը:

Պաշտպան Վարդեւանյանը նկատեց, որ դատարանի որոշումն անակնկալ էր, եւ հայտնեց, որ ինչպես ինքն ավելի վաղ ասել էր, որ, եթե վարչական վերահսկողություն որպես խափանման միջոց  դատարանը չկիրառի Հրայր սարկավագի նկատմամբ, ինքը զերծ կմնա բացարկի միջնորդություն հայտնելուց:

-Նախորդիվ ձեր կողմից կայացված որոշումներն ու դատական ակտերը իմ ու իմ գործընկերների մասնագիտական գնահատմամբ՝ կասկած էին հարուցում, որ դատարանը հանդես չի գալիս որպես անաչառ դատավոր: Սակայն Հրայր սարկավագի խափանման միջոցի վերաբերյալ ձեր որոշման արդյունքում ես ինձ զրկեցի Ձեզ բացարկի միջնորդություն ներկայացնելուց,- ասաց Վարդեւանյանը:

Փոխարենը նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա նկատեց, որ այս գործով մեղադրյալներից Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննարկումը նիստը նախագահողն իրականացրել է առանց նրա պաշտպանների մասնակցության: Ինչը, ըստ Խուդոյանի, դատարանի կողմից կողմնակալության դրսեւորում է: Հանրային մեղադրողը առարկեց պաշտպանների այդ միջնորդությունը, նրա առարկության ընթացքում խոսեց Բագրատ սրբազանը, ինչին ի պատասխան մեղադրողը դատարանին կոչ արեց կարգի հրավիրել նրան:

-Ոչ խրատ կտաք, ոչ էլ ցուցում, եղա՞վ, խոսքդ շարունակի,-արձագանքեց Բագրատ սրբազանը: Նիստի մասնակիցները ծափահարեցին Բագրատ սրբազանին: Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանները պատշաճ ծանուցված են եղել, իսկ մեղադրյալի խափանման միջոցի հարցի քննարկումը  հրատապ է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930