Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին քպական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը՝ ասաց. «Դա այն աստիճան խայտառակ միջադեպ է, որ անգամ ավագանու դահլիճում երեկ այդ հարցին անդրադարձա: Դա պարզ անպատժելիության հետեւանք է, պարզ ցուցիչ, որ այս մարդկանց համար ավանդական կանոնները ոչ մի բան են: Այսինքն, տղամարդ-կին, մեծ-փոքր հարաբերություն կարեւոր չէ
Արթուր Հովհաննիսյանն իր անձով, կերպարով քպական «ամենակարկառուն» գործիչներից, Նիկոլի մոտ գերազանցիկ աշխատողներից է: Այն մարդն է, որը պատրաստ է ցանկացած պահի իրեն ցույց տալ լրիվ ուրիշ բան, քան ինքը իրականում կա, մարդ, որը ԱԺ-ում օմբուդսմենի թեկնածուին սպառնում էր լեզուն, ականջը կտրել: Եվ քանի որ դրանից հետո որեւէ բան տեղի չունեցավ, այս մարդը հասկացավ, որ քանի նա Նիկոլ Փաշինյանի հաճախորդն է, ծառայում է տիրոջը, որեւէ ռեալ հետեւանք տեղի չի ունենալու: Հակառակը, ենթադրում եմ, հավատարիմ լինելը, կարմիր գծեր չունենալը ապացուցում, իր դերը եւ կշիռը իրենց կուսակցությունում եւ ֆրակցիայում բարձրանում է: Ի վերջո, այդ մարդը իշխող խմբակցության քարտուղարն է»:
Ավագանու անդամը նշեց, որ կարգավիճակով մարդիկ կան, որոնց թվում է, որ իրենք ամեն ինչ կարող են անել եւ օրենքը իրենց չի հասնի, այդ մարդիկ ամեն օր ավելի են լկտիանալու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ