Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

«Երկխոսության» քողի ներքո

Սեպտեմբեր 11,2025 09:00

Ինչպես են որոշ իբր «արեւմտամետ» հ/կ-ներն ու թուրք լոբբիստները կառուցում նոր իրականություն Հայաստանի համար

 

Հետպատերազմյան Հայաստանում, որն այժմ անցնում է արտաքին քաղաքական կողմնորոշումների խորքային վերանայման փուլ, շարունակում են ակտիվորեն գործել մի շարք՝ «արեւմտամետ» ներկայացող հասարակական կազմակերպություններ։ Վերջիններս հայտարարում են, թե իրենց առաքելությունն է կամուրջների կառուցումն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն խաղաղության և երկխոսության մասին գեղեցիկ հնչող հռետորաբանության հետևում, ինչպես ցույց են տալիս վերջին ամիսների իրադարձությունները, հաճախ թաքնված են երրորդ ուժերի շահերը։ Նպատակը մնում է անփոփոխ. հայաստանյան հասարակությանը զգուշավոր, «փափուկ», բայց հետևողական ձեւով հոգեբանորեն պատրաստել՝ ընդունելու այն աշխարհաքաղաքական օրակարգը, որը ձեռնտու է Անկարային ու նրա արևմտյան գործընկերներին՝ անտեսելով Հայաստանի ազգային շահերը:

Այս գործընթացում հատկապես աչքի են ընկնում այն կառույցները, որոնք հանդես են գալիս որպես վերլուծական և փորձագիտական հարթակներ։ Հաճախ դրանց նպատակն է՝ համոզել հայ հասարակությանը, որ այն հաշտվի միակողմանի զիջումների հետ, որոնք արել է եւ պատրաստվում է անել Հայաստանի իշխանությունը:

Նույն նպատակին են ծառայում որոշ սոցիոլոգիական հարցումներ: Այդ դեպքում հարցերը կազմվում են այնպես, որ պատասխանողների գիտակցության մեջ նախապես արմատավորված լինի Թուրքիայի հետ մերձեցման անխուսափելիության գաղափարը՝ շեշտը տեղափոխելով «սկզբունքներից» դեպի «պայմաններ»։ Արդյունքները ներկայացվում են այնպես, իբր հայերի մոտ աճում է «պրագմատիզմը», մինչդեռ փաստացի հասարակական տրամադրությունները ոչ թե ուսումնասիրվում են, այլ ձևավորում՝ մեդիադաշտում սփռելով հարմար նարատիվներ:

Կենտրոնական դեր այս գործընթացում վերջին շրջանում ստանձնել է նաեւ Թուրքիայի քաղաքացի, այդ երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայազգի Գարո Փայլանը։ Նա փորձում է համոզել վերլուծական հանրությանը, որ Հայոց ցեղասպանության հարցի ցանկացած հրապարակային քննարկում նպաստում է հակամարտությանը, հակասում է «պրագմատիկ մոտեցումներին» եւ անգամ «կործանարար է»՝ չնայած մի քանի տարի առաջ ինքն էր Թուրքիայի խորհրդարանում բարձրացնում Ցեղասպանության հարցը: Այժմ նրա մոտեցումը արհեստականորեն նեղացնում է հայ-թուրքական հարաբերությունների բազմաշերտ օրակարգը՝ այն վերածելով պարզեցված տնտեսական հաշվարկների, որոնք ձեռնտու են բացառապես Անկարային։

Այսպիսով, որոշ «արևմտամետ» հ/կ-ների և պրոթուրքական լոբբիստների շահերը Հայաստանում հաճախ համընկնում են:

 

Մ. Ղազարյան

«Առավոտ» օրաթերթ

10.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930