Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկա 10 ամիսներին. թյուրքագետ

Սեպտեմբեր 11,2025 11:25

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան ալիքի գրառումը.

1. Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական է տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։

2. Ադրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։ Ոչ թե հեռանում է մեր սահմաններից, այլ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը նոր ինժեներական կառույցներով՝ դրանք վերածելով Հայաստանի վրա նոր հարձակման իդեալական հարթակներ։

3. Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն խոսում են, որ «Զանգեզուրի միջանցք» են ստանալու Սյունիքով, այլև դրա իրականացման համար շինարարական աշխատանքներ են տանում, որոնց մեծ մասը պետք է ավարտվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրան զուգահեռ տարվում է մեծ քարոզչական (հատկապես Իրանում ու Ռուսաստանում) ու քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որպեսզի վիճարկվի Սյունիքի հայկականությունը, հետևաբար՝ դրա հանդեպ թուրքական հավակնությունները դառնան ավելի լեգիտիմ։ Ցավոք, այս ուղղությամբ արդեն որոշ հաջողություններ գրանցել են։

4. Ադրբեջանում հետևողական քարոզվում է հակահայկականություն։ Դա բարձրացված է պետական մակարդակի՝ «ատելության խոսքի» քարոզից մինչև «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գրավման) շարունակական հանրայնացում։ Դա ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի պատրաստություն է։

5. Թուրքիան չի պատրաստվում բացել որևէ սահման, որևէ անցակետ, անել որևէ քայլ, որ կարող է ուժեղացնել Հայաստանը կամ այն դարձնել ավելի ինքնիշխան։ Չկա նման բան, գոյություն չունի նման նպատակ։ Հակառակը՝ Թուրքիան շարունակելու է օգտագործել «սահմանի բացման հետ գալիք դրախտի» թեման որպես խայծ՝ մեր հանրությունը թմրեցնելու ու մեզանից զիջումներ կորզելու համար։

Այս 5 կետերի մասին չեն խոսելու կառավարության նիստերում, պետրոսղազարյանական հեռուստաալիքներով, խոսողներին փորձելու են լռեցնել, պիտակավորել որպես «բայղուշներ» ու «պատերազմ հրահրողներ»։ Բայց դրանից այս իրողությունները չեն փոխվելու։ Թուրքիայում ու Ադրբեջանում պատրաստվում են կուլ տալ Հայաստանը, քանի որ չկա Հայաստանը կառավարողների դիմադրությունը, այլ կա «թշնամու բավարարման քաղաքականություն» (politics of appeasement)։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը պետք է, որ այս ճշմարտությունների մասին ոչ մեկ չխոսի, որ իրենք պահպանեն իրենց իշխանությունը՝ օրեցօր փոքրացող ու թուլացող Հայաստանում։

Մենք՝ Հայաստանում մեր ու մեր սերունդների երջանիկ ու ազատ կյանքը պատկերացնողներս պետք է խոսենք, բացատրենք, հանրայնացնենք ու քաղաքական ճանապարհով պայքարենա այս իրողությունների դեմ՝ վստահ լինելով, որ լուծումներ կան։ Լուծումներ կան, կգտնվեն նորերը թուրքական թշնամանքի դեմ, եթե նման նպատակ սահմանվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930