Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ՝ գնացեք խոսեք, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք»․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Սեպտեմբեր 11,2025 11:45

«Պարոն Ռուբինյան, ես ոնց հասկանում եմ, մեր առաջին հանդիպումը շատ տրավմատիկ է եղել Ձեր կյանքում։ Էնքա՜ն տպավորիչ, որ էդպիսի ելույթ չկա՝ ինձ նայելուց դա չասեք։ Էդքա՞ն տրավմատիկ ազդեցություն եմ ունեցել ձեր կյանքում։ Այ մարդ, մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ՝ գնացեք, խոսեք, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք։ Էս ի՜նչ բան է։ Ես չէի պատկերացնում, որ ինձ տեսնելիս մարդ կարող է այդքան տրավմատիկ ազդեցություն ունենալ»,- խորհրդարանում ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուներ Արմեն Դանիելյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Լուսինե Աբգարյանի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ես դավաճանությունը ծանր եմ տանում»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։

«Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր»,- պատասխանեց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ հոգեբանի իր առաջարկն ուժի մեջ է․ «Գնացեք, երկար-բարակ պատմեք։ Հասկանում եմ՝ ջրին պատմելը չի օգնել, միգուցե հոգեբանին պատմելը շատ օգտակար կլինի Ձեր կյանքում»։

Ամեն ինչ սկսվել էր Ռուբեն Ռուբինյանի ելույթից։ Նա հակադարձել էր ընդդիմադիրների քննադատություններին՝ դատական համակարգի՝ իշխանության կամակատարը լինելու վերաբերյալ։ Նրա ելույթի ընթացքում Աննա Գրիգորյանը դահլիճից միջամտեց։ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ երբ Աննա Գրիգորյանից հարցազրույց էր վերցնում ՔՊ-ին անդամագրվելու եւ նախընտրական ցուցակ մտնելու համար, վերջինս իրեն չէր ընդհատում։

Իր ելույթում Ռուբեն Ռուբինյանը ընդդիմությանն ասել էր․ «Եթե ձեր ձեռքը իշխանություն ընկնի, ոչ թե ուղղակի ընտրություն եք կեղծելու՝ վերարտադրվեք,  այլ վերացնելու եք ընտրության ինստիտուտը, գյուլլելու եք ձեր հետ անհամաձայններին։ Սա է ձեր էությունը։ Ընդհանրապես, ժողովրդավարության հետ կապ չունեք։ Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարության հետ»։

Նա խորհուրդ տվեց ընդդիմությանը. «Մի քիչ խրոխտ պահեք ձեզ։ Դուք ժամանակին քոք էիք մաշացնում, ձեր ձեւով միջամտում էիք, այս ի՞նչ խղճուկ պահվածք է։ Եկել եք, քիչ է մնում այստեղից արտասվեք, նեղսրտում եք բռնաճնշումներից։ Մի քիչ  խրոխտ եղեք, դուք քոք մաշացնող եք, խրոխտ եղեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Սրբազանների գործը լակմուսի թուղթ էր»․ Աննա Գրիգորյանը համամիտ է Ռուբեն Ռուբինյանի հետ միայն այս նախադասության մասով․ «Սա լակմուսի թուղթ էր՝ հասկանալու համար, թե մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»։ Ռուբինյանի մնացած ասածները ծայրից ծայր «սուտ են»։

Աննա Գրիգորյանի ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեգնեց՝ «Ձեր լակմուսի թուղթը թեթեւ ծակ է»՝  մեկնաբանելով, որ իրավական օրինակներում Աննա Գրիգորյանը ոչ պատշաճ օրինակներ բերեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

https://www.youtube.com/live/SlhAzbPO_zc

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930