Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ):
Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով:
Մասնավորապես՝
► չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
Կարդացեք նաև
► պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
► չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
► բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
► բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները,
► չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
► չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին