«Նոր նյութերի շարքն արդեն իսկ ուղարկվել է խորհրդի անդամներին։ Նախատեսում ենք եկող շաբաթվա ընթացքում ունենալ մեկ նիստ եւ մեր պլաններում կա եւս մեկ նիստի անցկացում սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Հետզհետե կինտեսիվացնենք խորհրդի աշխատանքները, որպեսզի կարողանանք ունենալ Սահմանադրության պատրաստի տեքստը այն ժամանակահատվածի համար, որը խոստացել էինք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը երբ է անցկացվելու։
Հարցին, թե Անկախության հռչակագրին անդրադարձ եղե՞լ է, նախարարը պատասխանեց․ «Այս անգամ ուղարկված նյութերում եւ առաջիկա նյութերում չեմ կարծում, որ դա տեղ կգտնի, բայց հենց տեղ գտնի եւ քննարկվի, առաջին հերթին հանրային տարբերակով իրազեկումները կիրականացվեն։ Դեռ այդ հարցը չի քննարկվել, քննարկվելուն պես հանրությունը եւ լրագրողական համայնքը կտեղեկացվեն»։
Հարցին, թե այդ հարցը քննարկվի, իր դիրքորոշումը ո՞րն է լինելու, Գալյանը պատասխանեց․ «Եթե եւ երբ քննարկվի, իմ դիրքորոշումը ես այդ ժամանակ կհայտնեմ»։
Սրբուհի Գալյանին նաեւ հարց ուղղվեց այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ եթե մենք խնդիր չենք տեսնում մեր Սահմանադրության մեջ, եւ խնդիր չլինելու հավաստումը տվել է մեր ՍԴ-ն, ինչպե՞ս բարձրացնենք դա որպես խնդիր այլ պետության համար։ Դա բացարձակ տրամաբանական չէ։ Ես վերահաստատում եմ, որ մեր Սահմանադրությունը նման խնդիր, որը բարձրաձայնվում է, չի պարունակում»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով ադրբեջանական այն քաղաքականությանը, որ Հայաստանի տարածքը այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» են անվանում, Սրբուհի Գալյանն ասաց․ «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել, իրենց իրավունքն է։ Եվ մենք ասում ենք հետեւյալը՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Սա ՀՀ-ն է, եւ վերջ»։
Հարցին, թե ինչո՞ւ հակազդող քաղաքականություն չի վարվում ՀՀ իշխանության կողմից, նա պատասխանեց․ «Ինչի՞ն հակազդենք, համոզենք միջազգային հանրության եւ այլ կողմին, որ սա Հայաստանի Հանրապետությո՞ւնն է, մենք համոզելու կամ հակադրվելու բան ունե՞նք, չեմ կարծում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ