Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան. «Քանի որ Հայաստանում տեղի ունեցողը կարելի է անվանվել քաղաքական կիտչ, երևի երաժշտությունն էլ պիտի այդ կոնցեպտի մեջ լինի»

Սեպտեմբեր 11,2025 14:46

«Անտարես» գրահրատարակչության վերջին շրջանում լույս ընծայած նոր գրքերից է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում» գիրքը, որում ընդգրկված են քաղաքագետի`  1998-2025 թթ. ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող հոդվածներն ու հարցազրույցները: Համարյա բոլոր նյութերի տրամաբանության հիմքում ընկած է գրքի վերնագրում արտացոլված այն պնդումը, որ Հայաստանում քաղաքական բանավեճերը չեն կարող սահմանափակված լինել որպես ազգայնականների ու ազատականների տարաձայնություններ, ինչը հեղինակի պնդմամբ` այդ բանավեճերի ստանդարտ ենթադրությունն է: Այս կարծիքի հեղինակներն են վերոնշյալ գրքին արդեն ծանոթ որոշ մասնագետներ:

Ժողովածուի ներածականում կարդում ենք պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի հետևյալ խոսքը. «Ժողովածուն Հայոց պատմության վերջին, արդեն 4 տասնամյակների կարևոր իրադարձությունների և իրողությունների քաղաքագիտական քննություն-իմաստավորումն է և առանձնանում է նրանով, որ հայկական նյութը քննվում է մի կողմից միջազգային քաղաքագիտական ժամանակակից տեսությունների, ուսմունքների, մյուս կողմից՝ աշխարհում տեղի ունեցած համանման հայտնի այլ իրադարձությունների և երևույթների համատեքստում»:

Aravot.am-ի հավաստի տեղեկությամբ՝ ամերիկաբնակ քաղաքագետ Արման Գրիգորյանը իր մասնագիտությունից զատ` հայտնի է նաև որպես մոլի երաժշտասեր, ավելին՝ նրանից հաճախ խորհուրդներ, կարծիքներ են հարցնում երաժշտարվեստի ոլորտի արվեստագետներ: Կատակով էլ երբեմն նշում են, թե այս մարդը (Արման Գրիգորյանը) պրոֆեսիոնալ երաժշտական տեսաբան է: Մենք քաղաքագետին խնդրեցինք պատասխանել մեկ-երկու հարցի.

-Պարոն Գրիգորյան, նախ ընդունեք գրքի հրատարակման առիթով մեր շնորհավորանքները: Դուք մոլի երաժշտասեր եք, և հենց այստեղից է հղանում հարցը՝ եթե երաժշտական լեզվով արտահայտվեք Հայաստանում վարվող քաղաքականության մասին, ո՞ր ժանրում կամ ի՞նչ ստեղծագործությունների հետ այն կհամեմատեք:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Ուղղակի այսպես պատասխանեմ՝ բնականաբար հանպատրաստից: Այսպես. քանի որ Հայաստանում տեղի ունեցողը կարելի է անվանվել քաղաքական կիտչ, երևի երաժշտությունն էլ պիտի այդ կոնցեպտի մեջ լինի: Այսինքն՝ մի բան, որն իմիտացիա է, որը հավանականություն ունի ինչ-որ բան լինելու, բայց իրականում չի: Հավանականություն ունի զիբիլ-ռաբիզից տարբեր լինելու, ասենք՝ արվեստ լինելու, բայց էդպես էլ չի համոզում: Պրիմիտիվ է, սենտիմենտալ է, պարզունակ հոգու արտադրանք: Եսիմ, Նորա Ջո՞նս, Լարա Ֆաբիա՞ն…

-Ինչպե՞ս ծնվեց ժողովածուն հրատարակելու գաղափարը: Այս հարցի ենթատեքստը հետևյալն է. նման ժողովածուները մի տեսակ՝ քննադատաբար չասենք, բայց որոշ, նույնիսկ հեղինակավոր անձինք, տարբեր ոլորտների մասնագետներ պարզապես չեն ողջունում՝ համոզված լինելով, թե ժամանակին՝ տարիներ առաջ գրված նյութերը, հոդվածները տասնամյակներ անց հիշեցնելը, այն էլ ժողովածուի տեսքով՝ ժամանակավրեպ է:

-Չնայած ընկերներիս հորդորներին, ես երկար ժամանակ դիմադրում էի այս ժողովածուն հրատարակելու գաղափարին՝ համարելով, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ի վերջո, դրանում տեղ գտած նյութերը հրատարակվել են նախկինում, մարդիկ էլ, որոնք այդ նյութերը հետաքրքիր են համարել, արդեն կարդացել են: Դիմադրությունս կոտրվեց այն բանից հետո, երբ գիտակցեցի, որ Հայաստանում հրատարակված կամ Հայաստանին առնչվող իմ հոդվածներն ու հարցազրույցներն ընդհանուր տրամաբանություն ունեն, ինչը կարող է տեսանելի դառնալ միայն դրանք որպես ժողովածու հրատարակելու դեպքում, և ինչը լրացուցիչ արժեք ունի Հայաստանում մեր օրերում տիրող քաղաքական ու մտավորական մթնոլորտի պայմաններում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930