Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,765,685.1 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ կհամաֆինանսավորվի 19 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր՝ Արագածոտն՝ 2, Արարատ՝ 4, Արմավիր՝ 7, Լոռի՝ 2, Կոտայք՝ 5, Շիրակ 1, Սյունիք՝ 3, Տավուշ՝ 2: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս որոշմամբ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 322 մլն դրամ:
Կարդացեք նաև
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը: Գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի բազմամուտք 2 բնակելի շենքերի մուտքերի վերանորոգում (ավարտված, վերանորոգվել է 2 շենքի ընդհանուր 1897 քմ մակերեսով տարածքը, շահառուները՝ 250 բնակիչ), Աշտարակ համայնքի Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Բյուրական, Լեռնարոտ, Կոշ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Տեղեր, Օշական և Օրգով բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85 %, ասֆալտապատվել է 9,7 կմ ճանապարհ), Արարատի մարզ՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Սալակիթներ փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 307 մ ճանապարհ), Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ /1-ին փուլ / (ավարտված, ասֆալտապատվել է 303 մ ճանապարհ), Արարատ համայնքի Արարատ, Ավշար, Նոյակերտ, գ․Արարատ, Արմաշ, Պ․ Սևակ, Ուրցալանջ և Զանգակատուն բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում LED լուսատուներով /1-ին փուլ / 26,795.1 (ավարտված, կառուցվել է 3,9 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 128 հենասյուն և նույնքան ԼԵԴ լուսատու), Վեդի համայնքի Սիսավան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 40 %, նախատեսվում է կառուցել 411,4 քմ ընդհանուր մակերեսով, 90 սանի համար նախատեսված մանկապարտեզ), Արմավիրի մարզ՝ Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցում 34,692.1 (ավարտված, կառուցվել է 17,4 կմ ջրագիծ, շահառուները՝ 400 տնտեսություն), Վաղարշապատ համայնքի Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում (ավարտված, կառուցվել է 3,5 կմ ներտնտեսային ոռոգման ջրագիծ, ոռոգելի տարածքը կավելանա շուրջ 98 հա-ով, շահառուները` 105 տնտեսություն), Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 7-րդ, 15-րդ փողոցների և Արաքս բնակավայրի 200մ երկարության ճանապարհի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 700 մ ճանապարհ), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55%, նախատեսվում է հիմնանորոգել երկհարկանի շենքը՝ 1722 քմ ընդհանուր մակերեսով, բարեկարգել բակային տարածքը՝ 7860 քմ, շահառուները՝ 165 սան), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Ջիվանի – Ե. Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի մի հատվածի կառուցում (ավարտված, հիմնանորոգվել/կառուցվել է 1,17 կմ երկարությամբ ճանապարհ), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 4-րդ թաղամաս 1-ին փողոցի 2-րդ նրբանցք, Հայկավան բնակավայրի 6-րդ փողոցի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 326 մ երկարությամբ գազատար, շահառուները՝ 56 տնտեսություն), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է 6100քմ բակային տարածք, կառուցվել են 6 տաղավար, անցուղիներ և խաղահրապարակ, շահառուները՝ շուրջ 270 սան), Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Ալավերդի և Ակներ բնակավայրերի ներհամայնքային հանրային տրանսպորտի երթուղային ցանցի սպասարկման համար ավտոբուսների ձեռքբերում (ավարտված, թվով 5 ավտոբուսները մատակարարված են), Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 5-րդ փողոցի փոքր հրապարակի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է 957քմ տարածք), Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Եղվարդ, Քասախ, Պռոշյան բնակավայրերում ջրահեռացման ցանցերի կառուցում (ավարտված, կառուցվել է 3,7 կմ ջրատար խողովակաշար, շահառուները` 535 տնտեսություն), Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի, Նուռնուս բնակավայրի 1-ին փողոցի և Ջրաբեր բնակավայրի 3-րդ փողոցի ու 3-րդ նրբանցքի սալարկման աշխատանքներ (ավարտված, սալարկվել է 1,2 կմ ճանապարհ, շահառուները` 125 տնտեսություն), Գառնի համայնքի Գառնի և Գեղարդ բնակավայրերի գազատարների կառուցում (ավարտված, կառուցվել է 2,6 կմ գազատար, շահառուները՝ 75 տնտեսություն), Ծաղկաձոր համայնքի Փյունիկ բնակավայրի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, հիմնանորոգվել է 730 մ ճանապարհ), Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, հիմնանորոգվել է 1,1 կմ ճանապարհ), Շիրակի մարզ՝ Անի համայնքի Մարալիկ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 4կմ կոյուղագիծ, շահառուները՝ 2000 բնակիչ), Սյունիքի մարզ՝ Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 98 %, ծրագրով իրականացվում է 13,5 կմ ջրագծի, 1 հատ ՕԿՋ-ի և 5 հատ ջրհավաք ավազանի կառուցում, շահառուները՝ 1040 բնակիչ), Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55%, նախատեսվում է կառուցել 214 քմ ընդհանուր մակերեսով, 25 սանի համար նախատեսված մանկապարտեզ), Կապան համայնքի Կապան բնակավայրի Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, ասֆալտապատվել է 320 մ ճանապարհ), Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Ազատամուտ, բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել է 285 մ ճանապարհ), Նոյեմբերյան համայնքի Կողբ, Այրում բնակավայրերի փողոցների տուֆապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, տուֆապատվել է 1 կմ ճանապարհ):
Կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի բնականոն ընթացքը. կհատկացվի 917.2 մլն դրամ
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրեր իրականացումը: Որոշմամբ 19 համայնքներում նախատեսվում է համաֆինանսավորել մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 35 ծրագիր՝ 917.2 մլն դրամի չափով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին հատկացնել՝ մինչև 72,751.2 հազար դրամ, Արարատի մարզի Մասիս համայնքին հատկացնել՝ մինչև 76,158.8 հազար դրամ, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր և Խոյ համայնքներին, համապատասխանաբար, հատկացնել՝ մինչև 38,228.7 հազար դրամ, 51,307.1 հազար դրամ և 40,893.4 հազար դրամ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին հատկացնել՝ մինչև 54,736.6 հազար դրամ, Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ և Ստեփանավան համայնքներին, համապատասխանաբար, հատկացնել՝ մինչև 72,191.8 հազար դրամ, 32,418.6 հազար դրամ և 34,273.2 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան և Չարենցավան համայնքներին, համապատասխանաբար՝ մինչև 58,933.9 հազար դրամ, 30,486.8 հազար դրամ, 49,853.6 հազար դրամ, և 41,565.8 հազար դրամ, Շիրակի մարզի Ախուրյան և Գյումրի համայնքներին, համապատասխանաբար՝ մինչև 57,591.5 հազար դրամ, 81,452.6 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Արենի, Ջերմուկ և Եղեգիս համայնքներին, համապատասխանաբար՝ մինչև 30,683.4 հազար դրամ, 28,221.4 հազար դրամ և 28,057.0 հազար դրամ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքին՝ մինչև 37,408.3 հազար դրամ: Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքները չեն ներառվել որոշման մեջ, քանի որ մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը և այդ փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունները պատրաստ չեն:
Դավիթ Խուդաթյանը նշել է, որ մասնակցային բյուջետավորման ծրագրին մարդկանց մասնակցությունն առաջին տարվա ընթացքում եղել է պասիվ, սակայն վարչապետի հանձնարարությամբ կատարված իրազեկման արշավից հետո մասնակցայնությունը բարձրացել է. «Ուզում եմ հավաստիացնել, որ ծրագիրը սկսել է աշխատել: Առնվազն պատկերը և ակտիվությունն ավելի լավն են, քան նախորդ տարի»:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագրի մասնակցային լինելու երաշխիքների անհրաժեշտությունը. «Ծրագրի նպատակն այն է, որ քաղաքացիները մասնակցեն: Այնպես չէ, որ եթե քաղաքացիները չմասնակցեին, այս ծրագրերը ընդհանրապես դուրս էին մնալու: Այստեղ առաջնահերթությունների որոշման խնդիր է: Այդ թվում՝ կոմիտեներում քննարկելիս շատ էական նշանակություն պետք է տրվի, և նաև Կառավարության նիստերին էլ այս հարցերը զեկուցելիս բոլոր տեղեկանքներում պետք է գրվի, թե ամեն ծրագրի քվեարկությանը քանի քաղաքացի է մասնակցել, որպեսզի հասկանանք՝ մասնակցայնության մակարդակը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ ուղղակի համայնքի համար և մարզպետարանի համար թղթարարություն ենք ավելացրել, որ պիտի ուշադիր լինեն, թե խորագիրը որ վերնագրի ներքո է գրվում: Այսինքն՝ մեխանիզմներն անպայման պետք է ունենանք»:
Վարչապետը նշել է նաև, որ քվեարկությունն էլեկտրոնային հարթակում է իրականացվում և ընդգծել, որ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ Կառավարության ծրագրերին առնչվող քվեարկություններն արդար, իրական անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ երկրորդ տարին է ինչ ծրագիրն իրականացվում է և անհարժեշտ է մոնիթորինգ իրականացնել առկա խնդիրները պարզելու նպատակով: «Մի իքս պահից մենք թվայնացման արդյունքում նաև պետք է այստեղ փորձարկենք նույնականացման քարտերով քվեարկելու համակարգերը, տեսնենք՝ դա ինչքանով է աշխատում»,– ասել է երկրի ղեկավարը:
Վարչապետը թվարկել է մասնակցային բյուջետավորման շրջանակում ֆինանսավորվող ծրագրերը. Արագածոտնի մարզ՝ Աշտարակ համայնքի Գիտավան թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Արարատի մարզ` Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի՝ Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգու բարեկարգում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի մանկապարտեզին հարակից տարածքում այգու կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի մշակույթի տանը հարակից տարածքում պուրակի կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Գայ բնակավայրի Իսահակյան փողոցի՝ դեպի Մեծամոր տանող ճանապարհի ասֆալտապատում (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Արմավիր համայնքի Լուկաշին բնակավայրի կենտրոնական զբոսայգում 20X40 տիպի արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտի կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի 5-րդ փողոցի 44 հասցեում 20X40 տիպի արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտի կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր) Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 16/6 հասցեում արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի կառուցման և դաշտի հարևանությամբ բացօթյա մարզասարքերի տեղադրում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ սպորտային ենթակառուցվածքներով ծրագիր (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Գեղարքունիքի մարզ՝ Գավառ համայնք՝ «Սպորտ + ժամանց Գավառում» ծրագիր (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Գավառ համայնք՝ «Անվտանգ մանկություն․ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում» ծրագիր (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Լոռու մարզ՝ Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրում ֆուտբոլի դաշտի վերակառուցում (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Վանաձոր համայնքի «Սպորտային խաղահրապարակի կառուցում Շահումյան բնակավայրում» ծրագիր (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում երկու խաղահրապարակի կառուցում (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի բարեկարգում, հատակի կահավորում ռետինե ծածկով (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Փամբակ համայնքի ներհամայնքային ճանապարհի նորոգում, համայնքի ենթակառուցվածքների բարելավում, սեփական ռեսուրսների հզորացում՝ էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերմամբ (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Ստեփանավան համայնքի Ստեփանավանի քաղաքային գերեզմանոցների պարսպապատում և հարակից տարածքների բարեկարգում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Կոտայքի մարզ` Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի մարզամշակութային կենտրոնի շենքի մասնակի վերանորոգում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 11, 26, 34 և Օղակաձև փողոցի 50 շենքերի հարակից տարածքներում խաղահրապարակների կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Հրազդան համայնքի Աղբյուրակ թաղամասի այգու վերակառուցում և արդիականացում ծրագիր (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Չարենցավան համայնքի «Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Բջնիում» (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Չարենցավան համայնքի «Նորարար գրադարան» ծրագիր (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնքում «Ֆուտբոլի դաշտի վերականգնում Առափիում» ծրագիր (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում «Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի» պարասրահա-դահլիճի վերանորոգում և խաղահրապարակի կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում «Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում» ծրագիր (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում «Ժամանցի կենտրոն» ծրագիր (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Գյումրի համայնքում «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիր» (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Վայոց ձորի մարզ՝ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծմ ընդհանուր երկարության ճանապարհների բարեկարգում( շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Արենի համայնքի Արփի բնակավայրում խաղահրապարակ-զբոսայգու կառուցում (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում (շինարարության իրականացման մրցութային գործընթացի փուլ), Եղեգիս համայնքում մարզադաշտի բարեկարգում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Եղեգիս համայնքում մանկական խաղահրապարակների կառուցում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Տավուշի մարզ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա 74 շենքի հարակից տարածքում «Բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում» (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան 27/1 հասցեի մշակութային կենտրոնի և մեծահասակների ժամանցի սենյակի հիմնանորոգում (առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր), Դիլիջան համայնքի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի հետիոտնային կամրջի կառուցում(առկա է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր):
Վանաձորում՝ Վախթանգ Դարչինյանի անվան մարզակառույց, Շամուտում՝ Ստեփան Սարգսյանի, Գեղակերտում՝ Յուրի Սարգսյանի
Գործադիրն ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝ սպորտի ոլորտում որդեգրած ռազմավարությունից, որով մի կողմից՝ նպատակ ունեն զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները, մյուս կողմից՝ այդ սպորտային ենթակառուցվածքների զարգացման ընթացքում առանձնահատուկ գնահատել և նաև ճանաչելի դարձնել մեր անվանի մարզիկների փորձը, վաստակը և նաև դրանով խրախուսել նորանոր երեխաների՝ զբաղվելու սպորտով։ «Սրանով նախատեսվում է, որ մենք որպես նվիրաբերություն ընդունում ենք գույք, ամրացնում ենք և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում ենք, որպեսզի տեղի ունենա նշված մարզակառույցների կառուցումը և հետագա շահագործումը»,-ասել է նախարարը։
Ամբողջական փաթեթը վերաբերում է երեք մարզակառույցների. առաջինը հանրաճանաչ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի բռնցքամարտի ուղղվածությամբ մարզակառույցն է, որը պետք է կառուցվի Վանաձորում։ Վանաձորում այս մարզակառույցի կառուցման նպատակով նվիրաբերվում է 3 հողամաս, որոնք սեփականության իրավունքով պատկանել են Վախթանգ Դարչինյանին, մեր հանրահայտ ծանրամարտիկ Յուրի Սարգսյանին և ըմբշամարտիկ Ստեփան Սարգսյանին։ «Մեր երեք մարզիկների գույքի նվիրաբերման արդունքում մենք հնարավորություն ենք ստանում Վանաձորում կառուցել բռնցքամարտի ժամանակակից և արդիական համալիր։ Միևնույն ժամանակ մենք մեր մյուս երկու մարզիկների անունով մարզակառույցների հետ կապված աշխատանքներն ենք պլանավորում: Մասնավորապես՝ Ստեփան Սարգսյանի անվամբ ըմբշամարտի մարզակառույց կկառուցենք հենց իր ծննդավայր Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրում։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ արդեն իսկ նախընթաց աշխատանք է կատարված, մասնավորապես, մարզակառույցի համար հատկացված հողատարածքի նշանակությունը փոխված է, որպեսզի հնարավոր լինի կառուցապատում, ինչպես նաև ավագանու որոշմամբ այդ նվիրաբերության գործընթացն արդեն իսկ տեղի է ունեցել: Կառավարության որոշումով կկարողանանք մեկնարկել բուն գործընթացը։ Այստեղ էլ կունենանք ըմբշամարտի մարզադպրոց: Յուրի Սարգսյանի մասով կունենանք նաև իր ծննդավայր՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի այն մարզադպրոցը, որտեղ հենց ինքը մարզվել է: Սա առանցքային է, որովհետև միասին երկար քննարկել ենք լուծման տարբերակը, և մեր ծանրամարտիկը ցանկություն էր հայտնել, որ հենց այն մարզադպրոցը, որտեղ ինքը մարզվել է, ունենա արդիական պայմաններ: Եվ սա նշանակում է, որ մենք Գեղակերտում կհիմնանորոգենք գոյություն ունեցող մարզադպրոցը։ Ընդ որում՝ քանի որ մարզադպրոցը հանդիսացել է «Սևան» գյուղական մարզական ՀԿ-ի սեփականությունը, ՀԿ-ի նախագահության որոշմամբ դա նվիրաբերվել է ՀՀ-ին, ինչը նշանակում է, որ մենք մարզադպրոցը կհիմնանորոգենք և այնուհետև անհատույց օգտագործման կտրամադրենք Սևան մարզական կազմակերպությանը մարզադպրոցի աշխատանքները կազմակերպելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մյուս երկու կառույցները կհատկացվեն Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ին, որը նախարարության գույքային միասնական կառավարիչն է: Այս որոշումից հետո կկարողանանք նվիրաբերության պայմանագրերը, գույքի հանձնում-ընդունումն իրականացնել, որից հետո կմեկնարկի նախագծումը:
Կարևորելով ընդունված որոշումները՝ վարչապետը նշել է. «Կարևոր է մի քանի հայեցակարգային պատճառով. առաջինը՝ նախ, մենք արձանագրում ենք սրանով, որ ՀՀ Կառավարությունն, ըստ էության, արժևորում է այն սպորտային ժառանգությունը, որ մենք նախկինում տարբեր ժամանակներում ունեցել ենք։ Ինչպես վերջերս առիթ ունենում եմ ասելու, հիմնականում Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ քննարկումների տիրույթում, մենք անընդհատ խոսում ենք արժեքների կիրառական նշանակության մասին»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ կիրառական նշանակությունն այն է, որ մարդկանց, նրանց վաստակը, Հայաստանին նրանց մատուցած ծառայությունները կարող են հիշվել հոբելյանից հոբելյան, որը լավ է և կարվի: «Իսկ մյուս դեպքում՝ մենք ունենում ենք Վիկ Դարչինյանի անվան դպրոց, Ստեփան Սարգսյանի, Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոց, որն արդեն գործում է, Արթուր Աբրահամի անվան դպրոցը, որը կառուցվում է, Ալբերտ Ազարյանի անվան դպրոցը, որի հիմնարկեքը արեցինք, Հրանտ Շահինյանի անվան դպրոցը, որը շուտով շահագործման կհանձնենք, Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը, որը երկար կառուցվում է: Կիրառական նշանակությունն այն է, որ երեխաներն ամեն օր առնչվում են այդ ժառանգության հետ, և սա երաշխիք է, որ այդ ժառանգությունը ոչ միայն չի մոռացվի, այլև դրա պարունակած էներգիան կծառայի հետագա հաջողությունների և հետագա ժառանգության համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Արձագանքելով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ Արթուր Աբրահամի դպրոցի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ «Ես կարևորում եմ, որ Արթուր Աբրահամն ուղեկցել է նախագծման ամբողջ ընթացքը, և իր աջակցությամբ՝ նախագծի մեջ ներդրվել է միջազգային եվրոպական լավագույն փորձը։ Կառույցը կազմված է լինելու մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերից, ունենալու է շուրջ 5400 քմ տարածք, որում ներառված են լինելու և՛ ըմբշամարտի, և՛ բռնցքամարտի դահլիճներն իրենց բոլոր ենթակառուցվածքներով, մարզիկների համար անհրաժեշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով։ Լինելու է ընդհանուր խաղային մարզաձևերի, ուժային մարզումների դահլիճներ։ Այս ամբողջն արդեն ավարտվել է, հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի բացումը կկայանա սեպտեմբերի 22-ին. կունենանք շինարար ու բուն շինարարական աշխատանքները կմեկնարկենք»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Եղիազար Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Մալխաս և Ռոման Ամոյանների մարզադպրոցի աշխատանքները. հոկտեմբեր ամսին կավարտվեն նախագծման աշխատանքները և սահմանված կարգով ընթացք կտրվի:
Վարչապետը հիշեցրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որտեղ արձանագրված է, որ մինչև 2050 թվականը մենք խնդիր ունենք 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու: «Այս նախագծերի հաջող իրագործումը գործնականում երաշխավորում է, որ դա անպայման տեղի է ունենալու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն իրականացրել է ամբողջական հետազոտություն՝ մեր հանրության շրջանում առողջ ապրելակերպի և սպորտով զբաղվելու վարքականոնի վերաբերյալ. «Ընդ որում՝ սպորտի ռազմավարության համաձայն՝ այդպիսի տվյալների հավաքագրումը մենք պետք է դարձնենք ամենամյա, որպեսզի կարողանանք զուգահեռ հետևել և տեսնել՝ ինչպես է փոխվում հանրային վարքականոնը այդ ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց: Եվ կարծում եմ, որ այս համալիր գործողությունները իսկապես կտան արդյունք, հատկապես որ այս պահին մենք ունենք 214 մեդալ, և սա նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 մեդալով»:
Կշարունակվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացումը
Կառավարության որոշմամբ կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թ. օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5715 անձ, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են: «Վերլուծությամբ պարզվել է, որ շահառուներից 1532-ը կամ 27 տոկոսը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել: Հատկանշական է, որ 1 շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ՝ համախառն աշխատավարձի մասին է խոսքը, այնինչ միջոցառման մեկնարկից առաջ ֆորմալ զբաղված պոտենցիալ շահառուների միջին ամսական աշխատավարձը շուրջ 145 հազար դրամ էր, այսինքն՝ դիտվել է աճ միջին թվի համեմատությամբ 56 հազար դրամ կամ 37 տոկոսի շրջանակներում: Սա էլ կարող է ենթադրել ստվերից դուրս գալու մասին: Այն մարդիկ, որոնք ունեին աշխատավարձ, նրանց աշխատավարձը բարձրացել է: Ամբողջությամբ վարկը մարած 789 շահառուների վարկերի մարման համար արդեն հատկացվել է 156 մլն դրամ»,– ասել է Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ այսօր ծրագիրը շարունակելու պահանջ կա: 540 շահառու դուրս է մնացել ծրագրից, քանի որ չի բավարարել ընթացիկ պահանջները մինիմալ աշխատավարձի մասով: Այս պահի դրությամբ ծրագրից ակտիվ օգտվում է 4381 շահառու: «Մենք փաստացի արդեն՝ այս որոշումը ներառյալ, մոտ 1 մլրդ դրամ ենք հատկացնում ծրագրին: Հատկանշական է այն, որ նախորդող 6 ամիսներին ծախսվել է 500 մլն դրամ, և այս 3 ամիսներին՝ կրկին 525 մլն դրամ, այսինքն՝ նաև աճի տեմպ ենք տեսնում»,-նշել է Արսեն Թորոսյանը:
Սակայն, ըստ նախարարի, հաշվի առնելով, որ շահառուների թիվը 218 հազար անձ էր, չեն կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին. «Առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ նաև մեր գործընկերների աջակցությունը բանկային սեկտորից, որովհետև այս քաղաքացիների անհատական տվյալները մենք չունենք: Մենք միայն ունենք հանրային ծառայության համարանիշները, և չենք կարող պրոակտիվ կերպով յուրաքանչյուրին տեղեկացնել ծրագրի մանրամասների մասին: Միայն հանրային իրազեկման միջոցով կարող ենք անել, ինչն արել ենք և կակտիվացնենք: Բայց եթե բանկերը պրոակտիվ կերպով, ճանաչելով իրենց հաճախորդներին, որոնք իրենց մոտ ունեցել են վարկեր կամ հիմա էլ ունեն հաշիվներ, մոտենան նրանց թե՛ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, թե՛ զանգով, թե՛ հրավերով, մենք կկարողանանք ակտիվացնել այս միջոցառումը»: Նախարարն ընդգծել է՝ ծրագիրը կարևոր է շահառուների վարկային պատմությունը մաքրելու, նրանց ավելի վարկունակ դարձնելու, ինչպես նաև ֆորմալ զբաղվածությամբ ապահովելու տեսանկյունից:
Արձագանքելով՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել է, որ ծրագրին շահառուների մասնակցության պասիվությունը հասկանալու համար ավելի խորքային վերլուծություն է անհրաժեշտ:
Արսեն Թորոսյանը հիշեցրել է՝ ծրագրի մեկնարկին պոտենցիալ շահառու էր 43,600 քաղաքացի, որոնք ունեն ֆորմալ զբաղվածություն. «Այսինքն՝ մարդիկ, որ աշխատում են և կարող են դառնալ ծրագրի շահառու, և եթե դիմեն ծրագրին, ապա նրանց եկամտահարկը կարող է փակել անհուսալի վարկը, նույնիսկ նրանք չեն դիմում»:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առկա խնդիրներն հասկանալու և լուծելու նպատակով ձևավորել աշխատանքային խումբ, պարբերաբար անդրադառնալ հարցին և քննարկել արդյունքը: Վարչապետը նշել է, որ պետք է մշակել բանաձև՝ պոտենցիալ շահառուներին գտնելուն և նրանց ակտիվացնելուն ուղղված:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին: Հիմնավորման համաձայն՝ ԵՆԱԲ հիմնադրվել է 2015 թ. Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, հիմնադիր 57 անդամ երկրներ: ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա։ Բանկին բաժանորդագրումը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ, Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավմամբ կարող են ստեղծվել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման համար: ԵՆԱԲ միանալը ՀՀ հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից:
Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրության ստորագրման առաջարկությունը: Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է համաֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի Հյուսիսային՝ 27.1 կմ երկարությամբ և Հարավային՝ 24.25 կմ երկարությամբ ենթահատվածների կառուցումը: Ճանապարհահատվածների կառուցումը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը, կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածների կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տուրիզմի զարգացմանը:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ֆինանսական պայմանագրով սահմանվում է, որ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց: Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում ապահովել թիրախային աջակցություն բազմոլորտ ներդրումների միջոցով՝ արձագանքելով վերջին հակամարտությունների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի մարզի այն համայնքները, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից՝ հատկապես կենտրոնանալով այն տարածքների վրա, որոնք հյուրընկալում են տեղահանված անձանց կամ վերականգնվում են հակամարտության հետևանքներից։ Ծրագրի հիմնական ներդրումային ուղղություններն են՝ որակյալ առողջապահական և բժշկական ծառայությունների հասանելիության բարելավում, որակյալ տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում, համայնքների և տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։ Ծրագիրն ընդգրկում է նաև առողջապահական և կրթական հաստատությունների վերակառուցում, ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացում, էներգաարդյունավետության բարձրացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ծրագրի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։
Հավանության է արժանացել նաև 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։ Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ։ Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը, կոնյակը, շոկոլադը, հանքային ջուրը, պահածոյացված մրգերը։ Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը։ Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։ Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄն դոլար։
Դալարիկում կհիմնվեն նեկտարինի և սալորի ինտենսիվ այգիներ
Կառավարության որոշմամբ «ՍԼԳ ԱԳՐՈ» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է իրականացնել արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ ինտենսիվ այգիների հիմնման ներդրումային ծրագիր։ Ընկերությունը ներդրումային ծրագիրն իրականացնում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ վարչական շրջանի հողամասերում, որտեղ պլանավորվում է 2025-2027թթ.-ին հիմնել նեկտարինի և սալորի 207.35 հա ինտենսիվ այգիներ, իսկ 6.2322 հա հողամասում՝ այգիների սպասարկմանն օժանդակող շինություններ՝ ադմինիստրատիվ գոտի։ Այգու ոռոգումն իրականացվելու է կաթիլային ոռոգման համակարգով, այն պաշտպանված է լինելու կարկտապաշտպան համակարգով, մեկ հեկտար հողակտորի վրա տնկվելու է շուրջ 1,642 ծառ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 5.5 մլրդ դրամի ներդրում լարասյունային համակարգի և հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման, կաթիլային ոռոգման և պարարտացման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ծառերի և գյուղտեխնիկայի ձեռքբերման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 600.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 59 մլն դրամ:
ՀՀ կառավարություն