Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի քաղաքացու կալանավորումը՝ վարձկանության մեղադրանքով հանձնելու նպատակով բավականին մեծ մարտահրավեր է ՀՀ իրավական, դատական համակարգի համար. Աննա Մելիքյան

Սեպտեմբեր 11,2025 23:13

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը գրում է.

«Վրաստանի քաղաքացու կալանավորումը՝ վարձկանության մեղադրանքով հանձնելու նպատակով բավականին մեծ մարտահրավեր է ՀՀ իրավական/դատական համակարգի համար։

Նախ, պետք է արագ կողմնորոշվեն, թե արդյո՞ք համարում են Դոնեցկի դատարանը Եվրոպական կոնվենցիայի և Ժնևի IV կոնվենցիայի իմաստով պատշաճ դատարան։ Դրանով պայմանավորված էլ՝ հի՞մք է այդ դատարանի կողմից կայացված վճիռը, թե՞ ոչ։

Այս առումով հետաքրքիր է ՄԻԵԴ դիրքորոշումները։ Այնպես չէ, որ ՄԻԵԴ-ը բոլոր դեպքերում անխտիր  չճանաչված կամ օկուպացված տարածքի բոլոր դատարանները համարում է անօրինական։ Օրինակ՝ հյուսիսային Կիպրոսում գործող դատարանները և դրանց ակտերը որոշ գործերով ընդունելի է համարել։ Իսկ Մերձդնեստրի ու, որքանով կարելի է դատել Ուկրաինա և Նիդերլանդներ ընդդեմ Ռուսաստանի գործով վճռից, Դոնեցկի դատարանը՝ ոչ։ Ու հիմնական պատճառը՝ դատարանին հիմնավորում չտրամադրելն է, որի հիման վրա ՄԻԵԴ-ը կարողանար եզրահանգել, որ այդ դատարանները գործում են համապատասխան չափանիշներին համապատասխան։ Ռուսաստանը այդ բոլոր գործերով տեղեկություն չի տրամադրել։

Երկրորդ լուրջ խնդիրը դա հենց ՀՀ իրավապահ և դատական մարմինների կարողությունն է արարքը որպես վարձկանություն որակելը։ Միակ փորձը, որ մենք ունենք, դա 44-օրյայի համատեքստում այս հոդվածով դատապարտված երկու սիրիացիներն են։

Մեր հասարակությունում այդ հարցը առանձնապես չենք քննարկել, բայց նրանց դատել են բառացի ՄԵԿ օրում՝ լրջագույն հանցագործությունների համար, տվել ցմահ, դատը տեղի է ունեցել դռնփակության պայմաններում, վճիռը հրապարակված չէ ու այդ վճիռը դատական դեպարտամենտը հրաժարվում է տրամադրել, ուստի շատ լուրջ կասկածներ կան, թե արդյոք հիմնավոր էր մեղադրանքը ու պատշաճ ապացուցված։  Բոլորս այդ հոլովակները տեսել ենք և դրանով բավարարվել, իսկ արդար դատաքննություն պահանջող չեղավ։

Եթե նույն չափանիշներով այս գործին էլ մոտենան, ապա իհարկե ՀՀ դատարանը որևէ խնդիր չի տեսնի ՌԴ հարցման մեջ։

Վարձկանության ամենաէական տարրերից մեկը ոչ թե միայն օտարեկրացի լինելն է, դա ընդհանրապես բավարար չէ, ու ոչ թե օտարեկրացի լինելով՝ այլ պետության օգտին ռազմական գործողությունների մասնակցելն է, այլ նաև ռազմական գործողություններին մասնակցելը վարձատրության դիմաց, ընդ որում՝ այդ վարձատրությունը պետք է էապես գերազանցի համանման գործառույթ և կոչում  ունեցող տեղացի զինծառայողի վարձատրությունը։

Դե երրորդ հարցն էլ իհարկե խոշտանգման ռիսկի գնահատումն է և non-refoulment սկզբունքի ապահովումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930