(Այս հոդվածը «Հայաստանի վերջին հնարավորությունը» հոդվածին կից առաջին հավելվածն է: Նշված հոդվածը զարգացնում էր այն համոզումը, թե Հայաստանի համար «ի՞նչ անել» հարցի պատասխանի մեկնակետը պետք է լիներ և պետք է լինի նրա իրականությունը բնութագրող ամենաէական փաստի՝ պանթուրքիստական ծրագրի առկայության խորը գիտակցումը և դրանից բխող հետեւությունների հանգումը: Սույն հոդվածը ապացուցում է այդ տրամաբանության հիմք հանդիսացող պնդումներն առ այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայում վարած քաղաքականությունն այլ բան չէ, քան պանթուրքիստական նպատակների հետապնդում, և որ, ինչպես անցյալում, նույնպես և ներկայում՝ այդ ծրագիրը պայմանավորված չէ Հայաստանի և հայության դիրքորոշումներով, այլ առաջնորդվում է իր ներքին տրամաբանությամբ:)
- Պանթուրքիստական գաղափարախոսությունը ծնվել է 19-րդ դարի վերջին քառորդին: Կան պնդումներ, որ դա բրիտանական և/կամ ռուսական գաղտնի սպասարկությունների, և նույնիսկ սիոնականության կողմից է ծնվել: Այս պնդումները կարող են գոյության և քննարկման իրավունք ունենալ: Բայց Օսմանյան պետության ճգնաժամի պատճառով այդ գաղափարախոսությունը հետզհետե յուրացվել է թուրք-օսմանյան վերնախավերի կողմից:
- Պանթուրքիզմը դարձել է պետական գաղափարախոսություն և քաղաքականություն 20-րդ դարի սկզբներին, Երիտթուրքերի և Իթթիհադ վե Թերաքքը կուսակցության իշխանության օրոք: Այդ գաղափարախոսության իրականացման փորձը՝ գոյութենական խորը ճգնաժամի մեջ հայտնված Օսմանյան պետության նոր վերնախավի կողմից այդ ճգնաժամը լուծելու ռազմավարաքաղաքական որոշում էր: Դա նրանց սեփական որոշումն էր:
- 19-րդ դարի վերջերից հայկական իրականության ներսում գոյություն են ունեցել երկու՝ հեղափոխական և պահպանողական հոսանքներ: Տիրապետել է հեղափոխական հոսանքը: Ընդ որում, այդ հոսանքի ռազմավարությունը եղել է հիմնովին սխալ և ի սկզբանե դատապարտված, որովհետեւ ռազմական արարքներն ու գործունեությունը հետապնդել են՝ Օսմանյան պետության մոտ հօգուտ հայերի եվրոպական պետությունների միջամտության դրդման անմիտ նպատակը:
Ա Համաշխարհային պատերազմի բռնկումից հետո ռուսական տիրապետության ներքո գտնվող արեւելյան Հայաստանում, ցարական բանակի վերահսկողությամբ, ձեւավորվեցին հայկական կամավորական գնդեր, որոնք օժանդակեցին Օսմանյան պետություն՝ արեւմտյան Հայաստան ներխուժող ռուսական զորքերին:
- Թուրքիան փորձում է 1915թ.-ի Ցեղասպանությունը, որին ինքը տալիս է «անհրաժեշտ տեղահանություն» և «ցավալի կորուստներ» անվանումը, արդարացնել պատերազմի ընթացքում հայերի կատարած այդ «դավաճանությամբ» և նախորդած տասնամյակներում ցուցաբերած «անվստահելիությամբ»:
Սակայն Ցեղասպանությունը չի եղել հայկական պահանջների և Օսմանյան պետության դեմ հայերի ապստամբության կամ «դավաճանության» հետեւանք: Այն եղել է, անկախ հայերի դիրքորոշումներից, օսմանիզմից թուրքիզմի անցնող նոր վերնախավի՝ այդ նոր գաղափարախոսության իրականացման ճանապարհին անհրաժեշտ համարվող քայլ:
Կարդացեք նաև
- Ոչինչ չէր փոխվելու, եթե հայկական իրականությունում տիրապետող եղած լինեին պահպանողական մտածողությունն ու հոսանքը: Ցեղասպանությունը դարձյալ տեղի ունենալու էր: Կարող էին տեղի ունեցած կամ նույն մաշտաբով տեղի ունեցած չլինել 1995-96թթ.-ի համիդյան համատարած ջարդերը: Բայց 1915թ.-ի Ցեղասպանությունը, միեւնույնն է, տեղի ունենալու էր: Քանի որ պատմությունը «եթե»-ներով չի շարժվում, ծայրագույն դեպքում կարելի է ասել՝ ամենայն հավանականությամբ տեղի ունենալու էր:
- Թուրքիայի պաշտոնական նառատիվը (որի ջրաղացին, ցավոք, ջուր են ավելացնում նաեւ հայկական որոշ շրջանակներ) անաչառ քննության չի դիմանում:
Ճիշտ է, սկսած 1878թ.-ից հայության ներսում գնալով ուժեղացավ իրենց փրկությունը եվրոպական երկրների միջամտությունից ակնկալելու հակվածությունը, ու դրան զուգահեռ, 1890-1908թթ. տարիներին հայերն ապստամբեցին կենտրոնական իշխանության և նրա տեղական կամակատարների դեմ:
Այս իրողությունները կարող են ներկայացվել հայերի՝ Իստամբուլի կողմից «անվստահելի» համարվելու արդարացված պատճառ:
Բայց ո’չ մինչեւ 1914-15թթ., ո’չ էլ այդ տարիներին արեւմտյան Հայաստանի և Անատոլիայի հայերի ջախջախիչ մեծամասնությունը ներգրավված չի եղել օսմանյան կենտրոնական կամ տեղական իշխանությունների դեմ ապստամբական արարքներին կամ շարժումներին: Չնայած դրան, թե’ 1890թթ.-ի զանգվածային ջարդերը և թե’ 1915թ.-ի Ցեղասպանությունը ընդգրկել են անխտիր բոլոր հայերին, ոչ միայն «անվստահելիներին»: Նույնիսկ 1909թ.-ին, երբ հայկական զինյալ գործունեության վերջ էր տրվել, և երբ դեռեւս լրիվ ձեւավորված չէին 1913-15թթ.-ի թուրքական ցեղասպանական ծրագրերը, տեղի ունեցավ Ադանայի ջարդը:
Հայերի Ցեղասպանության ծրագրային «էթնիկ ինժեներիան» մշակվել է 1913թ.-ին, երբ Ա Համաշխարհային պատերազմը դեռ չէր սկսվել և հայերի «դավաճանության» պատրվակ գոյություն չուներ: 1908-14 տարիներին հայերը օսմանյան պետության նկատմամբ անհավատարմության ոչ մի առիթ չէին դրսեւորել:
Ցեղասպանության իսկական պատճառը հետեւյալն էր: Օսմանյան պետության գոյութենական ճգնաժամի պայմաններում, 1908թ.-ից հետո որդեգրված «թուրքական պետության» ստեղծման գաղափարում, ոչ-թուրքական տարրերը պետք է կամ ձուլվեին, կամ վերացվեին։ Այս ծրագրում հայերի նկատմամբ «անվստահությունը» լավագույն դեպքում երկրորդական էր: Խնդիրը հենց իրենց առկայությունն էր՝ որպես ոչ մուսուլման, ոչ թուրք զանգված։ Ցեղասպանությունը նպատակ ուներ ոչ թե պատժելու ապստամբին, այլ վերափոխելու պետության ժողովրդագրությունը։
Չմոռանանք, որ 1915թ.-ին տեղի ունեցավ ոչ միայն հայերի, այլ նաեւ ասորիների ցեղասպանություն, որոնք «անհավատարիմ» լինելու պատրվակներ չէին հրամցրել:
Հայերի վարքագիծը կարող էր ազդել պատրվակների և ժամանակացույցի վրա, բայց ոչ ծրագրի էության վրա։
Գիտական բոլոր լուրջ ուսումնասիրությունները, ներառյալ թուրք անաչառ պատմաբանների, հաստատում են այս փաստերը:
- Պանթուրքիզմը Օսմանյան պետության փլուզումով և Երիտթուրքերի պարտությամբ չավարտվեց: Թեեւ Մուսթաֆա Քեմալը առաջնորդվում էր հնարավորը փրկելու, այլ ոչ՝ կայսրությունը վերականգնելու ծրագրով, Քեմալական շարժումն ամեն ինչ ի գործ դրեց՝ պանթուրքիզմի ապագա իրագործման հիմքերը հաստատելու ուղղությամբ: Նա աջակցեց մուսավաթական Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, հարձակվեց վերջինի վրա և բոլշեւիկյան Ռուսաստանի հետ իր բանակցություններում ապահովեց Նախիջեւանի և Ղարաբաղի հանձնումը խորհրդային Ադրբեջանին: Չիրականացավ միայն Զանգեզուր-Սյունիքի հանձնումը: Քեմալական-բոլշեւիկյան բանակցությունների նախնական փուլում նախատեսվում էր Սուրմալուի շրջանի (ներառյալ Մեծ Մասիս) պատկանելիությունը խորհրդային Հայաստանին, իսկ Բաթումինը՝ Թուրքիային: Բայց 1921թ. մարտի 16-ի պայմանագրով Բաթումին հանձնվեց Վրաստանին, իսկ Սուրմալուն հանձնվեց Թուրքիային: Այդպիսով՝ Թուրքիայի սահմաններն ավելի մոտեցան Նախիջեւանին: 1932թ.-ին Իրանի հետ տարածքների փոխանակման արդյունքում Թուրքիան ստացավ փոքր Մասիսն ու շրջակա տարածքը և արդեն դարձավ Նախիջեւանի սահմանակից: Ետ-Ա Համաշխարհային պատերազմ հաստատված համաշխարհային դասավորությունը ժամանակավորապես դադարեցրեց պանթուրքիստական ծրագրի իրականացումը, բայց Թուրքիա-Նախիջեւան աշխարհագրական սահմանի հաստատումով արդեն ստեղծվել էին դրա հետագա հետապնդման նախադրյալները: Մնում էր սպասել նպաստավոր պահի վերադարձին:
- Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանն իր հնարավորությունների սահմաններում շարունակեց պանթուրքիստական ծրագրին համահունչ ազգայնական քաղաքականությունը: Նախիջեւանն ամբողջությամբ հայաթափվեց: Լեռնային Ղարաբաղում վարվեց հակահայկական քաղաքականություն և հայ բնակչության համամասնությունը 95%-ից նվազեց 75%-ի: Խորհրդային Ադրբեջանի երկարատեւ ղեկավար և ԽՍՀՄ Կոմկուսի Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւն անձնապես է վկայել, որ ինքը հետեւողական աշխատանք է տարել Ղարաբաղում ադրբեջանական բնակչության թիվն ավելացնելու ու հայկականինը պակասեցնելու, տարածքը կլանելու նպատակով:
- ԽՍՀՄ-ի փլուզումով պանթուրքիզմը նորից կենդանանալու հնարավորություն ստացավ: Հայաստանը նորից հայտնվեց թիրախի կարգավիճակում:
- 1990թ-ի սկզբներից Թուրքիան վերակենդանացրեց իր պանթուրքիստական նկրտումները: 1993թ-ին նախագահ Թուրգուտ Օզալն սպառնաց ռմբակոծել Երեւանը: 1992 և 1993թթ-ին, նախկին վարչապետ Բյուլենտ Էջեւիտն ու նախագահ Սուլեյման Դեմիրելը Սյունիքն ու Հայաստանն անվանեցին «թուրքական աշխարհից պոկված համեղ պատառ» և «թուրքական մարմնի մեջ խրված սեպ»: Էջեւիտը նախ առաջարկեց Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի շրջանների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, ապա կոչ արեց օդուժի հարվածներով միջանցք բացել Նախիջեւանի և Ադրբեջանի միջեւ: Հնարավոր չէ Թուրքիայի կողմից դեռ 1990թթ.-ի սկզբներից պանթուրքիստական նկրտումներ ունենալու, և դրա՝ Հայաստանին գոյութենական սպառնալիք ներկայացնելու իրողության կապակցությամբ ավելի համոզիչ ապացույց ունենալ, քան, նույնիսկ իրենց համար Լեռնային Ղարաբաղի կորստի գնով, Մեղրիի շրջանի զավթման հետապնդումը:
Մի կողմից պատերազմի դաշտում հայկական կողմի տարած հաղթանակները, ու մյուս կողմից՝ Թուրքիայի, դեռեւս բավարար հզորություն և համաշխարհային ու տարածաշրջանային այդ ժամանակվա դասավորությունը խախտելու ունակություն ձեռք բերած չլինելու, և այդ դասավորության դեռեւս համեմատաբար կայուն լինելու իրողությունները կասեցրին 1990թթ.-ին թուրքական այդ նպատակների իրագործումը:
- Անցնող տասնամյակներում Թուրքիան հետզհետե ձեռք է բերել տպավորիչ հզորություն և դարձել տարածաշրջանային գերուժ: Անցնող երկու տասնամյակներում, միաբեւեռ աշխարհի վախճանի և համաշխարհային միահեծան հեգեմոն ուժի բացակայության պայմաններում՝ տարածաշրջանային հեգեմոնության ձգտող երկրների շարքում Թուրքիան դրսեւորում է ամենահարձակողապաշտ և ծավալողապաշտ վարքագիծը: Նա ծավալվել և հարձակողապաշտ քաղաքականություն է վարել հարավի՝ Սիրիայի և Իրաքի, Միջերկրական և Էգեական ծովերի ուղղությամբ, «փափուկ ուժի» քաղաքականություն է վարում Վրաստանում և Բալկաններում, ամրապնդում է իր դիրքերը Սեւ Ծովում, չթաքցնելով քողարկված հավակնությունները Ղրիմում, ռազմականապես ակտիվ միջամտել է Լիբիայում, ռազմաբազաներ է տեղադրել Քատարում և արեւելյան Աֆրիկայում: Իսկ 2020թ-ից բացահայտ հարձակողապաշտությամբ նա գրոհի է անցել դեպի արեւելք՝ այսրկովկաս և ոչ միայն: Նա գնալով ավելի միս ու արյուն է տալիս պանթուրքիստական ծրագրին, «թուրքական աշխարհի» ձեւավորման հաստատութենական և գործնական ծրագրերին, և մինչեւ անգամ չի թաքցնում իր հեռակա ախորժակները Ռուսաստանի թուրքալեզու շրջանների նկատմամբ:
Նույն ընթացքում հզորություն է ձեռք բերել նաեւ Ադրբեջանն ու այդ հզորության մի զգալի մասը ծառայեցրել Արցախը զավթելու և Հայաստանը ծնկի բերելու նպատակին:
- Հնարավոր է առաջ բերվի պնդում, որ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետություններն ու դրանց ղեկավարները, և նույնիսկ Ադրբեջանը, նախանձախնդիր են իրենց անկախության ու վերնախավերի ձեռք բերած իշխանության ու աննկարագրելի նյութական առավելությունների պահպանման, և չեն ցանկանա զիջել դրանք, ու հետեւաբար պանթուրքիստական ծրագրի հաջողության հնարավորություններն այդքան էլ մեծ չեն: Սակայն պետք է իմանալ, թե ժամանակակից պանթուրքիզմը, առնվազն ներկա փուլում, չի ձգտում միասնական թյուրքական պետության ստեղծման, այլ, Թուրքիայի ղեկավարությամբ թյուրքական աշխարհի ստեղծման: Բայց մեզ համար ավելի էականը հետեւյալն է: Մեզ համար նշանակություն չունի, թե պանթուրքիստական ծրագիրը Կենտրոնական Ասիայում հաջողության կհասնի՞ թե ոչ (չնայած՝ հասնելու հավանականությունը մեծ է):Մեզ համար էականն այն է, որ մեր տարածաշրջանում այն արդեն ընթացքի մեջ է, և դրա գլխավոր թիրախը մենք ենք:
- Մինչ Թուրքիան ու Ադրբեջանը հզորանում էին, Հայաստանն այդ ընթացքում ոչ միայն աշխատանք չի տարել վերակենդանացած պանթուրքիզմի նկատմամբ դիմադրողունակություն ձեռք բերելու ուղղությամբ, այլ իրար հաջորդ իշխանություններն ու քաղաքա-տնտեսական վերնախավերը Հայաստանում, նաեւ Արցախում ստեղծել են փտած համակարգ ու խորացրել այն, ստեղծել ու խորացրել են պլուտոկրատական և օլիգարխիկ համակարգ, կոռուպցիա, թալանել հանրային ունեցվածքը, խորացրել սոցիալական և իրավական անարդարությունը, հաստատել ռեպրեսիվ մթնոլորտ և պրակտիկա, հաստատել ավտորիտար, երբեմն նույնիսկ բռնապետական համակարգ եւ այլն: Հոռիագույն այս երեւույթները տիրապետել են նաեւ զինված ուժերի ներսում: Այս ամենի հետեւանքով բնակչության ներսում խորացել է բարոյահոգեբանական անկումային մթնոլորտը և տեղի ունեցել անասելի մակարդակի արտագաղթ: Այս բոլորի արդյունքում իշխանությունները ներսում բացակայող իրենց լեգիտիմությունը փնտրել են դրսում, ընդ որում մեկ ուղղությամբ, և խորացրել երկրի կախվածությունը բոլոր (ու առաջին հերթին ռազմական) ոլորտներում: Իսկական և լուրջ աշխատանք չի տարվել արտաքին իսկապես բազմակողմանի հարաբերություններ մշակելու ու այդ միջոցով ոչ միայն դիվանագիտական, այլեւ պաշտպանական ոլորտում ձեռքբերումներ արձանագրելու:
Այս բոլորից հետո՝ 2020թ.-ը, 2023թ.-ը և ներկա վիճակը երաշխավորված էին:
Կարելի է հակադարձել, ասելով թե նույն ընթացքում Ադրբեջանում և նույնիսկ Թուրքիայում ներքին իրավիճակը պակաս կոռումպացված և այլանդակ չի եղել, ընդհակառակը: Բայց այդ երկու երկրները գտնվել են անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններում, և նրանք կարող էին իրենց նման զեղումներ թույլ տալ, առանց վտանգելու պետականությունը, մինչդեռ նույն պահվածքը Հայաստանին հակացուցված է եղել ի սկզբանե: Եվ ապա, այդ այլանդակություններով հանդերձ, նրանք հետեւողականորեն հետամուտ են եղել պանթուրքիստական ծրագրի իրականացմանը, մինչդեռ Հայաստանը դրանից պաշտպանվելու համար հանցավոր անգործություն է ցուցաբերել:
- Ներկայումս պանթուրքիզմը հասել է Սյունիքի զավթման միջոցով Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան աշխարհագրական ուղիղ կապն իրականացնելու փուլին: Ուժերի հավասարակշռությունն այնքան է խախտված, որ նրանք փորձում են այդ նպատակն իրականացնել արդեն առանց ռազմական գործողությունների, սպառնալիքների և ճնշումների միջոցով: Հաջողության դեպքում, նրանց համար անհամեմատ ավելի հեշտ կլինի նույնպես առանց ռազմական միջոցների իրականացնել իրենց մյուս նպատակները, «Արեւմտյան Ադրբեջանը», Հայաստանի ապառազմականացումը, 150 միլիարդ դոլար «վնասուց հատուցման» պարտադրանքը եւ այլն: Դրանք կնշանակեն Հայաստանի մահը:
- «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական նպատակ է, այլ՝ առաջին հերթին ռազմավարա-աշխարհագրական: Այս իրողությունը ակնհայտ է շատ-շատերին, բայց ոմանք համառում են գիտակցաբար անտեսել այն: Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ունեն Արաքս գետի մյուս կողմով, Իրանով անցնող հաղորդուղի: Դա ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով է երկարացնում ճանապարհը, ինչն արեւելք-արեւմուտք ամբողջական ուղիի առումով փոքր նշանակություն ունի: Միայն այս հանգամանքը բավարար է համոզվելու, որ «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը առաջին հերթին տարածքային է և ռազմավարա-աշխարհագրական, ոչ տնտեսական: Նույն եզրակացության կարող են հանգել, երբ ծանոթանանք «միջանցքի» կամ TRIPP-ի թողունակությանը*:
Նրանք այս ճշմարտությունը չեն էլ թաքցնում: Թուրքիայի տրանսպորտի նախարար
Աբդուլքադիր Ուրալօղլուն օգոստոսի վերջերին հայտարարել է. «Մենք
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գիծը դիտարկում ենք ոչ միայն
որպես տրանսպորտային գիծ, այլեւ որպես ռազմավարական ներդրում, որը կփոխի
տարածաշրջանի ճակատագիրը [ընդգծումները՝ մերը]»: Նա ավելացնում է. «30-ամյա
կանխատեսմամբ՝ նախագիծը (3.6 միլիարդ դոլարի համարժեք) շահույթ կապահովի»:
Պատկերացրեք, 30 տարվա ընթացքում 3,6 միլիարդ դոլար շահույթ՝ 2024թ-ին 1,32
տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցած երկրի համար:
- «Հայաստանի մահը» թույլ չտալու միակ միջոցը Սյունիքի արեւելք-արեւմուտք ենթադրաբար բացվելիք ճանապարհի վրա Հայաստանի գերիշխանության բացարձակ պահպանումն է: Դրան զուգահեռ ու դրանից հետո եւս Հայաստանը պարտավոր է, վերջապես մշակել պանթուրքիզմի սպառնալիքի գիտակցության հենքի վրա՝ դրա նկատմամբ դիմադրողունակություն ձեռք բերելու համալիր ռազմավարական ծրագիր, և իր ու սփյուռքի ամբողջ ուժերի ամբողջական լարումով իրականացնել այն:
- Կարող է հարց առաջանալ: Եթե պանթուրքիզմը ավելի քան մեկդարյա նպատակասլաց ծրագիր է, եթե 20-րդ դարի սկզբին հայության կողմից ո’չ մի ընտրանք, հեղափոխական թե պահպանողական, չի կարողացել և չէր կարողանալու Ցեղասպանությունը կանխել, և եթե ետ-1990թթ. վերակենդանացած պանթուրքական ծրագիրը եւս ոչինչ չի կորցրել իր նպատակասլացությունից, ու նրա իրականացման ձգտողներն այսքան ուժեղ են, ապա ո՞րն է երաշխիքը, որ Հայաստանն ու հայությունն այս անգամ, ի տարբերություն 1915թ.-ի, կկարողանան դառնալ դիմադրողունակ: Պատասխան. թեեւ 100%-անոց երաշխիք գոյություն չունի, բայց սկզբունքային, խորքային, էական տարբերությունը կայանում է դրանում, որ հայերն այն ժամանակ չունեին պետություն, Օսմանյան պետության հպատակներ էին, մինչդեռ այսօր չնայած բոլոր կորուստներին և սահմանափակումներին, դեռեւս գոյություն ունի Հայաստան կոչվող պետությունը, որը, թեեւ թույլ է, այնուամենայնիվ ունի բազմաթիվ լծակներ, որոնցից զուրկ էր կայսրության հպատակ միլլեթը: Անհրաժեշտ է հենվել այդ փոքր հնարավորության վրա և փորձել բազմացնել ու հզորացնել դրանք: Այլընտրանք պարզապես չունենք:
*Բազմաթիվ աղբյուրների վրա հիմնվելով, Chat GPT-ն տալիս է հետեւյալ պատկերը:
Ցամաքային տրանսպորտը զբաղեցնում է արեւելք-արեւմուտք ամբողջական առեւտրի 15%-ը (մնացածը՝ համարյա ամբողջությամբ ծովային):
«Միջին միջանցքը» «հարավային Կովկասով անցնող առեւտրային հաղորդուղիներ» կարճաժամկետ փուլում կարող է զբաղեցնել ամբողջ ցամաքային տրանսպորտի 5–10%-ը:
Ամբողջովին հագեցած լինելու պարագայում Սյունիքի ճանապարհը կկարողանա սպասարկել արեւելք-արեւմուտք ամբողջ ցամաքային առեւտրի 3–8%-ը, ինչը կհամապատասխանի ամբողջականի (ներառյալ ծովայինը» միայն 0.45–1.2%-ին:
Վրաստանի Փոթիի նավահանգստի հնարավորությունների ընթացող խոշորացման արդյունքում «Միջին միջանցքի» տրանսպորտը զգալի չափով կուղղվի դեպի այդ նավահանգիստ, և դեպի Թուրքիա ցամաքային, ներառյալ Սյունիքի ճանապարհով տրանսպորտը համապատասխանաբար զգալիորեն կպակասի:
Արեւելք-արեւմուտք ամբողջ ցամաքային տրանսպորտում Սյունիքի մասնաբաժինը կիջնի 1–2%-ի, գուցե և ավելի ցածր, իսկ ամբողջականում՝ մոտավորապես 0.15–0.4%-ի:
Իսկ եթե Վրաստանի Անակլիայի խորունկ նավահանգիստը կառուցվի ու սկսի գործել, ապա արեւելք-արեւմուտք ցամաքային առեւտրի շատ մեծ համամասնություն կանցնի «Միջին միջանցքով», բայց ոչ Թուրքիայով, ու հետեւաբար Սյունիքով, այլ նույն ինքն Անակլիաով: Դա ավելի եւս կխեղճացնի Սյունիքով անցնող ճանապարհի նշանակությունը:
Այս բոլորը, եզրակացնելու համար, որ առեւտրային և տնտեսական այն նշանակությունը, որ փորձվում է տալ «Զանգեզուրի միջանցքին», մեծ մասամբ արհեստական է, և դրա իսկական նշանակությունը ռազմավարական է, առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի, բայց նաեւ Ռուսաստանի ու Արեւմուտքի համար:
Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆ